Մատչելի հղումներ

Կենտրոնական հետախուզական գործակալություն. վիճահարույց թեկնածություն


Նախագահ Ջորջ Բուշը բարձրաստիճան մի գեներալի թեկնածություն առաջադրել է Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի պաշտոնին, սակայն գեներալի թեկնածությունը վիճահարույց կացություն է առաջացրել, նույնիսկ նախքան դրա մասին հրապարակվելը։


Չնայած գեներալ Հեյդնի սկզբից եւ եթ ու համատարած քննադատությանը, նախագահ Բուշը նշեց, թե այդ պաշտոնին իր առաջադրած անձն ունի քսան տարվա փորձառություն զինվորական հետախուզության բնագավառում։

Դա է պատճառը, որ գեներալ Հեյդնը դիմայակում է երկու կուսակցությունների ընդդիմությունը։ Ներկայացուցիչների Պալատում փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին ասում է.

՚՚Իշխանության համար պայքար է ընթանում պաշտպանության նախարարության եւ հետախուզական ամբողջ համայնքի միջեւ, այդ իսկ պատճառով չեմ հասկանում, թե բարձրաստիճան գեներալն ինչո՞ւ պետք է ղեկավարի Կենտրոնական հետախուզական գործակալությունը՚՚։

Օրենսդիրները մտահոգ են, որ գեներալ Հեյդնի նշանակումը զինվորականությանը զուր ազդեցություն կընձեռի Կենտրոնական հետախուզական գործակալության վրա, որը քաղաքացիական գործակալություն է։

Հետախուզության հարցերով անկախ փորձագետ Ջեյմս Բամֆորդն ասում է.

՚՚Կենտրոնական հետախուզական վարչությունը ստեղծվել է որպես անկախ, վերլուծական հետախուզական գործակալություն եւ այն չի կարող իսկապես անկախ լինել, եթե դրա ղեկավարը պատասխանատու լինի Պենտագոնի ղեկավարի առջեւ՚՚։

Գեներալ Հեյդնը նախագահ Ջորջ Բուշին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ տածած վստահության համար եւ նշել է, Կենտրոնական հետախուզական վարչության կարեւորությունը։

՚՚Մեր հասարակության անվտանգությունն ու արժեքներն ապահովելու թերեւս ավելի կարեւոր պաշտոն չկա, քան Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնն է՚՚։

Քննադատները հայտնում են, որ այդ արժեքները պետք է ընդգրկեն ամերիկացիների առանձնության իրավունքները։ Սակայն գեներալ Հեյդնը կապված է Բուշի վարչակազմի ահաբեկչության դեմ պայքարի ներքին հետախուզության ծրագրի հետ, որի որոշ մասն իրագործվել է առանց դատարանի թույլտվության։ Գեներալի թեկնածությանն ընդդիմացողներն ասում են, թե մարդկանց խոսակցությունները գաղտնի ունկնդրելը խախտում է մարդու առանձնության իրավունքները։ Գեներալ Հեյդնը պաշտպանել է ծրագիրը.

՚՚Եթե այս ծրագիրը գործեր սեպտեմբերի տասնմեկի հարձակումից առաջ, մենք կհայտնաբերեինք Ալ- Քայդայի որոշ թվով գաղտնի գործակալների ներկայությունը Միացյալ Նահանգներում՚՚։

Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարը անմիջականորեն զեկուցում է Ազգային անվտանգության ղեկավարին՝ Ջոն Նեգրոպոնտեին, ով ասում է, թե գեներալ Հեյդնի թեկնածությունն առաջադրելիս նախագահ Բուշը առաջնահերթությունը Ալ-Քայդային եւ միջազգային ահաբեկչությանը զինաթափելն է։

Սենատն ունի գեներալ Հեյդնի թեկնածությունը հաստատելու կամ մերժելու սահմանադրական

իշխանություն։ Մնում է տեսնել, թե գեներալի զինվորական ծառայության փաստն արդյո՞ք կխոչընդոտի նրա առաջադրումը պաշտոնին, սակայն սենատոր Մըկքեյնը պաշպանում է այն.

՚՚Գեներալ Հեյդնը չափազանց բարձր որակավորում ունեցող անհատ է։ Նա նախագահի ընտրությունն է եւ հույս ունեմ, որ կարող ենք հաստարել այն՚՚։

Գեներալ Հեյդնի վիճահարույց առաջադրումը տեղի է ունեցավ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Փորթեր Գոսի անակնկալ հրաժարականից հետո, ով այդ պաշտոնում ծառայեց տասնութ ամիս։ Առկա են ենթադրություններ, որ պարոն Գոսին հարկադրել են հրաժարական տալ, որը մաս է կազմում վարչակազմում փոփոխություններ կատարելու գործընթացի։

XS
SM
MD
LG