Մատչելի հղումներ

Երկրի քաղաքացիներին լրտեսելու վիճահարույց խնդիրը


Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ձեռնամուխ է եղել երկրի քաղաքացիներին լրտեսելու իր վիճահարույց ծրագիրը պաշտպանելու եւ ամերիկյան հասարակությանը հավաստիացնելու արշավի, որ այն անհրաժեշտ միջոց է ահաբեկչության դեմ պայքարում։

Անցնող երկուշաբթի Կանզասի նահանգի համալսարաններից մեկում ունեցած իր ելույթի ժամանակ պարոն Բուշն ասաց, որ երկրի քաղաքացիներին լրտեսելու իր ծրագիրն օրինական է, եւ Միացյալ Նահանգների դեմ սեպտեմբերի տասնմեկի հարձակումներից հետո անհրաժեշտ է ամերիկացիներին ահաբեկիչներից պաշտպանելու համար.

՚՚Ամերիկացիներին պաշտպանելու միջոցներից մեկը թշնամու մտադրությունները հասկանալն է։ Ձեզ ասել եմ, որ սա այլ տեսակի պատերազմ է, այլ տեսակի թշնամու դեմ։ Եթե նրանք հեռախոսազանգում են Միացյալ Նահանգներ, մենք պիտի իմանանք դրա պատճառը, ձեզ պաշտպանելու համար՚՚։

Նախագահ Ջորջ Բուշը նշեց, որ Միացյալ Նահանգների կոնգրեսին համառոտակի տեղեկացվել է ծրագրի մասին, որը նաեւ հաստատեց Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Փիթ Հոքսթրան, ՚՚Էյ-Բի-Սի՚՚ հեռուստաընկերության ՚՚Այս շաբաթ՚՚ ծրագրով ելույթ ունենալիս.

՚՚Երբ ծրագիրը սկսվեց մոտավորապես չորս տարի առաջ, կոնգրեսական ղեկավարներին տեղեկացվեց այդ մասին։ Տեղեկացվեցին Ներկայացուցիչների Պալատի եւ Սենատի ղեկավարները, ես տասնհինգ ամիս հանձնաժողովի նախագահ էի, եւ այդ խնդրի շուրջ ինձ համառոտակի տեղեկացվել է չորս անգամ ՚՚։

Դեմոկրատական կուսակցությունից օրենսդիրներ, ինչպես օրինակ, կոնգրեսական Ջեյն Հարմանն է, չեն ժխտում դա, սակայն նրանք փաստարկում են, որ նախագահ Բուշը խախտել է օրենքը եւ հանձնարարել է լրտեսել երկրի քաղաքացիներին, առանց հատուկ դատարանի թույլտվության.

՚՚Ես կողմնակից եմ խիստ ծրագրի, քանի որ կարծում եմ սպառնալիքը չափազանց լուրջ է, սակայն այն պետք է գործադրվի օրենքին համապատասխան՚՚։

Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Մըկքեյնն այն կոնգրեսականների թվում է, ովքեր Սպիտակ Տանը խնդրում են փոխել գոյություն ունեցող օրենքները, վարչակազմին հավելյալ իշխանություն արտոնելու համար.

՚՚Թող վարչակազմի անդամները գան կոնգրես։ Կարծում եմ, նրանց կշնորհվի այդ իշխանությունը, ինչ էլ որ խելամիտ ու անհրաժեշտ լինի, եւ հեռահաղորդակցությունը հսկելու հարաճուն ունակությունը հստակորեն օրենքի շրջանակում է՚՚։

Ծրագրի համաձայն, նախագահ Բուշն այսօր այցելելու է Ազգային անվտանգության գործակալություն, ուր ակնկալվում է, որ վերստին պաշտպանելու է իր ծրագիրը եւ դրա օրինականությունը։ Երկրի սենատը ունկնդրություններ է կայացնելու խնդրի շուրջ առաջիկա փետրվարին ։

XS
SM
MD
LG