Մատչելի հղումներ

Նախագահ Բուշն անակնկալ այցով ժամանեց Բաղդադ


Իրաքի նոր կառավարությանը եւ ամերիկյան արտաքին քաղաքականությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով նախագահ Բուշը երեկ անակնկալ այցելություն կատարեց Իրաք։

Ըստ նախապես ծրագրվածի՝ նախագահ Բուշը վարչապետ Մալիկիի եւ նրա վարչակազմի նոր անդամների հետ տեսախորհրդակցություն պետք է ունենար Քեմփ Դեյվիդից։ Սակայն փոխարենը նա որոշեց Իրաք այցելել՝ Իրաքի ապագան առերես քննարկելու նպատակով.

՝՝Ես եկել եմ ոչ միայն առերես զրուցելու այլեւ Ձեզ հայտնելու, որ Ամերիկան իր խոստումի տերն է՝՝։

Վարչապետ Մալիկին կարեւոր մի այցելության մասին նախազգուշացում էր ստացել դրանից ընդամենը հինգ րոպե առաջ։

Նախագահ Բուշն Իրաք չէր այցելել 2ՕՕ3 թվականի Գոհաբանության օրվանից ի վեր։ Պրն. Բուշի վարչակազմն Իրաքի նոր կառավարության կազմավորումը բնութագրել է որպես կարեւոր առաջընթաց Իրաքի ժողովրդի համար։

"Ես տպավորված եմ Ձեր կերպարի հզորությամբ եւ հաջողության հասնելու Ձեր ցանկությամբ"։

Աբու Մուսաբ ալ-Զարքավիի սպանությունը մեծ հաղթանակ է նկատվում Իրաքի ապստամբների դեմ տարվող պայքարում։ Սակայն ալ-Քաիդան երկուշաբթի օրը Ինտերնետով հայտարարել է, որ Իրաքում արդեն ահաբեկչական գործողությունների նոր ղեկավար է նշանակել։

Իրաքում ԱՄՆ-ի գլխավոր հրամանատար գեներալ Ջորջ Քեյսին ամերիկյան Սի-Բի-Էս հեռուստակայանի մի ծրագրում կիրակի օրն ասել էր, որ Զարքավիի մահը չի նշանակում, որ ահաբեկչական հարձակումները կավարտվեն.

՝՝Մենք եւ Իրաքի անվտանգության ուժերն ու Իրաքի կառավարությունը ամեն ինչ կանենք Իրաքի ժողովրդին ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար։ Սակայն այդ պաշտպանությունը 1ՕՕ տոկոսով իրագործել հնարավոր չէ ՛՛։

Գեներալ Քեյսին կանխագուշակում է, որ եթե Իրաքի կառավարությունը առաջընթաց կատարի, հնարավոր կլինի ԱՄՆ-ի զինվալ ուժերի մի մասը Իրաքից դուրս բերել առաջիկա ամիսներին։

Իրաքի ազգային անվտանգության խորհրդատու Մովաֆակ ալ-Ռուբաին Սի-Էն-Էն հեռուստակայանին կիրակի օրը հայտնել է, թե ակնկալում է, որ դաշնակցային ուժերի մեծամասնությունը Իրաքից կհեռանա մինչեւ 2ՕՕ8 թվականի կեսերը։ Պրն. Ռուբաին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Իրաքում ներկա են եղել նախագահ Բուշի հետ Իրաքում տեղի ունեցած հանդիպմանը.

՝՝Մենք օգնության կարիք ունենք եւ այդ մասին պետք է քննարկենք ամերիկյան վարչակազմի հետ։ Հետեւաբար, հանդիպումը շատ կարեւոր է՝՝։

Պրն. Բուշն Իրաքում ամերիկյան զինվալ ուժերի կրճատման մասին որեւէ հայտարարություն չի արել, սակայն նշել է, որ այդ մասին որոշում կկայացնի Իրաքում ամերիկացի հրամանատարներից ստացած խորհրդի հիման վրա։

XS
SM
MD
LG