Մատչելի հղումներ

Իրաքի Քրդական շրջանի զինուժը


Նախկինում Սադամ Հուսեյնի կառավարության դեմ կռված Հյուսիսային Իրաքի քրդական ՚՚փեշմերգա՚՚ աշխարհազորայինների զինուժն այժմ ցանկանում է միանալ Իրաքի ազգային բանակին։

Իրաքի ազգային բանակի այս նորակոչիկները սովորում են զինվորական գործը։

Այս անձինք Հյուսիսային Իրաքում ապրող քրդեր են։ Նրանցից շատերն իրենց դեռեւս համարում են ՚՚փեշմերգաներ՚՚, քուրդ աշխարհազորայիններ, ովքեր տասնյակ տարիներ կռվել են Սադամ Հուսեյնի վարչակարգի դեմ։

Վաշինգտոնը փեշմերգաներին համարում էր կարեւոր դաշնակից Սադամ Հուսեյնին իշխանութունից տապալելու գործում։ Այս հենակայանի հազար հարյուր զինվորներից շատերին ԱՄՆ-ը զենք է տրամադրել։

Սակայն կապիտան Սաբիր Ահմեդն ասում է, թե իրենց համար ամենաարժեքավորն իրենց ստացած ամերիկյան զինվորական պատրաստությունն է։

՚՚Ամենակարեւորը, ամերիկացիները մեզ սովորեցնում են ինչպես հարձակումներ գործել շենքն ահաբեկիչներից մաքրելու համար՚՚։

Պաշտոնատարներն ասում են, թե Հյուսիսային Իրաքում ԱՄՆ-ի եւ Իրաքի զինուժերի հետ համատեղ կռվում են 600 քուրդ զինվորներ։ Սակայն փեշմերգաներին չի թույլատրվում գործել Քրդական շրջանից անդին։

Բայց փեշմերգաները փափագում են կռվել ապստամբների դեմ։ Համիդ Էֆենդին փեշմերգաների նախարարն է։

՚՚Պատրաստ ենք մտնելու Մոսուլ կամ Կիրկուկ։ Մենք դրանք կարող ենք մաքրել ահաբեկիչներից՚՚։

Պարոն Էֆենդին ասում է, թե ԱՄՆ-ի եւ Իրաքի ղեկավարները ցանկանում են խուսափել Իրաքում ազգամիջյան պառակտման ըմբռնումից, որը կարող է հարուցել արաբական տարածքում կռվող քրդական մի զորամաս։

՚՚Նրանք մեզ ասում են, թե ավելի լավ է պաշտպանել Քրդստանը եւ մնալ այնտեղ, քանի որ բաժանում է առկա քրդերի եւ արաբների միջեւ։ Եթե փորձենք մտնել Մոսուլ, թերեւս նրանցից ոմանք կասեն, թե քրդերը ցանկանում են հարձակում ձեռնարկել արաբների դեմ՚՚։

Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին հարյուր հազարավոր քրդեր սպանվեցին եւ միլիոնավոր ուրիշներ անօթեւան դարձան, որը ծրագրված էր խոչընդոտելու քրդերի չափազանց հզորացումը։

ԱՄՆ-ը 1991 թվականին ՚՚թռիչքազերծ՚՚ գոտի հարկադրեց քրդական տարածքի երկնակամարում, որի շնորհիվ շրջանը մինչեւ 2003 թվականը վայելում էր ինքնավարություն։

՚՚Քրդստանի հայրենասիրական միություն՚՚ կուսակցության անդամ Ադնան Մուֆթին այս մասին ասում է.

՚՚Մենք դեռեւս երկյուղում ենք, որ Բաղդադում թերեւս կարող է կատարվել փոփոխություն։ Մեզ անհրաժեշտ է փեշմերգաների զինուժը պահպանել, մինչեւ ժողովրդավարությունը լիովին հաստատվի Իրաքում եւ Քուրդիստանում ՚՚։

Ինչպես փեշմերգաները, այնպես էլ Քրդական շրջանում բազմաթիվ անձինք ասում են, որ իրենց իրավունքները երաշխավորվելու դեպքում հանձնառու են մաս կազմելու նոր Իրաքին։

XS
SM
MD
LG