Մատչելի հղումներ

Քաղաքացիական եւ զինվորական հետախուզական գործակալությունների միջեւ հարաբերությունները


Կենտրոնական Հետախուզական գործակալության ղեկավարի պաշտոնում նախագահ Ջորջ Բուշի կողմից գեներալ Հեյդնի առաջադրվելը կոնգրեսում մտահոգություն է հարուցել քաղաքացիական այս գործակալությունում զինվորական վերահսկողության առնչությամբ։

Գրեթե ոչ-ոք չի վիճարկում հետախուզության հարցերով գեներալ Մայքլ Հեյդնի փորձագետի համարումը։ Նա ունի այդ բնագավառում քսան տարվա փորձառություն, որից վեցը ծառայել է Ազգային անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնում, որը զինվորական վերահսկողության ներքո մասնագիտանում է տեխնիկական լրտեսության մեջ։

Կենտրոնական հետախուզական գործակալությունը հիմնականում ներգրավված է մարդկանց լրտեսելով։ Մինչ այն ունեցել է մի քանի զինվորական ղեկավարներ, քննադատներն ասում են, թե այժմ ժամանակը չէ ունենալու զինվորական եւս մեկ ղեկավար։ Կոնգրեսական Փիթ Հոքսթրան Ներկայացուցիչների Պալատի հետախուզության հարցերով հանձնախմբի նախագահն է.

՚՚Մեծ լարվածություն է առկա Կենտրոնական հետախուզական գործակալության ու պաշտպանության նախարարության միջեւ, եւ կարծում եմ գործակալության ղեկավարի պաշտոնում արհեստավարժ զինվորականի նշանակելը հղում է ազդանշան, որ պաշտպանության նախարարությունը հաղթել է այս գործում՚՚։

Կենտրոնական հետախուզական գործակալությունը ծրագրված է տեղեկություններ հաղորդելու երկրի քաղաքացիական ղեկավարներին, մինչ պաշտպանության բնագավառի հետախուզական գործակալությունները հիմնականում ծառայում են բանակին։ Քեյթոի ինստիտուտում քաղաքացիական ու զինվորական գործակալությունների միջեւ հարաբերությունների փորձագետ Քրիստըֆր Փրեբլն այս մասին ասում է.

՚՚Կարծում եմ, առկա է որոշ մտահոգություն, որ իրագործվում է զինվորական հետախուզական ավելի ու ավելի մեծ գործունեություն, որը թերեւս չի ենթարկվում կոնգրեսական նույն տեսակի վերահսկողության, որին որոշ ժամանակ է, ինչ ենթարկել ենք Կենտրոնական հետախուզական գործակալությանը՚՚։

Պարոն Փրեբլն ասում է, թե ամերիկյան քաղաքացիական եւ զինվորական հետախուզական ծառայությունների միջեւ լարվածությունն ավանդաբար մեղմ է, սակայն այն գոյություն ունի ավելի քան երկու դար առաջ երկրի հիմնադրումից ի վեր։ Նա ասում է, թե այդ լարվածությունները բխում են ազատության եւ անվտանգության հակասական պահանջներից՝ հատկապես պատերազմի ժամանակ։

Միացյալ Նահանգները ներկայումս ներգրավված է ահաբեկչության դեմ պատերազմում։ Պայքարի մի մասն առանց դատարանի որոշման երկրում բնակվող կասկածյալ ահաբեկիչներին լրտեսելու Բուշի վարչակազմի վիճահարույց ծրագիրն է։ Քննադատներն ասում են, թե առանց թույլտվության խուզարկությունները խախտում են սահմանադրությունը։

Սակայն գեներալ Հեյդնը պաշտպանել է ծրագիրը, որը պարոն Փրեբլի կարծիքով, պատճառներից մեկն է, որ գեներալը դիմակայում է ընդդիմություն կոնգրեսում.

՚՚ Հստակորեն, այդ հարցում նա չափազանց շատ է ընդգրկվել։ Ծրագրում, որը մեզ այնքան էլ հայտնի չէ, նա ընդգրկվել է սկզբից եւեթ։ Այդ իսկ պատճառով, թերեւս հավանական է, որ առարկությունները հիմնականում վերաբերում են նրա անձին, եւ ոչ այնքան նրա զինվորական լինելուն՚՚։

Եթե սենատը գեներալ Հեյդնի թեկնածությունը հաստատի Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի պաշտոնում, նա անմիջականորեն կզեկուցի Ազգային հետախուզության ղեկավար Ջոն Ներգրոպոնտեյին, ով քաղաքացիական ղեկավար է։

Պարոն Նեգրոպոնտեն աջակցում է գեներալին, ով ծառայել է որպես իր տեղակալ եւ երկրի քաղաքացիներին լրտեսելու ծրագիրը համարում է անհրաժեշտ միջոց՝ ահաբեկչության դեմ պայքարում։

XS
SM
MD
LG