Մատչելի հղումներ

Ունկնդրություններ սենատում


Միացյալ Նահանգների սենատը սկսել է երկրի Գերագույն դատարանի գլխավոր դատավորի պաշտոնին առաջադրված պարոն Ռոբերտսի թեկնածության շուրջ ունկնդրությունները։

Հիսունամյա Ռոբերտսը կարող է նշանակալիորեն փոխել Գերագույն դատարանը։ Սենատոր Պատրիկ Լիհին ասաց, թե հանձնաժողովի պարտականությունն է որոշելը, թե դատավոր Ռոբերտսն արդյո՞ք կպաշտպանի բոլոր ամերիկացիների իրավունքները։

՚՚Այս ունկնդրությունը միակ հնարավորությունն է Գլխավոր դատավորի պաշտոնի թեկնածուին ուկնդրելու ու երկրի սահմանադրության վերջնական իրավարարը լինելու նրա կարողության մասին խորհելու համար՚՚։

Հանձնաժողովի նախագահ Առլին Սպեկտերն իր բացման խոսքում ընդունեց, որ երկրում առկա են պառակտումներ եւ հանձնաժողովի անդամներին խնդրեց չքաղաքականացնել ունկնդրությունը։

՚՚Ձեր առաջադրման շուրջ իմ կարծիքը կհայտնեմ ուկնդրության վերջում եւ համոզված եմ, որ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնին հաստատումը չպետք է ունենա քաղաքական կողմնորոշում։՚՚

Բազմաթիվ դեմոկրատներ ծրագրում են այս ունկնդրությունն օգտագործել դատավոր Ռոբերտսի տեսակետը տարբեր հարցերի՝ այդ թվում կրոնի ազատության եւ քաղաքացիական իրավունքների շուրջ պարզելու համար։ Այս մասին սենատոր Դայան Ֆայնշտայնն ասում է.

՚՚Ինձ համար դժվար է քվեարկելը պաշտոնին մի անձի հաստատելու համար, որը գիտեմ, չեղյալ կհայտարարի վիժեցումներ կատարելու կանանց իրավունքը։՚՚

Սենատոր Ջոն Քորնինը պարոն Ռոբերտսին խորհուրդ է տվել չարտահայտել իր դիրքորուշումները։

՚՚Հրաժարվիր պատասխանել որեւէ հարցի, որը քո կարծիքով կխոչընդոտի կատարել քո աշխատանքը՚՚։

Այնուհետեւ դատավոր Ռոբերտսն ասաց, թե դատավորներն օրենքներ չեն ստեղծում, այլ գործադրում են դրանք։

՚՚ Դատավորները քաղաքագետներ չեն, ովքեր կարող են բաներ անել քվեների դիմաց։ Ես չունեմ որեւէ օրակարգ, սակայն ունեմ հանձնառություն՚՚։

Միացյալ Նահանգների Գլխավոր դատավորը համարվում է կառավարության դատական համակարգի ղեկավարը։ Այդ պաշտոնին հաստատվելու դեպքում պարոն Ռոբերտսը կնախագահի Գլխավոր դատարանում եւ իշխանություն կունենա որոշելու, թե ո՞ր դատավորն է գրելու դատարանի կարծիքը։

XS
SM
MD
LG