Մատչելի հղումներ

Ընթացքում է ՆԱՏՕ-ի ուժերի ընդլայնումը Աֆղանստանում


ՆԱՏՈ-ի ուժերը նախապատրաստվում են Թալեբանի դեմ պայքարին Հարավային Աֆղանստանի Քանդահար շրջանում, որտեղ վերջին շաբաթներին Թալեբանը կենտրոնացրել է իր գործունեությունը։ ՆԱՏՈ-ի համընդհանուր ուժերի հրամանատար Գեներալ Ջեյմս Ջոունսի համաձայն՝ Թալեբանի ղեկավարները տեղյակ են, որ ՆԱՏՈ-ն մեծ թվով զինամիավորումներ է ուղարկում այդ շրջան.

՝՝Իհարկե խելացի թշնամին հասկանում է, թե ինչ է կատարվելու։ Նրանք կատարել են իրենց հաշվարկումները եւ այժմ պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ։ Կարծում եմ նրանք գիտակցել են, որ առջեւում շատ ավելի դժվար ամիսներ են սպասվում։՛՛

Հուլիսի սկզբից սկսած ՆԱՏՈ-ի ուժերը պատրաստվում են ստանձնել երկրի հարավային մասի անվտանգության եւ զարգացման վերահսկումը։ Այնուհետեւ նախատեսվում է ուժերի ընդլայնումը դեպի երկրի արեւելյան շրջաններ։ ՆԱՏՈ-ն կտեղակայի շուրջ երեսուն հազար զինամիավորներ՝ այդպիսով կրկնապատկելով երկրում ներկա արտասահմանյան զինամիավորումների թիվը։ ԱՄՆ զորքերը նույնպես կգործեն ՆԱՏՈ-ի հրամանատարության ներքո։ Աֆղանստանում ՆԱՏՈ-ի ուժերի հրամանատար Լեյտենանտ Գեներալ Դեյվիդ Ռիչարդսը նշում է, որ մարդիկ հոգեբանական առավելություն կունենան. այսինքն՝ օրինակ երբ Թալեբանի մարտիկները կփորձեն գրավել հարավի գյուղերը, բնակիչները խիզախությամբ կարող են հայտարարել իրենց նախընտրությունը, այն է՝ շրջանի անվտանգությունն ու զարգացումը։

ՆԱՏՈ-ի հիմնական նպատակն է շրջաններում անվտանգության գոտիներ ստեղծել, որոնք հնարավոր կդարձնեն կարեւոր ճանապարհների եւ սահմանային կետերի վերահսկումը։ Հարավային շրջանային հրամանատարության աշխատակազմի ղեկավար Գնդապետ Քրիս Վերնոնի կարծիքով, անվտանգությունը վճռական է ՆԱՏՈ-ի կարեւորագույն նպատակի՝ զարգացման համար, քանի որ զարգացումը հնարավոր է միայն համապատասխան անվտանգ մթնոլորտում, ինչը դեռեւս ապահովված չէ։

Միացյալ Նահանգները սահմանափակ թվով շրջանային վերակառուցման խմբեր է տեղակայել երկրի գյուղական շրջաններում։ Յուրաքանչյուր խումբ կազմված է ռազմական դիվանագիտական եւ զարգացման գործակալություն ներկայացնող աշխատակազմից։ Գյուղապետերի հետ համագործակցելով՝ նրանք բարելավում են ենթակառուցվածքները, գյուղատնտեսական տեխնիկան եւ կառավարման գործընթացները։ Գեներալ Ռիչարդսը տեղեկացնում է, որ ՆԱՏՈ-ն պատրաստվում է ավելի մեծ թվով նման խմբեր տեղակայել՝ շարունակելով ԱՄՆ խմբերի հաջողությունը։

Գեներալը նշում է, որ Հելման շրջանում 100 հոգի կազմով շատ փորձառու խումբ է գործում Միացյալ Նահանգներից, որին հաջողվել է մեծ փոփոխություններ իրականացնել։ Իսկ այժմ Մեծ Բրիտանիան երկու հազար հինգ հարյուր զինամիավոր է հատկացրել եւ առավել ընդգրկուն միջկառավարական համագործակցություն է ծավալել այդ նույն շրջանում։

Վերլուծաբանների մեծ մասի կարծիքով զինամիավորների թվի աճը դրական ազդեցություն կունենա Թալեբանի դեմ մղած պայքարում։ Սակայն հանգստի անցած գեներալ Ուիլիամ Նեշը նաեւ նշում է, որ ՆԱՏՈ-ին անկասկած դժվարություններ էլ են սպասվում Աֆղանստանում.

՝՝Մտահոգության տեղիք են տալիս հատկապես այն տարածքները, որտեղ Թալեբանն ամենայն հավանականությամբ կկենտրոնացնի իր գործողությունները։՛՛

Անցյալ ամսվա ընթացքում Թալեբանի գործողությունների աճի հանգամանքներում ՆԱՏՈ-ի պայքարելու պատրաստակամությունը ոմանք կասկածի են ենթարկել։ Սակայն Հոլանդական Ապաչի ուղղաթիռային ավիաջոկատի հրամանատար Լեյտենանտ Գնդապետ Քովշ Դուինովը տեղեկացնում է, որ իր մարտիկները լավ պատրաստված են եւ բազմաթիվ նման գործողությունների են մասնակցել աշխարհի տարբեր մասերում։

Գեներալ Ջոունսի կարծիքով հատկանշական է, որ ի տարբերություն ՆԱՏՈ-ի նախկին զինգործողությունների մասնակից բոլոր պետությունները առանց որեւէ վերապահման համաձայնել են գործել միեւնույն կանոնակարգի ներքո։ ՆԱՏՈ-ի պաշտոնյաները նաեւ զգուշացնում են, որ Աֆղանստանում խաղաղության հաստատումը տարիներ պահանջող խնդիր է։

XS
SM
MD
LG