Մատչելի հղումներ

Դատարանը, ինքնասպանությունները,նահանգները


Միացյալ Նահանգների Գերագույն դատարանն անցյալ շաբաթ հաստատեց մի վիճահարույց օրենք Օրեգոնի նահանգում, որը բժիշկներին կթույլատրի մահացու չափաբաժնով դեղեր դուրս գրել իրենց կյանքին վերջ տալու խնդրում անբուժելի հիվանդներին օգնելու համար։

՚՚Մահ՝ արժանապատվորեն՚՚ որոշումը 1997 թվականին Օրեգոնում ընդունվելուց ի վեր, նահանգի մոտավորապես 200 բնակիչներ իրենց կյանքին վերջ են տվել բժիշկների դուրս գրած դեղերի մահացու չափաբաժնով։ Կրծքի քաղցկեղով հիվանդ Չար Անդրյուսն ասում է.

՚՚Չեմ ցանկանում մահանալ անօգնական վիճակում՚՚։

Չար Անդրյուսն ասում է, թե ուրախ է, որ Օրեգոնցիները երկու անգամ քվեարկել են նոր Օրենքի օգտին, որն իրեն հնարավորություն կտա մի օր վերջ տալու իր կյանքին։ Օրեգոնի օրենքին ընդդիմանում էր Միացյալ Նահանգների նախկին Գլխավոր դատախազ Ջոն Աշքրոֆթը, ինչպես նաեւ նրան հաջորդած Ալբերտո Գոնզալեսը, որը Գերագույն Դատարանին խնդրել է չեղյալ համարել վիճահարույց օրենքը։

Երկու պաշտոնատարներն ասել են, թե համերկրային օրենքներից մեկով արգելվում է երկրում թմրադեղեր ընդունել այլ նպատակներով, բժշկական օրինական նպատակից բացի։ Նրանք ասել են, թե ինքնասպանությանն օգնելը օրինական նպատակ չէ, քանի որ բժիշկները մարդկանց ավանդաբար օգնում են ապրելու։

Սակայն, երկրի Սահմանադրության 10-երորդ հավելումը նահանգներին շնորհում է ամեն կարգի իշխանություն։ Բժշկական հարցեր որոշելը համարվում է այդ իշխանության տարրերից մեկը։ ՚՚Քեյթո՚՚-ի ինստիտուտում սահմանադրական հարցերի փորձագետ Մարկ Մոլերն ասում է, թե ինքնասպանությանն օգնելու հարցի բարոյականությունը խնդիր չէ Օրեգոնի հարցում.

՚՚Խնդիրն այն է, թե թմրադեղերի մասին համերկրային օրենքը Գլխավոր դատախազին արդյո՞ք իշխանություն է տալիս միջամտելու նահանգներում ինքնասպանություն գործելու քաղաքականությանը։ Դատարանի որոշմամբ, թմրադեղերի մասին համերկրային Օրենքը Գլխավոր դատախազին հստակորեն չի շնորհում այդ իշխանությունը՚՚։

Օրեգոնի հարեւան Վաշինգտոնի նահանգի օրենսդիրները նույնպես քննարկում են ինքնասպանությանն օգնելու մասին օրենքը, չնայած քվեատուները 1990-ական թվականների սկզբներին այն մերժել են հանրաքվեյով։ Ինքնասպանությանն օգնելը 44 նահանգներում դեռեւս համարվում է հանցագործություն, իսկ Վիրջինիայի նահանգում՝ քաղաքացիական օրինազանցություն։

Չորս նահանգներ չեզոք են։ Իսկ Միչիգանի նահանգը բժիշկ Ջաք Գեւորգյանին նույնիսկ դատապարտեց 25 տարվա ազատազրկման, այդ նահանգում հիվանդներին ինքնասպանության խնդրում օգնելու համար։ Մինչ Օրեգոնն այս հարցում տարբերվում է երկրի մնացած նահանգներից Մարկ Մոլերն ասում է, թե ամերիկյան նահանգները միշտ փորձել են սոցիալական նոր հարցերը.

՚՚ Սա Սահմանադրության հեղինակների գաղափարն է, որ ունենք ոչ թե մեկ՝ այլ բազմաթիվ կառավարություններ, որոնք կարող են փորձել տարբեր քաղաքականություններ, որպեսզի համոզվենք, թե դրանք իրենց արդարացնու՞մ են, թե՞ ոչ՚՚։

Սա նշանակում է, որ Գերագույն դատարանը վեց կողմ եւ երեք դեմ քվեով որոշում կայացրեց այս խնդրի ոչ թե բարոյականության՝ այլ ընթացակարգի շուրջ։ Քաղաքականության հարցերի պրոֆեսոր Դեյվիդ Քոյն ասում է, թե սա կարեւոր է օրենքի գերակայության համար.

՚՚Մինչ ընթացակարգին կառչելը ինչ-որ չափով կարող է թվալ անբարոյական, քանի որ կարծես բաց է թողնում կաեւոր հարցը, դա հենց արդե՛ն իսկ բարոյական հարցի շուրջ դատողություն է. վստահելու օրենքի գերակայությանը, որպես դրական երեւույթի՚՚։

Պրոֆեսոր Քոյնն ասում է, թե Միացյալ Նահանգների կոնգրեսը կարող է մտնել բարոյականության շուրջ բանավեճի մեջ, թմրադեղերի մասին Օրենքին ավելացնելով ՚՚ բժշկական օրինական գործընթաց՚՚ սահմանումը, որը բացառում է ինքնասպանությանն օգնելը։ Սակայն նա նաեւ ավելացնում է, որ նահանգները կարող են փաստարկել դատարանում, որ կոնգրեսը դրանով կբռնանա բժշկական հարցերի շուրջ որոշում կայացնելու իրենց իրավունքին։

XS
SM
MD
LG