Մատչելի հղումներ

՚՚Դիսքավրի՚՚-ի հրամանատարը կին է


Միացյալ Նահանգների ՚՚Դիսքավրի՚՚ տիեզերանավը երկրամերձ ուղեծիր է արձակվելու հուլիսի տասներեքից մինչեւ երեսունմեկն ընկած ժամանակահատվածում, որի հրամանատարը կին է։

՚՚Դիսքավրի՚՚-ի տիեզերագնացների խմբի ղեկավարը լինելու է Էյլին Քոլինզը, որը 19 տարեկան հասակում սովորել է օդանավ վարել։ 1991 թվականին նա ընդգրկվել է Միացյալ Նահանգների ՆԱՍԱ գործակալության տիեզերագնացների խմբում։ Այս մասին Էյլինն ասում է.

՚՚1978 թվականին սկսեցի մարզվել երկրի ռազմաօդային ուժերի զինվորական օդաչուի աշխատանքի համար, եւ տիեզերական թռիչքների նպատակով ՆԱՍԱ-ն նույն տարում ընտրեց առաջին կանանց։ Տիեզերագնացների առաջին խմբում ընդգրկված վեց կանայք ինձ համար չափանիշ էին։ Այդ ժամանակ որոշեցի, թե մի օր թռչելու եմ տիեզերք՚՚։

Ֆրանսիացի տիեզերագնաց Միշել Տոնինին աշխատել է Էյլինի ղեկավարության ներքո։ Միշելն ասել է.

՚՚Նա ԱՄՆ-ի մարտական առաջին օդաչուներից մեկն էր։ Նա նաեւ ԱՄՆ-ում փորձարկող առաջին օդաչուներից մեկն էր։ ՆԱՍԱ-ում նրան ընտրեցին որպես տիեզերագնաց օդաչու՚՚։

Այժմ, ՚՚Կոլումբիա՚՚ տիեզերանավի աղետից ավելի քան երկու տարի անց, Էյլին Քոլինզը կղեկավարի ՚՚Դիսքավրի՚՚-ի յոթ տիեզերագնացների խումբը։ Նրանք ապրանքներ եւ գիտական սարքեր կհասցնեն միջազգային տիեզերակայանին։ Էյլին Քոլինզն ասել է.

՚՚Մենք օգնելու ենք տիեզերակայանը կառուցելու գործում եւ կատարելու ենք գիտափորձեր։ Խորհելու ենք հաջորդ առաքելությունների՝ թերեւս լուսին հասնելու, կամ մի օր Մարս ուղեւորվելու՝ եւ վերջիվերջո արեգակնային համակարգից հեռանալու մասին՚՚։

՚՚Դիսքավրի՚՚-ի թռիչքին Էյլին Քոլինզին կմիանա հինգ տղամարդ եւ մեկ կին տիեզերագնաց։

Էյլին Քոլինզն ասում է, թե վստահ է, որ տիեզերանավի հրամանատար իր նշանակվելը կոգեշնչի հաջորդ սերնդի կին տիեզերագնացներին։

XS
SM
MD
LG