Մատչելի հղումներ

113 ուղեւորներ փոխադրած Հայկական ավիաուղիների ինքնաթիռը կործանվել է Սեւ ծովում


Հայկական ավիաուղիների ինքնաթիռներից մեկը, որը փոխադրում էր առնվազն 113 ուղեւոր, անցնող չորեքշաբթի վթարի ենթարկվելով խորտակվել է Սեւ ծովում, Ռուսաստանի Սոչի քաղաքի ափամերձ ջրերում։

Արտակարգ իրավիճակների Ռուսաստանի նախարարությունը հայտնել է, թե մարդատար Աէրոբուս 320 ինքնաթիռի կործանումից գոյատեւած անձինք չկան։ Ինքնաթիռը փորձում էր վայրէջք կատարել Սոչի քաղաքի օդանավակայանում, երբ խորտակվեց Սեւ ծովում, ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Որոնման գործողություններին մասնակցում են տասից ավելի նավեր, որը խոչընդոտվում է հորդառատ անձրեւով։ Պաշտոնատարներ ասում են, թե վթարի հավանական պատճառը վատ եղանակն է։ Որոնման խմբերը ծովից հանել են բազմաթիվ ուղեւորների դիակներ ինչպես նաեւ ինքնաթիռի կմախքի մասեր, ուղեբեռ եւ փրկարար բաճկոններ, որոնք լողում էին ջրի մակերերեւույթին։

Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության բարձրաստիճան պաշտոնատար Սերգեյ Կուդինովն ասում է, թե ջրասուզակները ինքնաթիռի բեկորները որոնում են նաեւ ծովի հատակին։ Օդանավականի թռիչքները կարգավորողներն ասում են, որ ինքնաթիռը առավոտյան ժամը երկուսին անհետացավ իրենց ռադարների էկրաններից։

Հայաստանի ազգային ավիաուղիների՝ Արմավիայի ավագ պաշտոնյաներից մեկը հայտնել է, թե ինքնաթիռը վթարի է ենթարկվել վատ տեսանելիության պայմաններում, երբ օդաչուն երկրորդ անգամ փորձում էր վայէջք կատարել։ Օդաչուն նշել է, թե եղանակային վատ պայմանների պատճառով վերադառնում է Հայաստան, սակայն վերստին փորձել է վայրէջք կատարել։

Սոչին հանրահայտ հանգստավայր է նախկին Խորհրդային Միության բնակիչների՝ այդ թվում Հայաստանի համար։ Ինքնաթիռի բազմաթիվ ուղեւորներ մեկնում էին առողջարանային այս քաղաք տոնական երկար շաբաթավերջից առաջ, որը մայիսի իննին նշում է Եւրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։

XS
SM
MD
LG