Երկրագնդի նավթի պաշարների մեկ քառորդը գտնվում է մի երկրի՝ Սաուդյան նավթի թագավորության տարածքում։ Ըստ շատ կանխատեսումների, աճող պահանջարկը բավարարելու համար այստեղ եկող տասնամյակների ընթացքում կարող է գրանցվել արդյունահանման աճ։ Սակայն որոշ վերլուծաբաններ ունեն մտավախություն, որ այս երկիրը հասել է արդյունահանմանը զարկ տալու իր կարողությունների գագաթնակետին, եւ արդյունահանման մակարդակը կարող է շուտով անկում ապրել։
Հյուստոնի դրամատեր Մեթ Սիմընսի խոսքերով, նավթի պաշարների մասին Սաուդյան Արաբիայում առկա գաղտնիությունն ավելի է վատթարացնում իրավիճակը։ Նա ասում է.
՛՛Նավթի պաշարներն ավարտվելուց առաջ իրադրությունը ճիշտ գնահատելու նպատակով, հարկավոր է ունենալ տվյալներ՛՛։
Միջազգային աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա վերջերս հրապարակած իր գրքում Մեթ Սիմընսը գտնում է, որ Սաուդյան Արաբիան չափազանցնում է նավթի իր պաշարների մասին տվյալները եւ պնդում, որ այստեղ նավթն արդյունահանում են հին, գուցեեւ՝ դատարկվող հանքերից։ Նա ասում է.
՛՛1948 թվականին հայտնաբերված եւ 51-ից գործի լծված ու արդեն հին համարվող Ղավարի նավթի հանքից այսօր դեռեւս արդյունահանում են օրական 5 միլիոն տակառ նավթ այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայում օրական ընդհանուր արդյունահանման մակարդակը 8 միլիոն է՝՝։
Սակայն Հյուստոնի Ռայսի համալսարան կատարած իր այցի ժամանակ ՝՝Սաուդյան Արամկո՝՝ նավթի պետական ընկերության նախագահ Աբդուլլահ Ջումահը հերքում է պրն. Սիմընսի կողմից արտահայտված մտահովությունը։
՝՝Պաշարների շուրջ բացարձակապես չկա որեւէ անհամաձայնություն մեր մասնագետների եւ նավթի ու գազի արհեստավարժ պաշտոնյաների միջեւ՝՝։
Նրա խոսքերով, Սաուդյան Արաբիան ներկա տվյալներով ունի 26Օ միլիաըդ տակառ նավթի պաշարներ եւ դրանք շարունակում են աճել։ Նա ասում է.
՚՚Հավանական պաշարները փաստացի տակառների վերածելով, երկար տարիներ է մեզ հաջողվել վերականգնել արդյունահանման մակարդակը, լինելով աշխարհում անմշակ նավթի ամենամեծ արդյունահանողներից մեկը՝՝։
Սաուդյան Արաբիայի նավթային ընկերության նախագահը հայտարարում է, թե ընդերքի որոշ հատվածներում, որտեղ դեռեւս չեն իրականացվել որոնման լիակատար աշխատանքներ, կա եւս մոտ 2ՕՕ միլիարդ տակառ անմշակ նավթ։ Նման հավաստիացումները չեն բավարարում Մեթ Սիմընսին, որը նավթի պաշարների ճիշտ հաշվարկի համար պահանջում է թափանցիկություն։
Հյուստոնի համալսարանի նավթարդյունաբերության հարցերով փորձագետ եւ ՝՝Համաշխարհային Էներգիայի Ամենամսյա Տեսություն՝՝ պարբերականի խմբագիր Մայքլ Էքընոմոդզը համաձայն չէ պրն. Սիմընսի հետ։ Նա ասում է.
՛՛Կարծում եմ, Սաուդյան Արաբիան, համապատասխան ներդրումներ եւ տեխնոլոգիական նոր սարքավորումներ ունենալու դեպքում, օրական կարող է արդյունահանել 13-ից 15 մլրդ. տակառ նավթ՝ նկատելիորեն ավելի, քան այսօր՝՝։
Բայց Նավթ Արդյունահանող Երկրների Կազմակերպության, ՕՊԵԿ-ի բոլոր անդամների կողմից թափանցիկություն ցուցաբերելու հարցում պրոֆեսոր Էքընոմիդզը համամիտ է պրն. Սիմընսի հետ։
Էներգիայի բնագավառում փորձառություն ունեցողները քիչ հավանական են համարում, որ ՕՊԵԿ-ի երկրները կարող են գնալ նման թափանցիկության։ Շատերն են կոչ անում Միացյալ Նահանգներին, որ անկախ Սաուդյան Արաբիայի պաշարների մասին իրարամերժ պնդումներից, սկսի մտածել սաուդյան նավթից իր կախվածությունը թուլացնելու մասին։