Մատչելի հղումներ

Մահմուդ Աբասը Վաշինգտոնում


Պաղեստինյան իշխանության ղեկավար Մահմուդ Աբասն այսօր Վաշինգտոնում հանդիպում է նախագահ Ջորջ Բուշի հետ։

Պաղեստինցիների եւ իսրայելացիների միջեւ խաղաղություն հաստատելու ՚՚ուղեցույց՚՚-ի վեջերս ձախողվելու պատճառը իսրայելացի երեք վերաբնակների սպանությունն էր, որի հետեւանքով Իսրայելն առկախեց Պաղեստինյան իշխանության հետ բանակցությունները։

Պարոն Աբասը, որը Վաշինգտոն կատարած այցից առաջ հանդիպել էր Եւրոպական եւ արաբական երկրների ղեկավարների հետ, դատապարտել է սպանությունները։ Սակայն Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Յիգալ Փալմորը Պաղեստինյան իշխանությանը քննադատել է բռնարարքներին վերջ դնելու գործում բավարար աշխատանք չկատարելու համար։

՚՚Մենք Պաղեստինյան իշխանությանը նախազգուշացրել ենք, որ նման բան կարող է տեղի ունենալ, եթե չկատարեն իրենց հանձնառությունները, եթե չզինաթափեն ահաբեկչական խմբերին, ինչպես հանձնարարված է ՚՚ուղեցույց՚՚-ում՚՚։

Հետախուզական որոշ աղբյուրների համաձայն, սպանություններում թերեւս դեր է ունեցել մահմեդական զինյալների ՚՚Համաս՚՚ խումբը։ Հարձակումների հետեւանքով նոր հարցեր են ծագել ծայրահեղական հատվածները վերահսկելու պարոն Աբասի ունակության առնչությամբ։ Անվտանգության հարցերով վերլուծաբան Անտոնի Քորդեսմանի կարծիքով պարոն Աբասը խնդիր ունի.

՚՚Եթե նա չկարողանա զսպել ՚՚Համաս՚՚-ին ու ծայրահեղականներին, ապա կթուլանա Պաղեստինյան իշխանության նրա դիրքն ու կնվազի խաղաղության գործընթացին Իսրայելի աջակցությունը՚՚։

Հարձակումների հետեւանքով նաեւ կասկածներ են ծագում, թե Գազայի գոտուց Իսրայելի հեռանալուն արդյո՞ք կհաջորդի համապարփակ խաղաղություն։ Ակնկալվում է, որ նախագահ Բուշը պարոն Աբասին կհորդորի բարելավել անվտանգությունը։

Միացյալ Նահանգների անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Մըկքորմաքն ասում է, թե ԱՄՆ-ը չի ցանկանում որպեսզի կողմերից որեւէ մեկը կատարի Իսրայելի հարեւանությամբ Պաղեստինյան անկախ եւ խաղաղ պետություն ստեղծելու նպատակը խոչընդոտող քայլ։

՚՚Մենք հույս ունենք, որ երկու կողմերը հաշվի կառնեն իրենց քայլերի հետեւանքները եւ իրենց ամբողջ ուշադրությունը կուղղեն գերագույն նպատակին, որն Իսրայելի հարեւանությամբ Պաղեստինյան պետություն ստեղծելն է, որպեսզի երկու երկրները կողք-կողքի ապրեն խաղաղորեն եւ անվտանգ՚՚։

Սակայն Մերձավոր Արեւելքի հարցերով որոշ թվով փորձագետներ ասում են, թե Պաղեստինյան անկախ պետություն ստեղծելը հնարավոր չէ, մինչեւ Պաղեստինյան ղեկավարները պայքար չձեռնարկեն ծայրահեղականների դեմ։

՚՚Այստեղ առկա է երկնտրանք. կարելի է ժամանակ շահել ՚՚Համաս՚-ին անտեսելով, սակայն այդպես վարվելը կունենա բացասական հետեւանք, որովհետեւ պայքար կսկսվի, որն անշուշտ չի լինի խաղաղ՚՚։

Պարոն Աբասը թերեւս նման պատգամ կլսի նաեւ նախագահ Բուշից։

XS
SM
MD
LG