Չնայած Սերբիայի հարավային նահանգը, Կոսովոն, 1999 թվականից ի վեր վերահսկում են ՆԱՏՕ-ն եւ Միավորված Ազգերի Կազմակերպությունը, Սերբիան մինչեւ այժմ հասարակական լուրջ քննարկումներ չի կայացրել նահանգի անկախանալու խնդրի շուրջ։
Սերբիայի եկեղեցիներում ու դպրոցներում Կոսովոյի անկախության հարցը չի շոշափվում։ Սերբիայի կենսունակ եւ անկախ լրատվական միջոցները նույնպես հրաժարվում են քննարկել խնդիրը։ ՚՚Միջազգային Ճգնաժամ՚՚ կազմակերպության Բելգրադի ներկայացուցիչ Ջեյմս Լիոնն ասում է, թե Կոսովոյի հարցում Սերբիան մերժում է ընդունել իրողությունը.
՚՚Կարծում եմ, Կոսովոն կորսված է Սերբիայի համար։ Այն կորսվել է որոշ ժամանակից՝ 1999 թվականից ի վեր՚՚։
Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին Կոսովոյի ապագայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր բանագնացն է։ Ներկայումս բանակցություններ են կայանում Կոսովոյի ալբանացիների եւ Սերբական կառավարության միջեւ։ Ջեյմս Լիոնն ասում է, թե քանի որ երկու կողմերը խնդրի առնչությամբ հակառակ կարծիքի են, պարոն Ահտիսաարիի միակ հույսը տեխնիկական, համեմատաբար ոչ վիճելի հարցերի վրա կենտրոնանալն է.
՚՚Կարծում եմ, նրա գործը նախ եւ առաջ սահմանելն է, թե ինչպիսի՞ն է լինելու Կոսովոն՚՚։
Բելգրադ կատարած այցելություններից մեկի ժամանակ, պարոն Ահտիսաարին ասել է, թե վարում է համապարփակ բանակցություններ, ուր դժվարին հարցերը, ինչպես օրինակ, անկախության հարցն է, մնում են քննարկելու հետագայում.
՚՚Այլ խոսքով, սկսել եմ քննարկել հարցեր, որոնք կարող եմ կոչել գործնական, չեզոք հարցեր՚՚։
Կոսովոյում սերբերն աստիճանաբար համակերպվում են իրականությանը, որ Կոսովոն հավանաբար կանկախանա։ Մարդկանց շրջանում ավելանում է տագնապի զգացումը։ Գրաչանիցա քաղաքի մերձակայքի ագարակագործներից մեկը, Ռատկոն ասում է, թե ցանկանում է հեռանալ Կոսովոյից։
Սակայն Պրիշտինայի մերձակայքում գտնվող սերբական 700 ամյա մենաստանի հոգեւորական հայր Նեկտարիյեի կարծիքով բազմաթիվ սերբեր կմնան Կոսովոյում.
՚՚ Թերեւս նրանց որոշ մասը կերկյուղի, սակայն Կոսովոյում կալվածք ունեցողները կմնան։ Վստահ եմ դրանում՚՚։ Սակայն այստեղ, Բելգրադում այլ աշխարհ է, եւ գրեթե ոչ-ոք չի խոսում Կոսովոյի մասին։ Նահանգի շուրջ բանակցությունները թերեւս կշարունակվեն մի քանի ամիս։