Մատչելի հղումներ

Երիտասարդ մարզիկները ոգեշնչված են Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերով


Աշխարհի ֆուտբոլի առաջնության օրերին Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության հրավերով աշխարհի տարբեր երկրներից պատանի ֆուտբոլիստներ են ժամանել Միացյալ Նահանգներ։

Այս երիտասարդ մարզիկները եկել են աշխարհի տարբեր ծայրերից՝ Աֆրիկայից, Հարավային Ամերիկայից, Ասիայից, Մերձավոր Արեւելքից։ Նրանց բոլորին միավորել է սերը ֆուտբոլի հանդեպ։

Տասներեքից տասնութ տարեկան այս երիտասարդ մարզիկները երկու շաբաթ միասին կանցկացնեն ԱՄՆ կառավարության եւ Միացյալ Նահանգներում ֆուտբոլի խոշոր կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպված Աշխարհի առաջնության խաղերի նախաձեռնության շրջանակներում։ Դեյվիդ Թայալան ներկայացնում է ԱՄՆ ֆուտբոլի հիմնադրամը.

՝՝Ինչպես Գերմանիայում կազմակերպված Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի կարգախոսն է հորդորում, սա ընկերներ ձեռք բերելու հնարավորություն է։ Այսպիսով, սահմաններ չճանաչող համաշխարհային այս խաղը միավորել է ողջ աշխարհը։՛՛

Երիտասարդ մարզիկները մեկ շաբաթ Վաշինգտոնում են անցկացրել՝ ԱՄՆ-ում ֆուտբոլի առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով։ Այս նախաձեռնության ամենամեծ նպատակը Ֆուտբոլի դաշտում գերազանցության հասնելն է, սակայն կազմակերպիչներն ակնկալում են, որ մարզիկներն առավել կարեւոր դաս կքաղեն, այն է՝ ինչպես հաջողությունները սպորտում փոխանցել կյանքի մյուս բնագավառներին։ Սաշո Սիրովսկին Մերիլենդի համալսարանի ֆուտբոլի տղամարդկանց թիմի մարզիչն է. ՝՝Մեր հպարտությունը ոչ թե այն է, որ երբեք վայր չենք ընկնում, այլ որ ոտքի ենք կանգնում ցանկացած անկումից հետո։ Ահա ինչ է սպորտը սովորեցնում։ Սխալներիցդ ես դասեր քաղում։՛՛

Կյանքում բարձրունքների հասնելու համար Սիրովսկին մարզիկներին կոչ է անում ձգտել ինչպես սպորտային, այնպես էլ գիտական հաջողությունների։

Թիմային աշխատանքի, միջմշակութային փոխըմբռնման, հակամարտությունների հանգուցալուծման եւ այլ հասուն թեմաների շուրջ քննարկումների հետ մետկեղ մասնակիցները բազմաթիվ ընկերներ ձեռքբերելու եւ զվարճանալու հնարավորություն ունեին։ Ուզբեկստանից Աննան ասում է.

՝՝Ես շատ ընկերներ եմ ձեռք բերել, ի դեպ լավագույն ընկերներ։՛՛

՝՝Ես շատ բան այստեղ սովորեցի հատկապես ֆուտբոլի տեխնիկայի մասին։ Նաեւ շատ տարբեր մարդկանց հանդիպեցի... տարբեր մշակույթներից, տարբեր երկրներից,՛՛ավելացնում է Շամիլան Աֆղանստանից։

Խոսեն Բոլիվիայում է ապրում եւ անհամբերությամբ սպասում է, թե երբ բոլիվացի իր ընկերների հետ կկիսի այս հիշողությունը.

՝՝Ինձ համար ամենահիշատակվող իրադարձությունը նախագահի հետ հանդիպումն էր։՛՛

Այս պատանիներից շատերն առաջին անգամ են արտասահմանում։ Երիտասարդների մասնակցությամբ խաղաղարար միջոցառումներ նախաձեռնող Համաշխարհային ուսուցում կազմակերպության ներկայացուցիչ Սայմոն Նորթոնը հավատացած է, որ միասին ժամանակ անցկացնելով մարզիկները մեծ փորձառություն ձեռքբերեցին.

՝՝Սա շատ կարեւոր է միջմշակութային փոխըմբռնման տեսանկյունից։ Նրանցից շատերն առաջին անգամ հնարավորություն ունեն հանդիպելու օտարերկրացիների, ովքեր մեկ այլ մշակույթ ունեն, այլ կրոն են դավանում եւ այլ մաշկի գույն ունեն։՛՛

Զանազան այս միջոցառումներն իրենց ազդեցությունն են ունեցել մասնակիցների վրա։ Ուգանդացի Մեմորին հատկապես ազդվել է ծրագրի ընձեռած կյանքի դասերից եւ երիտասարդ մարզիկներին իր խորհուրդն է հղում.

՝՝Նրանք պետք է շարունակեն ֆուտբոլ խաղալ, սպորտով զբաղվել, քանի որ սպորտի շնորհիվ նրանք կարող են ամեն ինչի հասնել։՛՛

Իսկ ֆուտբոլի շնորհիվ երիտասարդ մարզիկները հնարավորություն կունենան անձամբ ներկա գտնվել Աշխարհի առաջնության խաղերից մեկին։

XS
SM
MD
LG