Մատչելի հղումներ

Ցեղախտրությունը Ռուսաստանում


Օտարերկրացի ուսանողների դեմ Ռուսաստանում վերջերս կատարված մի շարք հարձակումներ մտահոգություն են հարուցում, որ ցեղախտրությունն ու օտարատեցությունը վերելք են ապրում Ռուսաստանի հասարակությունում։

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում զինված հրոսակախմբերից մեկի կողմից տասնութամյա պերուացի մի ուսանողի սպանությունը վերջերս Ռուսաստանում կատարված նման հարձակումներից մեկն էր։ Սպանությունից հետո օտարերկրացի հարյուրավոր ուսանողներ ցույց արեցին, բողոքելու իրենց անվտանգությունը երաշխավորելու իշխանությունների անկարողության դեմ։

Շրջանում օտարերկրացի ուսանողների դեմ այս տարի կատարվել է մոտավորապես հարյուր հանցագործություն, որը 40 տոկոսով ավելի է 2004 թվականի մակարդակից։ Դիտորդներն ասում են, որ ցեղախտրության մակարդակը Վորոնեժում հավասար է խոշոր քաղաքների՝ այդ թվում Մոսկվայում առկա մակարդակին։ Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության համալսարանի ուսանողներն ասում են, թե միակ վայրը, ուր իրենց անվտանգ են զգում, համալսարանի համալիրն է։ Մի ուսանող ասում է.

՚՚Հարձակում է գործվել ընկերներիցս չորսի դեմ։ Նրանց ծեծի են ենթարկել, որոնցից մեկն այժմ ունի առողջական լուրջ խնդիր՚՚։

Նաօֆ Իբրահիմը Սիրիայից եկել է Ռուսաստան վեց տարի առաջ, ժուռնալիստիկայի բաժնում ուսանելու համար։ Նա այս մասին ասում է.

՚՚ Օրենքն անարդար է։ Ես օտարեկրացի ուսանող եմ, ու եթե իմ դեմ հարձակում գործեն անչափահասներ կամ ելուզակներ, օրենքն ինձ չի պաշտպանի՚՚։

Ռուսաստանի պաշտոնատարներն այլ բացատրություն են տալիս հարձակումներին։ Ալեքսեյ Միտրոֆանովը Ռուսաստանի խորհրդարանի անդամ է.

՚՚Սա ոչ մի կապ չունի ցեղախտրության հետ։ Առկա են որոշակի հարաբերություններ թմրադեղերի հետ կապ ունեցող երիտասարդների միջեւ, եւ բազմաթիվ օտարերկրյա ուսանողներ ընդգրկված են թմրադեղերի առեւտրում։ Թերեւս դա կարող է լինել այդ ամբողջ ծեծկռտոցի պատճառներից մեկը՚՚։

Սակայն Օտարերկրացի ուսանողների միության ղեկավար Գաբրիել Կոտչոֆան համամիտ չէ այս կարծիքին։ Նա Աֆրիկայից Ռուսաստան է եկել քսան տարի առաջ, ամուսնացել է ռուս կնոջ հետ եւ ունի երկու երեխա։ Սակայն նա ասում է, թե այնուամենայնիվ փորձում է տնից դուրս չգալ երեկոյան։

՚՚Ցեղախտրություն գոյություն ունի բազմաթիվ երկրներում, նույնիսկ Աֆրիկայում։ Սակայն մենք ընդունում ենք դա, պայքարում ենք դրա դեմ։ Բայց դա թաքցնելն ու ասելը, որ մեր երկրում չկա նման խնդիր, մինչ մարդիկ սպանվում են, անընդունելի է։ Ես պնդում եմ, որ այս երկիրն ունի ցեղախտիր տարրեր։ Երբ օտարերկրացի ուսանողն իր հանրակացարանի սահմաններից դուրս սպանվում է օրը ցերեկով, դա մի՞թե ցեղախտրություն եւ օտարատեցություն չէ՚՚։

Մարդու իրավապաշտպան գործիչներ ասում են, թե ցանկացած անձ, որն ունի օտարերկրացու արտաքին, հավանական թիրախ է։ Մինչ օտարեկրացիների վրա հարձակումներն ավելանում են, ավելի ու ավելի մեծ թվով ուսանողներ ասում են, թե հեռանալու են Ռուսաստանից՝ քանի դեռ ուշ չէ։

XS
SM
MD
LG