Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը այցելել է Արիզոնայի եւ Տեխասի նահանգները ներգաղթի քաղաքականության բարեփոխումների իր ծրագրի օգտին աջակցություն ապահովելու նպատակով։ Նախագահը ցանկանում է կասեցնել ապօրինի ներգաղթը Միացյալ Նահանգներ, սակայն օրենսդիրները տարակարծիք են անհրաժեշտ միջոցների կիրառման հարցում։
Միացյալ Նահանգների սահմանային ուժերը Արիզոնայի նահանգում պայքարում են ընդդեմ սահմանները խախտողների։ Նախագահ Բուշը վերահաստատել է սահմանները պաշտպանելու իր խոստումն ասելով.
՝՝Մեր սահմանների պաշտպանությունն էական է հայրենիքի անվտանգության գործում։՝՝
Հանդես գալով Արիզոնայի նահանգի Թուսոնի օդային ուժերի հենակետում՝ նախագահ Բուշը ներկայացրեց հսկողությունն ուժեղացնելու, նոր կալանատներ կառուցելու եւ սահմանապահների թիվը 1ՕՕՕ-ով ավելացնելու միջոցով երկրի ներգաղթի համակարգը բարեփոխելու իր ծրագիրը։ Նա նաեւ դիմեց օրենսդիրներին, ժամանակավոր աշխատավորների մասին ծրագիրը հաստատելու կոչով.
՛՛Ծրագրում ենք խստացնել ներգաղթի մասին մեր օրենքները եւ սահմանային հսկողությունն ուժեղացնելու նպատակով՝ Կոնգրեսի հետ միասին կազմելժամանակավոր աշխատավորներին վերաբերող ծրագիր։՝՝
Միացյալ Նահանգներում ներկայումս անօրինական կերպով աշխատում է 11 միլիոն գաղթական։ Կոնգրեսի ղեկավարներն ընդունում են, որ հարկավոր է իրականացնել փոփոխություններ, սակայն շատ են տարաձայնությունները ժամանակավոր աշխատավորների մասին Բուշի ծրագրի շուրջ, ըստ որի, առանց փաստաթղթերի օտարականները մինչեւ 6 տարի կարող են անպատիժ կերպով մնալ երկրում։ Ներգաղթի հարցերով իրավաբան Լաուրա Ռայֆը հավատացած է, որ այսպես կոչված ՝՝հյուր աշխատավորների ծրագիրը՝՝ գործնական չէ։ Նա ասել է.
՛՛Չենք կարծում, թե մարդիկ, ըստ այդ ծրագրի, դուրս կգան իրենց թաքստոցներից։ Չենք կարծում, որ այս երկիր բոլոր մուտք գործածների մասին տեղեկություններ ունենալով կկարողանանք մեր սահմանափակ ուժերն օգտագործել անցանկալի մարդկանց հայտնաբերելու համար։՝՝
Շատ ամերիկացիներ են կարծում, որ կառավարությունն այս ուղղությամբ չի անում անհրաժեեշտ ամեն ինչ։ Միայն անցյալ տարի Մեքսիկայից Միացյալ Նահանգների սահմանը խախտել է մեկ միլիոն մարդ։ Ավելացել է կամավոր կերպով սահմանը հսկողների թիվը, ովքեր իշխանություններին են փոխանցում կասկածյալների մասին տեղեկություններ։ Ինչպես Մերիլենդի կամավորներից Չաք Ֆլոյդն է ասում.
՝՝Մեր սահմանների անվտանգությունն ապահովելն անհրաժեշտություն է։ Քաոսը հարկավոր է վերահսկել Կոնգերսի, արտգործնախարարության, արդարադատության եւ անվտանգության նախարարության ջանքերով։՝՝
Նույն կոչով է հանդես եկել նախագահ Բուշը Տեխասի նահանգում։ Սակայն նրա ծրագրի իրականացումը կախված է երկրի օրենսդիրներից, ովքեր ներգաղթի շուրջ քննարկումները հետաձգել են մինչեւ եկող տարվա սկիզբը։