Ռուսաստանի խորհրդարանի Ստորին Պալատում առաջին ընթերցմամբ հաստատվել է հասարակական կազմակերպությունների վրա պետական հսկողությունն ուժեղացնելու վիճարահույց մի օրինագիծ։
Նոր օրինագծի հեղինակներն ասում են, թե դրա գլխավոր նպատակը երկրում գործող բոլոր հասարակական կազմակերպություններին վերստին արձանագրելն ու դրանց ֆինանսավորման եւ ծախսերի վրա վերահսկողությունն ուժեղացնելն է, որպեսզի կանխվի ապօրինի գումարների իրացումը։
Սակայն օրինագծի մեջ նաեւ ասվում է, որ օտարերկրյա կազմակերպություններին կարգելվի աշխատել Ռուսաստանում ներկայացուցչական գրասենյակների միջոցով։ Դրանցից նաեւ կպահանջվի վերստին արձանագրվել որպես ֆինանսապես անկախ կառույց։ ՚՚Մարդու իրավապաշտպան կազմակերպություն՚՚ խմբի փոխնախագահ Ալեքսանդր Պետրովի կարծիքով նոր օրինագծի նպատակը օտարերկրյա եւ Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների աշխատանքը խոչնդոտելն է։
՚՚Այս օրենքը հրաշալիորեն համապատասխանում է երկրի նախագահի ու կառավարության կողմից վերջին երեքից-չորս տարիներին իրագործվող քաղաքականությանը, որը նպատակաուղղված է քաղաքական եւ սոցիալական գործունեության վրա առավելագույն սահմանափակումներ հաստատելուն։ Նպատակը օտարերկրյա հասարակական կազմակերպությունների թիվը սահմանափակելը կամ դրանք ամբողջովին վերացնելն է Ռուսաստանի տարածքում։ Նախագահի կողմից օրինագիծը ստորագրվելու դեպքում այն կհանգեցնի Ռուսաստանից բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հեռանալուն՚՚։
Սակայն նոր օրինագծի աջակիցները, ինչպես օրինակ, Ռուսաստանի Դումայի անդամ Ալեքսեյ Օստրովսկին է, ասում են որ մեղքը ոչ թե օրինագծինը՝ այլ հասարակական կազմակերպություններինն է.
՚՚Մոսկվայում առկա են միջազգային կազմակերպությունների բազմաթիվ գրասենյակներ, ինչպես օրինակ, ՚՚Մարդու իրավապաշտպան կազմակերպությունն է՚՚, եւ մյուսները, որոնց գործունեությունը ոչ մի կապ չունի մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Սա պարզապես քող է Կենտրոնական հետախուզական վարչության եւ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի կողմից կարգադրված իրենց առաքելությունն իրագործելու համար՚՚։
Դիտորդները նաեւ ասում են, թե հասարակական կազմակերպությունների մասին նոր օրինագիծն արտացոլում է Ռուսաստանի կառավարության երկյուղը, որ օտար երկրների կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններն աջակցում են զանգվածային ցույցերին, որոնք տապալեցին Վրաստանի, Ուրաինայի եւ Ղրղզստանի կառավարությունները։
Նրանք ասում են, թե Կրեմլը մտահոգ է, որ դրանք կարող են նույնը ծրագրել Ռուսաստանում։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա հուլիսին ասել է, թե օտար երկրների կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին չի թույլատրի իրագործել քաղաքական գործունեություն.
՚՚Մենք բոլորս ականատես եղանք, թե ամերիկացիների եկամտահարկերն ինչպես էին օգտագործվում մարդու իրավապաշտպան կազմակերպություններին աջակցելու Վրաստանում եւ Ուրաինայում։ Օտարերկրյա հասարակական կազմակերպությունների վերջնական նպատակն այդ երկրների վարչակարգը փոխելն էր, որը հակասահմանադրական է եւ մենք չենք ցանկանում, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը հայտնվի խառնաշփոթության մեջ դրանց գործունեության հետեւանքով, խառնաշփոթություն՝ որին սովորաբար հաջորդում է հեղափոխությունը՚՚։
Սակայն իրենց քաղաքական երկյուղն այս կերպ լուծելով, օրինագծի հեղինակները թերեւս ավելի շատ վնաս կհասցնեն՝ քան օգուտ կտան։ Ռուսաստանում ներկայումս գործող ավելի քան 400 հազար հասարակական կազմակերպություններից ընդամենը երկու հազարն են նվիրված մարդու իրավունքների պաշտպանության գործունեությանը, մյուսները կենտրոնացած են սոցիալական խնդիրներ լուծելու վրա։
Սերգեյ Նիկիտինը միջազգային ՚՚Ներում՚՚ կազմակերպության Մոսկովյան գրասենյակի ղեկավարն է.
՚՚Այս օրինագիծը կվնասի փոքր կազմակերպությունների աշխատանքը, որոնք չեն ցանկանում արձանագրվել։ Մարդու իրավապաշտպան կազմակերպություններից բացի առկա են հազարավոր սոցիալական խմբեր, ինչպես օրինակ, իրենց տներում բռնարարքներից տուժող կանայք են, ովքեր հարկադրված են լինելու կազմել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որը նրանց համար կստեղծի բյուրոկրատական հավելյալ խնդիր՚՚։
Նախքան նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրվելն ու օրենքի ուժ ստանալը, օրինագիծը դեռեւս պետք է անցնի երկու ընթերցումներով եւ հաստատվի խորհրդարանի Վերին պալատի կողմից։ Սակայն, քանի որ Կրեմլամետ ՚՚Միասնական Ռուսաստան՚՚ կուսակցությունը երկրի Դումայում մեծամասնություն է կազմում, քչերն են կասկածում, որ օրինագիծը վերջիվերջո կդառնա Օրենք։