Մատչելի հղումներ

Ատոմային ռումբի որոշումը


6Օ տարի առաջ ԱՄՆ-ը ատոմային երկու ռումբ նետեց Ճապոնիայի վրա, ինչը շատերի կարծիքով, ավարտին հասցրեց Երկրորդ Աշխարհամարտը։ Սակայն կան պատմաբաններ, ովքեր հարց են տալիս, արդյո՞ք այդքան անհրաժեշտ էր կործանարար ռումբերի կիրառումը մարդաշատ քաղաքներում։

1945 թվականին, երբ կատաղի պատերազմը շարունակվում էր Խաղաղ Օվկիանոսում, ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումանը ծրագրում էր ներխուժում իրականացնել դեպի Ճապոնիա։ Պատմության նախկին պրոֆեսոր Ռոբերտ Մեդըքսն այդ մասին ասում է.

՛՛Կային կանխատեսումներ, որ պատերազմը լինելու էր չափազանց արյունալի, քանի որ ճապոնացիները միլիոնավոր, թվակազմով զորքեր էին տեղակայում։ Ըստ կանխատեսումների, Ամերիկան, պատերազմ սկսելու դեպքում, տալու էր 5ՕՕ հազար, կամ՝ ավելի զոհ՛՛։

Ռոբերթ Մեդըքսը նաեւ հեղինակն է ՛՛Զենք հաղթանակի համար. Հիրոշիմայի որոշումը՝՝ գրքի։ Նրա խոսքերով, Ճապոնիա ներխուժում իրականացնելու փոխարեն, ատոմային ռումբ նետելու Թրումանի որոշումը երբեք չի եղել կասկածի տակ։ Նա ասում է

՛՛Հարցն այն չէր, օգտագործվելու էր ռումբ, թե ոչ։ Հարցը, մի պաշտոնյայի խոսքերով ասած, այն էր, թե ե՞րբ էր այն օգտագործվելու՝՝։

Երբ Հիրոշիմա քաղաքում պայթեց պատմության մեջ առաջին անգամ կիրառված ատոմային ռումբը, վայրկենապես մոխրացավ 7Օ-ից 9Օ հազար մարդ։

Երկրորդ ռումբը Նագասակիում ոչնչացրեց եւս 4Օ-ից 6Օ հազար ճապոնացի, հիմնականում՝ խաղաղ բնակիչ։ Հաջորդող տարիների ընթացքում պայթյունների թողած հետեւանքներից եւս տասնյակ հազար մարդիկ մահացան։ Ճապոնիան հանձնվեց մի քանի օր հետո, Միացյալ Նահանգների հաղթանակով։

Շատերն էին այն ժամանակ հավատում, որ ցամաքային հարձակումից խուսափելով, հազարավոր ամերիկացիների կյանքը փրկվեց։ Սակայն միջուկային զենքի հեղինակներից Ռոբերտ Օփենհայմերի կենսագրությունը գրի առած Քայ Բըրդն ասում է, թե նույնիսկ պրն Օփենհայմերն էր կասկածում ատոմային ռումբ կիրառելու որոշման բարոյականությունը։

Որոշ մեկնաբաններ այսօր ասում են, թե Ճապոնիան արդեն պատրաստվում էր հանձնվել եւ որ ատոմային ռումբ կիրառելու նախագահ Թրումանի վարչակազմի իրական դրդապատճառը նոր զենքի փորձարկումն էր։ Քայ Բըրդն ասում է.

՛՛Ու նաեւ կարեւոր էր հետպատերազմյան շրջանում ցույց տալ, որ Միացյալ Նահանգներն ուներ հզոր այդ զենքը։ Դա դիվանագիտական ուղերձ էր Խորհրդային Միության համար՝՝։

Ավանդապաշտ պատմաբանները հարցին նայում են հենց այդ տեսանկյունից։ Ռոբերտ Մեդըքսն ասում է.

՛՛Կա այն մոտեցումը, որ ատոմային ռումբերի կիրառումը վերջը չէր Երկրորդ Աշխարհամարտի, այն բացումն էր Սառը պատերազմի։ Երբ մենք նետեցինք ռումբեր, գիտեինք, որ Ճապոնիան կհանձնվեր, սակայն գլխավորը Խորհրդային Միությանը տպավորելն էր։ Ահա սա է անհեթեթությունը՝՝։

Ատոմային Ռումբի կիրառումից 6Օ տարի անց հարցը դեռեւս մնում է վիճելի եւ պատմաբանները շարունակում են դրա արդարացի կամ անարդարացի լինելու շուրջ բուռն վիճաբանությունները։

XS
SM
MD
LG