Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների կառավարությունը հրապարակել է երկրում թռչնագրիպի հավանական համաճարակի դեմ պայքարի ծրագիր


Սպիտակ Տունը հրապարակել է Միացյալ Նահանգներում ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ թռչնագրիպ սկսվելու դեպքում դրա դեմ համերկրային կառավարության պայքարի մանրակրկիտ ծրագիր։ Սակայն չնայած ձեռարկված քայլին հստակ է, որ դժվար կլինի որեւէ համաճարակ վերահսկելը։

Կանխագուշակությունը սարսռազդու է. թռչնագրիպի բռնկումից կարող է մահանալ մինչեւ 2 միլիոն ամերիկացի։ Հիվանդանոցները կլցվեն հիվանդներով եւ երկրի աշխատուժի 40 տոկոսը կարող է շարքից դուրս գալ մինչեւ երկու շաբաթով։

Սակայն սա վատթարագույն դեպքում է, ասում է Սպիտակ Տան զեկույցը հրապարակած Երկրի ներքին անվտանգության նախարարության խորհրդական Ֆրենսիս Թաունսենդը.

՚՚Վատթարագույն կացությունը, որ նկարագրել ենք մեր զեկույցում, ոչ թե կարծում ենք թե հավանաբար այդպես էլ տեղի կունենա, այլ այն կարծիքին ենք, որ դա թերեւս կարող է լինել վատթարագույն դեպքում։ Չեմ կարծում, թե դրա հետեւանքով կտիրի խառնաշփոթություն։ Հենց ա՛յդ է համերկրային ծրագիր ստեղծելու ջանքի ամբողջ նպատակն ու իմաստը՚՚։

Հանձնարարված միջոցների թվում են. երկրում ուղեւորութունները սահմանափակելն ու վարակված ուղեւորներին մեկուսացնելը։ Սակայն երկրի սահմաններն ամբողջովին փակելն այլընտրանք չէ, քանի որ զեկույցում ասվում է, թե դա իրագործելը կլինի չափազանց դժվար։

Տիրում է այն կարծիքը, որ չվող թռչունները հիվանդության մանրէն տարածում են ընտանի թռչունների շրջանում, որն այնուհետեւ կարող է փոխանցվել մարդկանց։ Սակայն, վատթարագույնին նախապատրաստվելը լավ գաղափար է, ասում է Առողջապահության համերկրային ինստիտուտի բժիշկ Անտոնի Ֆոչին.

՚՚Հաշվի առնելով մեր ունեցած տվյալները, թե գրիպի համաճարակն ինչ կարող է անել, որի փորձառությունն ունենք քսաներորդ դարում գրիպի համաճարակի հետեւանքով, անպատասխանատու քայլ կլինի վատթարագույնին չնախապատրաստվելը։ Սակայն դա չի նշանակում խուճապի մատնվել, կամ մտածել, որ աշխարհի վերջը եկել է՚՚։

Գրիպի տարածումը հասարակական վայրերում դադարեցնել փորձելը թերեւս դժվար կլինի, ասում է բժիշկ Մայքլ Օլսվիդը.

՚՚Իմ կարծիքով սխալ է մտածելը, թե կարելի է գրիպի դեմ պաշտպանական գոտի ստեղծել՚՚։

Նախագահ Բուշի վարչակազմը հայտնել է, թե գրիպի համաճարակ սկսվելու դեպքում այն կտարածվի դանդաղորեն, շաբաթների եւ ամիսների ընթացքում, որի հետեւանքով կառավարությունը ժամանակ կունենա մեղմելու դրա ազդեցությունը։

XS
SM
MD
LG