Մատչելի հղումներ

՝՝Իսրայելը պաշտպանվելու իրավունք ունի.՛՛ ասում է Բուշը։


Մերձավոր Արեւելքում Իսրայելի Լիբանան եւ պաղեստինյան տարածքներ հարձակումներով պայմանավորված շարունակվող լարվածության առնչությամբ ԱՄՆ նախագահ Բուշը նշել է, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի՝ միաժամանակ Իսրայելին կոչ անելով զերծ մնալ Լիբանանի կառավարությանը սպառնացող որեւէ գործողությունից։

Իսրայելը շարունակում է թիրախային հարձակումները Լիբանանում՝ չորեքշաբթի օրը Հեզբոլլայի մարտիկների կողմից առեւանգված երկու իսրայելցի զինվորների ազատման նպատակով ծավալած զինվորական գործողությունների շրջանակում։ Ռուսաստանը եւ Ֆրանսիան դատապարտել են Ւրայելի գործողությունները՝ դրանք համարելով Մերձավոր Արեւելքի հակամարտության վտանգավոր սրում։

Սակայն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Իսրայելին իր աջակցությունն է հայտնել.

՝՝Իսրայելն ինքնապաշտպանման իրավունք ունի։ Յուրաքանչյուր պետություն պետք է պաշտպանվի ահաբեկչական հարձակումներից եւ անմեղ զոհեր տալուց։ Դա 21-րդ դարի իրականության անհրաժետշտ մաս է կազմում։՛՛

Այնուհանդերձ, նա Իսրայելին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ որեւէ գործողությունից, որը կթուլացնի Լիբանանի վարչապետ Ֆուադ Սենյուրայի կառավարությունը.

՝՝Մենք մտահոգված ենք Լիբանանի դյուրաբեկ ժողովրդավարությամբ։ Միավորված ազգերի կազմակերպության եւ այլ գործընկերների միջոցով շատ ջանք ենք գործադրել Լիբանանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ։՛՛

Բացի Լիբանանից, Իսրայելը ռազմական գործողություններ է ծավալել նաեւ Գազայի գոտում՝ անցյալ ամիս պաղեստինցի մարտիկների կողմից առեւանգված իսրայելցի զինվորին ազատագրելու նպատակով։

Նախկինում Իսրայելում ԱՄՆ դեսպան Մարտին Ինդիկի կարծիքով, Իսրայելի՝ երկու ճակատով պատերազմելու պայմաններում իրավիճակը կարող է շատ արագ անկառավարելի դառնալ.

՝՝Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս իրավիճակը լուծվել առանց միջազգային հանրության ներգրավման։՛՛

Շատ փորձագետներ հավատացած են, որ հատկապես տարածաշրջանի մեծ մասի ներգրավումն է այս իրավիճակը դարձնում վտանգավոր։ Սիրիան եւ Իրանը մեծապես աջակցում են Հեզբոլային՝ երկուսն էլ լինելով Իսրայելի ոխերիմ թշնամիները։ Լոնդոնում գործող Մերձավոր Արեւելքի գծով վերլուծաբան Հադիմ Շեհադին նշում է.

՝՝Բոլոր քարտերը Իրանի եւ Սիրիայի ձեռքում են։ Սակայն միեւնույն ժամանակ բռնությունները կարող են անկառավարելի դառնալ։ Իսկ դա ոչ մեկի շահերից չի ելնում։ Լիբանանը վաղուց հակամարտությունների մեջտեղում է հայտնվել։՛՛

Պրն. Բուշը Սիրիայի նախագահ Բահշար ալ Ահսադին խաղաղությանն ուղղված քայլեր առաջնորդելու կոչ է արել։ Միաժամանակ, լարվածությունը շարունակվում է սրվել առանց խնդրի լուծման որեւէ նշույլի։
XS
SM
MD
LG