Մատչելի հղումներ

Մեր ճամփորդական էջը՝ Նյու Յորքի նահանգի գինեգործական շրջանի մասին։ 


Ռոչեստրից հարավ գտնվում է Նյու Յորքի նահանգի Ֆինգըր Լեյքսի շրջանը, ուր կան 11 լճեր։ Հնդկացիական բանահյուսության համաձայն լճերը ձեւավորվել են, երբ Աստված իր ձեռքի դրոշմը դրել է երբեւէ արարված ամենագեղեցիկ հողատարածքներից մեկի վրա։

1976 թվականին Նյու Յորքի նահանգն ընդունեց գինեգործության մասին օրենքը, որով խաղող աճեցնող ագարակագործների համար դյուրացվում էր գինու արտադրության մեջ նրանց ներգրավվածությունը։ Ֆինգըր Լեյքսի շրջանը Նյու Յորքի նահանգի գինեգործության ծննդավայրն է եւ Կալիֆոռնիայի նահանգի Նապայի հովտից հետո այն գինեգործական երկրորդ խոշորագույն շրջանն է երկրում։ Համարվում է, որ այստեղ գինեգործական արդյունաբերության հիմնադիրն է եղել ուկրաինացի վերաբնակ դոկտոր Կոնստանտին Ֆրանկը։ Նա ասում է.

“Հայրս եղել է չափազանց յուրօրինակ անձնավորություն։ Շատերը համարում են, որ նա Միացյալ Նահանգների արեւելյան շրջանի համար արել է թերեւս անհնարինը”։

Դոկտոր Կոնստանտին Ֆրանկին հաջողվել է հյուսիսային Եվրոպայում աճող խաղողի տեսակներն աճեցնել Նյու Յորքի նահանգի եղանակային զով պայմաններում։ Նա ասում է.

“Այսպիսով թե՛ գինեգործական արդյունաբերությունը եւ թե՛ հետազոտողները նրան համարեցին ցնորված ծեր գիտնական, քանի որ Եվրոպայի խաղողի տեսակներն այստեղ աճեցնելու իրենց բոլոր փորձերը մատնվել էին անհաջողության”։

1960-ական թվականների սկզբներին դոկտոր Ֆրանկի հաստատակամությունը վերակենսունականացրեց վերացման դատապարտված գինեգործական 100-ամյա արդյունաբերությունը։ Ներկայումս Նյու Յոքի նահանգի եւ ԱՄՆ-ի արեւելյան ափի գինիները կարող են մրցել այլ նահանգների լավագույն գինիների հետ։

Դոկտոր Կոնստանտին Ֆրանկի որդին՝ Վիլլին, եւ թոռը՝ Ֆրեդը, գինեգործական փորձարարական բիզնեսը վեր են ածել մրցունակ գինեգործարանի։ Ամեն տարի դոկտոր Ֆրանկի անվան Վինիֆերայի գինու մառաններում արտադրվում են Նյու Յորքի եղանակային զով պայմաններում եւ քարքարոտ հողում աճեցված խաղողի տասից ավելի տեսակներից ստացված գինիների 30 հազար արկղեր։

Գինեգործարան այցելելիս թերեւս հաջողվի գինի ըմպել Ֆրանկների ընտանիքի անդամների հետ։ Վինիֆերայի գինու մառանները Ֆինգըր Լեյքսի շրջանում հաստատված գինեգործական 100 գործարաններից մեկն է։

XS
SM
MD
LG