Մատչելի հղումներ

Իրանի կապերն  ահաբեկչական խմբերի հետ


Եվրոպական երկրները ցանկանում են Իրանին համոզել, որպեսզի վերջինս հրաժարվի ուրանի հարստացման իր ծրագրից։ Մյուս կողմից, Միացյալ Նահանգներն Իրանին դարձյալ մեղադրում է ահաբեկչական գործողություններ հովանավորելու մեջ։ Ամերիկյան որոշ փորձագետներ մտահոգված են, որ Իրանը կարող է պատասխանել ահաբեկչական հարձակումներ կազմակերպելով։

՚՚Հեզբոլա՚՚-ն Լիբանանում, ՚՚Ալ Աքսայի մարտիրոսների բրիգադ՚՚-ը պաղեստինյան տարածքում եւ Ալ Քաիդան, բոլորն էլ ահաբեկչական խմբեր են, որոնք կասկածվում են Իրանի հետ կապեր ունենալու մեջ։

Միացյալ Նահանգնրեի արտգործնախարարությունն Իրանի կառավարությանը մեղադրում է ահաբեկչական գործողություններ հովանավորելու մեջ։ Հենրի Քրամփթընը Միացյալ Նահանգների արտգործնախարարության հակա-ահաբեկչական պայքարի բաժնի պետն է.

՝՝2ՕՕ5 թվականին Իրանն ահաբեկչության ամենաեռանդուն հովանավորողն էր։ Իրանը խրախուսել է հակա-իսրայելյան գործողություններ թե՛ իր հայտարարություններով, եւ թե՛ ֆինանսապես։ Իրանը լիբանանյան ՚՚Հեզբոլա՚՚ եւ պաղեստինյան ահաբեկչական խմբերին տրամադրել է ծավալուն ֆինանսավորում, վարժեցումներ եւ զենքեր՝՝։

Իրանի ատոմային էներգիայի ծրագրերը ավելի են սրել լարվածությունը Վաշինգտոնի եւ Իրանի միջեւ։ Ամերիկյան մամուլը վերջերս ենթադրություններ է անում ամերիկյան կանխարգելիչ հարձակումների մասին, որոնք նախագահ Բուշի վարչակազմը չի հերքում։ ՚՚Հերիթիջ՚՚ հաստատության փորձագետ Ջեյմզ Փիլիպսի կարծիքով ամերիկյան հարձակմանը Իրանը կպատասխանի երկու ձեւով.

՝՝Առաջին հերթին, Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավթատար նավերի վրա հարձակումներ գործելով կբարձրացնի նավթի գները։ Երկրորդ, կարծում եմ Իրանը կծավալի իր օժանդակությունը միջազգային ահաբեկչությանը, եւ Իրաքում ու Աֆղանստանում ամերիկացիների դեմ իրագործվող հարձակումների հեղինակներին։ Կարծում եմ, որ լիբանանյան ՚՚Հեզբոլա՚՚ խումբը կվերսկսի իր հարձակումները ոչ միայն Իսրայելի՝ այլեւ ամերիկացիների դեմ ամբողջ աշխարհում՝՝։

Իրանի կողմից ֆինանսավորվող ՚՚Հեզբոլա՚-ն ստանձնել էր 1983 թվականին Բեյրութում ամերիկյան զորանոցների դեմ կատարված հարձակումների պատասխանատվությունը։ Իսկ Միացյալ Նահանգների համերկրային երդվյալների մի հանձնաժողով Իրանի հետ կապեր ունեցող ահաբեկչական մի այլ խմբի մեղադրել էր 1996 թվականին Սաուդյան Արաբիայի Խոբար քաղաքում ամերիկյան զորանոցի դեմ կատարված հարձակման մեջ։ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության գործակալության նախկին պաշտոնյա Վինս Քանիստրարոյի համաձայն, Իրանն այժմ պատսպարում է Ալ Քաիդայի որոշ անդամների.

՝՝Աֆղանստանի դեմ Միացյալ Նահանգների հարձակումից հետո, երբ Ալ Քաիդան փախավ Աֆղանստանից, դրա որոշ անդամներ մեկնեցին Իրան, որտեղ նրանցից շատերը բանտարկվեցին, իսկ մոտ 2ՕՕ անդամների վերադարձրեցին իրենց երկրները՝ Սաուդյան Արաբիա ու Եգիպտոս։ Դրանով հանդերձ Ալ Քաիդայի որոշ ավագ անդամներ դեռեւս մնում են Իրանում, անհայտ անձանց խնամակալության ներքո՝՝։

Նրանց թվում է Սաիֆ Ադելը, որն Ալ Քաիդայի ավագ անդամ է, եւ ենթադրվում է, որ 2ՕՕ3 թվականին ահաբեկչական հարձակում է ծրագրել Սաուդյան Արաբիայի դեմ։ Սակայն Մերձավոր Արեւելքի փորձագետներից Ջոն Քալաբրեզը չի կարծում, թե Իրանն Ալ Քաիդային կդիմի ԱՄՆ-ի դեմ հարձակումներ իրագործելու համար։

՝՝Իրանցիները լրտեսների խիստ զարգացած եւ արդյունավետ ցանց ունեն եւ չեմ կարծում, թե նրանք նման առաջադրանք կհանձնարարեն արտաքին աղբյուրների՝՝։

Իրանի եւ Ալ Քաիդայի միջեւ հարաբերություններն այժմ մշուշոտ են եւ ամերիկյան հետախուզության որոշ պաշտոնատարներ կասկածում են, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն Ալ Քաիդայի հետ դաշինք է կնքում Թեհրանի ազդեցության ոլորտն ընդլայնելու հույսով։

XS
SM
MD
LG