Մատչելի հղումներ

Նոր արբանյակը կհետազոտի Մարս մոլորակը


Միացյալ Նահանգների օդագնացության եւ տիեզերքի ուսումնասիրման գործակալության, կրճատ՝ ՆԱՍԱ-ի կողմից արձակված ՚՚Մարսն ուսումնասիրող արբանյակ՚՚-ը Մարտի տասին հասնելու է մոլորակին, որը գիտնականներին հնարավորություն կտա ամենամանրակրկիտ կերպով ուսումնասիրելու կարմիր մոլորակը։

Մոտավորապես յոթ ամիս տեւած թռիչքից հետո ՚՚Մարսն ուսումնասիրող արբանյակ՚՚-ը մոտենում է թռիչքի ամենավտանգավոր փուլին, Մարսի շուրջ ամենացածր ուղեծրով պտտվելուն։ Դա իրագործելու համար ՆԱՍԱ-ի ծրագրերի ղեկավար Դագ Մըկքիսթոնն ասում է, թե արբանյակը սկզբում պետք է հաղթահարի մոլորակի ձգողականությունը.

՚՚Թվում է, թե արբանյակն ուղեծիր մտցնելն ամենադյուրին հատվածն է, սակայն իրականում մեր հաջողությունն այդ գործում կազմում է ընդամենը 65 տոկոս՚՚։

Սկզբում, Մարսի ձգողականության դաշտ մտնելիս արբանյակը կդրվի մոլորակի շուրջ 35 ժամյա պտույտի մեջ, որի ընթացքում Երկրի վրա աշխատող գիտնականները ռադիոկապը կկորցնեն արբանյակի հետ մոտավորապես 30 րոպե։

Դրանից հետո, ասում է ծրագրի ղեկավար Ջեյմս Գրաֆը, ինժեներները կապավինեն մի գործընթացի, որը կոչվում է օդային արգելակում, որի շնորհիվ արբանյակի ուղեծիրը կփոքրացնեն, որպեսզի այն սկսի պտտվել մոլորակի շուրջ շրջանաձեւ, ավելի նեղ ուղեծրով, Մարսի մակերեւույթից մոտավորապես 320 կիլոմետր բարձրությամբ.

՚՚Մենք սա կատարում ենք յուրաքանչյուր պտույտի ժամանակ թեթեւակի շփվելով Մարսի մթնոլորտին, որի ժամանակ մթնոլորտի հետ արբանյակի շփման հետեւանքով դանդաղում է արբանյակի ընթացքը. այս միջոցի շնորհիվ խնայվում է մոտավորապես 500 կիլոգրամ վառելանյութ արբանյակի արձակման ժամանակ ՚՚։

Արբանյակի քաշի մեջ խնայողությունը հնարավորություն է տալիս փոխադրելու վեց սարք, որոնք ընդունակ են հաղորդելու ավելի շատ տվյալներ Երկրին, քան մինչեւ այդ դեպի Մարս արձակված բոլոր արբանյակները միասին վերցրած։ Սարքերի թվում է երբեւէ որեւէ մոլորակ ուղարկված ամենահզոր աստղադիտակային լուսանկարչական սարքը եւ բարձրակարգ սենսորներ, որոնք կարող են հայտնաբերել Մարսի մակերեւույթի նետքո գտնվող ջրի պաշարները։

Առաջատար գիտնական Մայքլ Մեյերը հույս ունի, որ առաքելությունը կպատասխանի կարմիր մոլորակը պարուրող կարեւոր հարցերի.

՚՚Դրա միջոցով կպարզենք, թե Մարսի վրա արդյո՞ք գոյություն ունեցել է կյանք, նաեւ կհասկանանք Մարսի կլիմայի պատմությունն ու պրոցեսները, կպարզենք մոլորակի մակերեւութային եւ ներքին փոփոխությունները եւ նաեւ կնախապատրաստվենք տիեզերագնացների հետազոտություններ համար՚՚։

Ծրագրով նախատեսված իր հնգամյա առաքելության ընթացքում ՚՚Մարսն ուսումնասիրող արբանյակ՚՚-ը հազարավոր բարձրակարգ պատկերներ կուղարկի Երկիր։ Այն նաեւ աջակցություն կապահովի Մարսի ապագա առաքելությունների համար, որոնց թվում է ՚՚Ֆենիքս Մարս Սքաութ՚՚-ը, որը 2008 թվականին վայրէջք է կատարելու Մարսի Հյուսիսային բեւեռի սառցապատ մասում, եւ ՚՚Մարսի գիտական փորձակայան՚՚ կոչվող արբանյակի համար, որը դեպի մոլորակ է արձակվելու 2009 թվականին։

XS
SM
MD
LG