Իրաքում անցյալ շաբաթ տեղի ունեցած մարտական գործողությունների վրա կենտրոնացած աշխարհի երկրների լրատվական միջոցները գրեթե ուշադրություն չդարձրեցին Հալաբջա քաղաքում կայացած քրդերի ցույցերի վրա, ովքեր ավերեցին 1988 թվականին Սադամ Հուսեյնի կողմից կարգադրված գազային հարձակման հետեւանքով զոհված քրդերի հիշատակին կառուցված թանգարանը։
Հալաբջայի թանգարանը կեղեքման դեմ քրդերի միասնության խորհրդանիշն էր, ուր կային Սադամ Հուսեյնի կողմից թունավոր գազով 1988 թվականին ձեռնարկված հարձակման հետեւանքով զոհված 5000 քրդերի հիշատակը հավերժացնող բազմաթիվ նկարներ եւ արվեստի այլ գործեր։
Սակայն գազային հարձակման տարելիցին, մարտի տասնվեցին, քուրդ ցուցարարները ավերեցին իրենց սեփական հուշահամալիրը։ Մայրաքաղաք Վաշինգտոնում հաստատված Իրաքի հարցերով վերլուծաբան Անդրյու Ապոստոլոուն ասում է, թե հարձակումը բացահայտում է ետսադդամյան Քրդստանում առկա լարվածությունը.
՚՚ Ներկայումս Քրդստանում առկա խնդիրներից մեկն այն է, որ ավելի երիտասարդ սերունդն այն կարծիքին է, թե քաղաքական համակարգը բաց չէ իրենց համար։ Եւ նրանք բռնարարքային ցույցը համարում են կացությունից դուրս գալու միակ ելքը՚՚։
Վերլուծաբանն ասում է, թե միասնությունը քրդերին անհրաժեշտ է սունների եւ շիաների նկատմամբ իրենց մարտական ուժը պահպանելու նպատակով։ Քրդերի միասնությունը բերել է համեմատական խաղաղություն եւ առաջընթաց Քրդստանում։ Եւ քրդերն իրենց միասնությունը պետք է գերադասեն քաղաքական բարեփոխությունից, քանի դեռ հատվածախմբական բռնարարքները մնում են լուրջ սպառնալիք Իրաքի կայունության համար.
՚՚Այսպիսով, ներկայումս միասնությունն ավելի կարեւոր է բազմակարծությունից։ Բռնարարքային գործողություններին վերջ տրվելու դեպքում, որի շուրջ կարող է որոշում կայացնել միայն սուննի համայնքը, ականատես կլինենք մեծ փոփոխությունների՚՚։
Բռնարարքային գործողությունները չպաշտպանելով հանդերձ, պարոն Ապոստոլոուն ասում է, թե փաստը, որ քրդերն իրենց ապահով են զգացել ցույցերի դուրս գալու համար, քաղաքական առաջընթացի նշան է.
՚՚Դրական է այն փաստը, որ մարդիկ զգում են թե հնարավորություն ունեն բողոքելու, որը նախկինում չէին կարող անել։ Դրա պատճառն Իրաքում 140 հազար ամերիկացիների ներկայությունն է։ Նկատի ունեմ, որ Իրաքում բազմակարծության առկայությունը երաշխավորող գլխավոր պատճառներից մեկն ամերիկացիների ներկայությունն է՚՚։
Նա ասում է, թե միասնությունը պահպանելու եւ դրան զուգընթաց ժողովրդավարական իրական բարեփոխություն քաջալերելու նպատակով առաջիկա տարիներին Իրաքում անհրաժեշտ է ամերիկացիների ռազմական նշանակալից ներկայություն։