Մատչելի հղումներ

Սպիտակ Տան դժվարին շաբաթը


Մի նոր հարցախույզի արդյունքների համաձայն, ամերիկացիների ընդամենը 39 տոկոսն է դրական գնահատում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի կատարած աշխատանքը։

2005 թվականի հոկտեմբերի վերջին շաբաթն ամենադժվարինն էր նախագահ Ջորջ Բուշի հնգամյա վարչակազմի համար։ Իրաքում ԱՄՆ-ի զոհերի թիվը շաբաթվա կեսին հասավ 2 հազարի։ Չնայած այս թիվը շատ ավելի նվազ է ԱՄՆ-ի վարած այլ պատերազմների զոհերի թվից, այն նոր բանավեճ հարուցեց Իրաքի պատերազմի շուրջ։

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնին առաջադրված Հարիեթ Մայերսն անցած հինգշաբթի հանեց իր թեկնածությունը, երբ նախագահի կուսակցության անդամները քննադատեցին Հարիեթ Մայերսի որակավորումը։ Շաբաթն ավարտվեց սուտ վկայություն տալու եւ արդարադատության աշխատանքը խափանելու հետեւանքով փոխ-նախագահ Դիք Չեյնիի աշխատակազմի պետ Լուիս Լիբիի դեմ մեղադրանքների հարուցմամբ։

՚՚Էյ-Բի-Սիի՚՚ ՚՚Այս շաբաթ՚՚ հեռուստածրագրով ելույթ ունենալիս նախագահ Բուշի ամենահավատարիմ աջակիցներից սենատոր Ջոն Քորնինն ասել է, որ չնայած նախագահի հանրահայտությունը չափազանց նվազելուն, նրա վարկանիշը կբարելավվի.

՚՚Տհաճ է տեսնելը, երբ լավ անձինք վարկաբեկվում են։ Կարծում եմ, վատ շաբաթից հետո նախագահը հնարավորություն ունի շտկելու կացությունը եւ ապացուցելու, թե երկրի բնակչությունն իրեն ինչու՞ վերընտրեց գրեթե մեկ տարի առաջ՚՚։

Նույն ծրագով ելույթ ուենալիս Սենատում փոքրամասնության ղեկավար, դեմոկրատ Հարի Ռիդը մասնավորապես ասաց.

՚՚ Իմ հիասթափությունը բազմապատիկ է. նախ, փոխ-նախագահն իր հայտարարության մեջ Լիբիին դրվատեց նրա կատարած բոլոր լավ գործերի համար։ Այնուհետեւ նախագահը մի քանի րոպե անց նրան անվանեց ՚՚մեծ հայրենասեր՚՚։ Նրանք ամերիկյան ժողովրդից ներողություն չխնդրեցին Սպիտակ Տան այս խոշոր խնդրի համար։ Նախագահն ու փոխ-նախագահը պետք է ներողություն խնդրեն՚՚։

Երկու սենատորներն էլ համաձայն են, որ Սպիտակ Տունը կացությունը կարող է շտկել Գերագույն դատարանի դատավորի պաշտոնին նոր թեկնածուի առաջադրմամբ։

XS
SM
MD
LG