Մատչելի հղումներ

՚՚Կատրինան՚՚ մոլեգնում է


Արտակարգ իրավիճակներում օգնություն հասցնող խմբերն Ամերիկայի հարավային նահանգներում շտապում են փրկել ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկի հետեւանքով ծանր կացության մեջ հայտնված հարյուրավոր անձանց։

՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկն անցնող երկուշաբթի առավոտյան սլացավ Լուիզիանայի նահանգի տարածքով եւ մեծ ավերածություններ գործեց նաեւ Միսիսիպիի, Ալաբամայի եւ Ֆլորիդայի նահանգներում։ Նախագահ Ջորջ Բուշն այս չորս նահանգներում հայտարարեց արտակարգ իրավիճակ։

՚՚Մենք հնարավորինս ամեն ինչ կանենք օգնելու ծովամրրիկից տուժած անձանց եւ համայնքներին՚՚։

Նյու Օռլեան պատմական քաղաքում ծովամրրիկի հետեւանքով հազարավոր անձինք դարձել են անօթեւան, իսկ քաղաքի որոշ մասեր երեք մետր անցել են ջրի տակ։ Լուիզիանայի նահանգի բնակիչները պարտադիր տարահանվում էին, որը նահանգապետ Քյաթլին Բլանկոն ասում է, թե անհրաժեշտ էր նրանց կյանքը փրկելու համար.

՚՚Տարիների ընթացքում Լուիզիանայում տեղի են ունեցել բազմաթիվ ծովամրրիկներ։ Մենք բավականին զգուշանում ենք դրանցից եւ բավականին խելամիտ ենք այդ խնդրում՚՚։

Այն անձինք, ովքեր չէին կարողացել հեռանալ Նյու Օռլեանից, ապաստանեցին Լուիզիանայի Սյուփերդոմում, որը կառուցվել է դիմակայելու համար ծովամրրիկի սաստիկ քամիներին։

Արտակարգ իրադրությունների ղեկավարման համերկրային գործակալությունը մեկ շաբաթ է, ինչ հետեւում է ՚՚Կատրինայի՚՚ ընթացքին։ Գործակալության ղեկավար Մայքլ Բրաունն այս մասին ասում է.

՚՚Մեր հիմնական նպատակը աղետից տուժածներին գտնելը, վտանգից հեռացնելն ու կյանքեր փրկելն է՚՚։

Չնայած, ինչպես երեւում է, վատթարն անցել է, Միսիսիպիի նահանգապետ Հալի Բարբուրը քաղաքացիներին խնդրում է զգուշություն ցուցաբերել։

՚՚Մահացության դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում ծովամրրիկից հետո՚՚։

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկը կթուլանա՝ մինչ սլանում է դեպի հյուսիս։ Սակայն ծովամրրիկի հետեւանքով պատճառվել է տասներկուսից-քսանհինգ միլիարդ դոլարի վնաս։

XS
SM
MD
LG