Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներն Իրանի հետ բանակցություններ կվարի, եթե...


Միացյալ Նահանգները հայտնել է, թե պատրաստ է անմիջական բանակցություններ վարել Թեհրանի հետ, եթե վերջինս դադարեցնի ուրան հարստացնելը։

Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը հնարավոր համարեց անմիջական բանակցություններ սկսել Իրանի հետ, եթե Թեհրանն առկախի ուրանի հարստացումը.

՚՚Դիվանագիտական լուծմանը մեր հանձնառությունն ընդգծելու եւ հաջողության հավանականությունը մեծացնելու նպատակով Միացյալ Նահանգներն ու Եվրամիության նրա գործընկերները կվերսկսեն բանակցություններն Իրանի ներկայացուցիչների հետ, երբ Թեհրանն ամբողջովին եւ որոշակիորեն առկախի ուրանի հարստացման ու վերամշակման գործընթացը՚՚։

Միջուկային զենքեր հետամտելու Իրանի ջանքը Կոնդիլիզա Ռայսն անվանել է միջազգային սպառնալիք։ Իրանը հայտնել է, թե իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակների համար է եւ պնդել է, թե ուրան հարստացնելու իրավունքն այդ գործընթացի մաս է կազմում.

՚՚Մենք այժմ հնարավորություն ունենք դադարեցնելու միջուկային ծրագրի հետագա կատարելագործման նրանց քայլերը կամ բանակցությունների միջոցով, որոնց կարող ենք մասնակցել, կամ էլ այն դադարեցնել իրանցիների վրա ավելի մեծ ճնշում գործադրելով՝ պատժամիջոցներ հաստատելով Անվտանգության խորհրդի միջոցով։ Սակայն ժամանակն է իմանալու, թե Իրանն արդյո՞ք լուրջ է բանակցությունների առնչությամբ, թե՞ ոչ՚՚։

Հստակ չէ, թե Անվտանգության խորհրդի մշտական անդամներից Ռուսաստանն ու Չինաստանն արդյո՞ք աջակցում են Իրանի նկատմամբ պատժամիջոցներին։ Բրիտանիայի արտաքին գործոց նախարար Մարգարեթ Բեկետն ու Եւրոպական մի քանի դաշնակիցներ ողջունել են Միացյալ Նահանգների հայտարարությունը։ Եւրոպական մի քանի երկրներ Բուշի վարչակազմին հորդորում են բանակցություններ սկսել Իրանի հետ։

1979 թվականից ի վեր, երբ Իրանի ծայրահեղականները գրավեցին ամերիկյան դեսպանատունն ու մի խումբ ամերիկացիների պատանդ պահեցին մեկ տարուց ավելի, Վաշինգտոնը դիվանագիտական հարաբերություններ չունի Իրանի հետ։ Սակայն Կոնդոլիզա Ռայսը բացառել է դիվանագիտական հարաբերությունները վերականգնելը, վկայակոչելով Իրանի հետ նաեւ մի քանի լուրջ այլ տարաձայնություններ։

Միաժամանակ, նախագահ Բուշը Ռվանդայի նախագահի հետ անցնող չորեքշաբթի հանդիպման ժամանակ վերստին հայտարարել է, որ կարեւոր է Իրանի հետ խնդիրը խաղաղ կերպով լուծելը, եւ Թեհրանի հետ բանակցություններ վարելու առաջարկն անվանել է ՚՚խելամիտ քաղաքականություն՚՚։

XS
SM
MD
LG