Մատչելի հղումներ

Ապօրինի ներգաղթողների խնդրի շուրջ բանավեճը Կոնգրեսում


Միացյալ Նահանգների կառավարության տվյալների համաձայն, երկրում առկա են ութից տասը միլիոն ապօրինի ներգաղթողներ եւ ամեն տարի ապօրինաբար երկիր են ներթափանցում հինգ հարյուր հազար անձինք։

Անցած շաբաթ օրը Լոս Անջելեսում 500 հազար անձինք դուրս եկան ցույցի, ովքեր Կոնգրեսից պահանջում էին հրաժարվել Ներկայացուցիչների Պալատի կողմից հաստատված օրինագծերից, որոնցով նախատեսվում էր հազար հարյուր կիլոմետր երկարությամբ պարիսպ կառուցել Մեքսիկայի հետ 3200 կիլոմետր երկարության սահմանագծում, ինչպես նաեւ հրաժարվել ապօրինի ներգաղթողներին ու նրանց օգնություն ցուցաբերող կազմակերպություններին հանցագործներ համարելուց։

Ցույցեր նաեւ տեղի ունեցան Դալլասում, Ֆենիքսում, Միլվոքիում եւ Օհայոյի Քլամբս քաղաքում։ Ցուցարարների թվում էր նաեւ տասնհինգ տարի առաջ Մեխիկոյից ապօրինի ներգաղթած Մարիանան, ով ասաց հետեւյալը. ՚՚Ամբողջ կյանքս այստեղ եմ անցկացրել։ Երեխաներս այստեղ են ծնվել՚՚։

Ներկայացուցիչների Պալատի օրինագիծը հաստատվելու դեպքում Մարիանան կհամարվի հանցագործ։ Նախագահ Ջորջ Բուշի առաջարկն ավելի մեղմ է։ Նա ցանկանում է ապահովել սահմանը, վերջ դնել փաստաթղթեր կեղծող խմբերին, ու դադարեցնել մարդկանց գաղտնի փոխադրումը եւ առուծախով զբաղվելը։

Նա նաեւ հետամուտ է ստեղծելու երկրում օտար անձանց համար ծրագիր, որը նրանց կթույլատրի ժամանակավորապես աշխատել, սակայն չի երաշխավորի մշտական բնակություն, կամ քաղաքացիություն.

՚՚Այս ծրագիրն օտար երկրների աշխատողների համար օրինական միջոց կլինի աշխատելու ամերիկացի գործատուների մոտ եւ կատարելու աշխատանքներ, որոնք ամերիկացիները չեն ցանկանում կատարել։ Աշխատողները պետք է ի վիճակի լինեն ժամանակավորապես գրանցվելու օրինական կարգավիճակի համար՚՚։

Սակայն ներգաղթի օրենքի բարեփոխման գործիչներից Դեյլ ՄքԳլոթլինն ասում է, թե նախագահի ծրագիրը կնվազեցնի ամերիկացիների աշխատավարձերը.

՚՚Նշանակություն չունի, թե մարդը որքան լավ է աշխատում, կամ որքան է ցանկանում աշխատել։ Ավելի ցածր աշխատավարձով չաշխատելու դեպքում մարդն ապագայում աշխատանք չի ունենա՚՚։

Հանրապետական Կուսակցությունը, որի անդամ է նախագահը, ներգաղթի հարցի շուրջ բաժանված է բիզնեսի շահերի՝ ովքեր ցանկանում են բանվորական էժան աշխատուժ, եւ այն անձանց միջեւ, ովքեր ասում են թե ապօրինի ներգաթողները բեռ են երկրի տնտեսության, դպրոցների, առողջապահության համակարգի եւ մշակույթի համար։

Ներկայացուցիների Պալատի անդամ, Հանրապետական Կուսակցությունից Թոմ Տանկրեդոն ասում է, թե ապօրինի գաղթականները խախտում են օրենքը.

՚Այդ անձինք մեր երկիր են ներթափանցում առանց մեր թույլտվության, որը հանցանք է։ Պատիժը, որը մեր օրենքով պետք է նրանց հասնի դրա համար, նրանց բռնի հայրենադարձնելն է՚՚։

Սակայն Մարիանան ասում է, թե բռնի հայրենադարձվելու դեպքում իր ընտանիքը կխորտակվի.

՚՚Ամենակարեւորը, մեր ընտանիքները միասին պահելն է՚՚։

Ներգաղթի օրենքները բարեփոխելու կողմնակիցներն անցնող երկուշաբթի բողոքի ցույց կազմակերպեցին Կոնգրեսի շենքի առջեւ, ուր Սենատը քննարկում է ավելի մեղմ այլընտրանք, այդ թվում ապօրինի ներգաղթողներին ներում շնորհելու հարցը։ Սակայն նախագահ Ջորջ Բուշն ընդդիմանում է ներում շնորհելուն, որը նրա կարծիքով կխրախուսի ապօրինի նոր ներգաղթողների։

XS
SM
MD
LG