Մատչելի հղումներ

Աֆղանստան. Թալեբանը ջանում է վերադառնալ


Հարավային Աֆղանստանում դաշնային 11 հազար հաշվվող մի զինուժ խոշոր հարձակում է ձեռնարկել, վերահամախմբված Թալեբանի մարտիկների թաքստոցները վերացնելու համար։

Ռազմական գործողությունում, որը կոչվում է ՚՚Լեռնային հարձակում՚՚, ընդգրկված են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ Աֆղանստանի զինուժեր, որի նպատակը Թալեբանի մարտիկների դեմ հարձակում գործելն է հարավային չորս գավառներում։ Դաշնային զինուժի խոսնակ, գնդապետ Թոմ Քոլինզն այս մասին ասում է.

՚՚Դաշնային եւ Աֆղանստանի ազգային անվտանգության զինուժերը ՚՚Լեռնային հարձակում՚՚ ռազմական գործողությունը կիրականացնեն հաջորդ մի քանի ամսների ընթացքում։ Այս գործողությամբ Թալեբան ծայրահեղականների դեմ հարձակումներ կկատարվեն այն շրջաններում, որտեղից նրանք գործում են՚՚։

Թալեբան մարտիկները վերջին ամիսներին սկսել են գործել հարձակումներ եւ անձնասպան ռմբահարումներ։ Ահաբեկչության հարցերով փորձագետ Փիթր Բերգենն ասում է, որ Թալեբանն ընդօրինակում է Իրաքի ապստամբների մարտավարությունը, որի շնորհիվ մեծ վնասներ է հասցնում.

՚՚Ցանկացած չափանիշներով Թալեբանն անախորժություն լինելուց ավելին է։ Նրանք սպանում են, իրագործում են անձնասպան ռմբահարումներ՝ որի հետեւանքով զոհվում են մեծ թվով անձինք, նրանք Աֆղանստանի հարավային տարածքը դարձրել են անանցանելի օտարերկրացիների, բարեգործական ու վերակառուցող խմբերի համար՚՚։

Որոշ փորձագետների համաձայն, Աֆղանստանում կակաչների աճեցումը բարգավաճում է, որից ստացվող հաշիշի վաճառքով ֆինանսավորում են Թալեբանին՝ նրա համար նոր մարտիկներ հավաքագրելու նպատակով։ Այնուամենայնիվ, անձնասպան ու ճանապարհներին ռմբահարումները փաստորեն Թալեբանի թուլության նշաններերն են, ասում է Աֆղանստանում ամերիկյան բանակի խոսնակ Բրադ Քուփըրը.

՚՚Նրանք գործում են փոքրիկ հատվածներում, ավելացել են ճանապարհներին եւ անձնասպան ռմբահարումները, քանի որ դա պատերազմելու դյուրին միջոց է նրանց համար։ Դա ավելի դժվար է մեզ համար, սակայն Թալեբանը չի կարողանա ներգործել երկրի կառավարության վրա ու նաեւ չի կարողանա հաջողության հասնել Միացյալ Նահանգների ու դաշնային զինուժերի դեմ՚՚։

Մինչ Աֆղանստանում Թալեբանը վերստին սկսել է գործել, Միացյալ Նահանգների բանակը ՆԱՏՕ-ին է հանձնում ռազմական գործողությունները Աֆղանստանի հարավում։ Ամերիկյան բանակի խոսնակները վստահ են, որ ՆԱՏՕ-ի զինուժը, որը հիմնականում բաղկացած է Կանադայի, Բրիտանիայի եւ Հոլանդիայի զինուժերից, կլինի նույնքան արդյունավետ, որքան Միացյալ Նահանգների զինուժն է։

Սակայն որոշ թվով փորձագետների կարծիքով, ինչպես օրինակ Դենիս Քուքսն է, ամերիկյան զինուժի թվաքանակը կտրուկ նվազեցնելն այժմ սխալ է.

՚՚Մինչ դա կլինի միջազգային զինուժ, ամերիկյան զինուժն է համարվում գլխավոր տարրը։ Եւ ամերիկացի զինվորների թիվը 20 հազարից երեք հազարի նվազեցնելը ազդանշան է հղում, որ մենք կորցնում ենք մեր հետաքրքրությունը՚՚։

Սակայն Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը դիմակայում է այլ խնդիրներ Թալեբանից բացի. անցյալ ամիս Քաբուլում տեղի ունեցած խռովությունը, որը սկսվել էր Միացյալ Նահանգների զինվորների ընդգրկող ճանապարհա-տրանսպորտային աղետի հետեւանքով, հարաճուն դժգոհության նշան է, ասում է Փիթր Բերգենը.

՚՚Կարծում եմ, նախագահ Քարզայի կառավարության ամենամեծ խնդիրը երկարաժամկետ առումով ոչ թե Թալեբանն է, այլ աֆղանացիների շրջանում վրդովմունքը, ովքեր այն կարծիքին են, որ միջազային համայնքից եւ Աֆղանստանի կառավարությունից այն չեն ստանում, ինչը կարծում էին, թե պետք է ստանային՚՚։

Միաժամանակ, Աֆղանստանի հարավային շրջանում շարունակվում են հարձակումները։ Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանում առաջնորդվող դաշնային զինուժի պաշտոնատարները հայտնել են, թե Աֆղանստանի հարավային շրջանում զինվորական ուղեկցող մի ավտոշարասյան մերձակայքում պայթյունի հետեւանքով զոհվել է ռումինացի մի զինվոր, եւ վիրավորվել են չորս ուրիշներ։

XS
SM
MD
LG