Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում երկրի քաղաքացիներին լրտեսելու վիճահարույց օրենքը


Նոր հաղորդումների համաձայն, ահաբեկիչների գործունեությանը հետեւելու նպատակով ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի կողմից հաստատված երկրի քաղաքացիներին լրտեսելու ծրագրերը շատ ավելի ծավալուն են, քան Սպիտակ Տունն ընդունում է։

Նյու Յորք Թայմզը հայտնել է, թե Ազգային անվտանգության գործակալությունը երկրի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունների հետ միասին հետեւում են մեծ թվով էլեկտրոնային կապերի՝ քան նախկինում բացահայտվել էր։ Ակներեւաբար գործակալությունն այսպես է վարվում առանց դատարանի թույլտվության։ Գրող Ջեյմս Բամֆորդը հետեւյալն է ասում այդ առնչությամբ.

՚՚Սա կարծես փոշեծծչային մոտեցում լինի միլիոնավոր հեռահաղորդակցություններին մեկ ժամում, եւ ոչ մեկը չգիտի, թե ինչ են անում այդ տվյալները՚՚։

Թերթի հաղորդումը հակասում է ավելի վաղ նախագահ Ջորջ Բուշի հայտարարություններին, որն ասում էր թե մարդկանց հաղորդակցության լրտեսումը լայնածավալ բնույթ չի կրել, եւ միայն թիրախի տակ են վերցվել ահաբեկչության մեջ կասկածվող անձինք.

՚՚Ծրագիրը սահմանափակված է այն անձանցով, ովքեր հայտնի են Ալ Քայդայի հետ իրենց կապերով՚՚։

Տեղեկագրությունների համաձայն, Սպիտակ Տանը Սուրբ Ծննդյան տոնը նշելուց հետո Տեխասի իր ագարակ մեկնած պարոն Բուշը մեկնաբանություն չի արել հաղորդումների առնչությամբ, սակայն բազմաթիվ հանրահայտ գործիչներ քննադատում են այդ քայլը։

Խաղաղության եւ քաղաքացիական ազատությունների վաղեմի գործիչ, հոգեւորական Ջեսե Ջաքսոնը պահանջել է մանրամասն հետաքննել մարդկանց լրտեսելու գործունեությունը եւ ասել է, թե նախագահը պետք է մարդկանց եւ հասարակությանը հայտնի, թե ում են լրտեսում.

՚՚Եթե պարզվի, որ դա սահմանադրական չէ, ապա նախագահը պետք է դիմակայի պաշտոնազրկում։ Մենք չենք կարող անգործ կանգնել եւ թույլ տալ, որպեսզի ժողովրդավարական կարգերը խոչընդոտվեն ֆաշիստական գործունեությամբ՚՚։

Միացյալ Նահանգներում մահմեդական խմբերը նույնպես ասում են, որ անարդարացիորեն թիրախի տակ են վերցվել։ Վաշինգտոնում հիմնված ՚՚Ամերիկացի մահմեդականների հարաբերությունների խորհուրդ՚՚ կազմակերպությունը պաշտոնական խնդրանքով դիմում է պատրաստում, քննելու առանց դատարանի թույլտվության ամերիկացիներին լրտեսել թույլատրող նախագահ Բուշի հրամանները։

Սակայն ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Քոլին Փաուելը պաշտպանեց երկրում լրտեսելու ծրագիրը, ասելով թե նախագահը պարտավորություն ունի պաշտպանելու ամերիկացիներին։ Ելույթ ուենենալով ՚՚Էյ-Բի-Սի՚՚ հեռուստակայանի ծրագրերից մեկով պարոն Փաուելն ընդունեց, որ քաղաքացիներին լրտեսելու հրամանից առաջ, կամ նույնիսկ հետո նախագահը կարող էր ստանալ դատարանի թույլտվությունը, սակայն ավելացրել է, որ սխալ չի համարում նախագահի գործունեությունը.

՚՚Երկիրը փուլ չի գա այս խնդրի պատճառով։ Նախագահը վճռակամ է, եւ Կոնգրեսն ու ամերիկացիները նույնպես ցանկանում են որպեսզի նա պաշտպանի իրենց ահաբեկչությունից։ Ու եթե գաղտնալսումն իրագործում է դա, ապա ավելի մեծ դեր պետք է հատկացվի դրան՚՚։

Կոնգրեսի կողմից հաստատված օրենքներից մեկով հետաքննիչներին թույլատրվում է մարդկանց գաղտնալսել նախքան դրա իրավունքը ձեռք բերելը, եթե թուտվության համար դիմեն 72 ժամյա ժամանակահատվածում։ 1979 թվականից ի վեր, գաղտնի դատարանը ԱՄՆ-ի դատախազությունից ստացել է գաղտնալսման 19 հազար խնդրանք, եւ մերժել է դրանցից ընդամենը չորսը։

XS
SM
MD
LG