Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի ելույթը Իրաքի առնչությամբ


Նախագահ Բուշը Միացյալ Նահանգներից Իրաքին իշխանության փոխանցման առաջին տարեդարձի առթիվ ունեցած իր ելույթում ասել է, թե աշխատանքն Իրաքում դժվարին է ու վտանգավոր, սակայն այդ զոհաբերությունն անհրաժեշտ է հանուն Միացյալ Նահանգների անվտանգության։

Նախագահ Բուշն ամերիկյան ժողովրդին հորդորեց համբերատար լինել Իրաքում տարվող, իր բառերով, դժվարին ու վտանգավոր աշխատանքների հարցում։

՛՛Իրաքում մենք հետապնդում ենք ահաբեկիչներին եւ օգնում, որ Իրաքը դառնա ազատ երկիր, որը մեր դաշնակիցն է ահաբեկչության դեմ մղվող պայքարում։ Մենք ցանկանում ենք ազատությունը ծավալել նաեւ ամբողջ Մերձավոր Արեւելքում՛՛, ասաց նախագահը։

Նախագահ Բուշը դարձյալ հրաժարվեց Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման համար ժամկետ նշանակելուց։

՛՛Արհեստական ժամկետի նշանակումը սխալ պատգամ կհղի Իրաքցիներին։ Անհրաժեշտ է, որ իրաքցիներն իմանան, որ Ամերիկան իր գործը անավարտ չի թողնի ու հեռանա։ Անհրաժեշտ է, որ մեր զորքերն իմանան, որ մենք լրջորեն ենք մոտենում մեր առաքելությանը, որի համար մեր զինվորներն իրենց կյանքն են վտանգում։ Ժամկետ նշանակելով մենք մեր թշնամուն հնարավորություն կտանք սպասելու Իրաքից մեր հեռանալուն։ Մենք Իրաքում կմնանք այնքան որքան անհրաժեշտ է՛՛, ասաց նախագահը։

Նախագահ Բուշն այս հայտարարություններն արեց հեռուստատեսությամբ պատկերասփռված ելույթում, Հյուսիսային Կարոլինայի Ֆորթ Բրագի ռազմական հենակետից։ Նախագահ Բուշն ասաց, որ որպես նախագահ իր համար առաջնահերթություն է ամերիկացիներին պաշտպանելը, եւ որ Իրաքը կենտրոնական ռազմադաշտ է ահաբեկչության դեմ մղվող պայքարում ։

՛՛Ահաբեկիչները կարող են սպանել անմեղ մարդկանց, սակայն նրանք չեն կարող կասեցնել ազատության առաջընթացը։ Մեր թշնամիները կհաջողեն միայն այն ժամանակ, երբ մենք մոռանանք սեպտեմբերի 11ի դասերը, եւ լքենք Իրաքի ժողովրդին՝ Զարքավի, իսկ Մերձավոր Արեւելքի ապագան՝ Բին Լադենի նմանների քմահաճությանը։ Հանուն մեր երկրի անվտանգության, իմ պաշտոնավարության օրոք դա տեղի չի՛ ունենա՛՛, ասաց նախագահը։

Նախագահ Բուշի ելույթը նշեց Միացյալ Նահանգներից Իրաքին իշխանության փոխանցման առաջին տարեդարձը։ Սակայն Իրաքում դեռ շարունակվում են բռնությունները, իսկ նախագահ Բուշի վայելած ժողովրդականությունը վերջերս նվազել է։ Ամերիկացիների մեծամասնությունը Իրաքի պատերազմի հարցում դժգոհ է պրն Բուշից։ Սակայն մեծամասնությունը նաեւ նշում է որ ամերիկյան զորքերը պետք է մնան Իրաքում, մինչեւ կայունության հաստատումը։ Ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության բազմաթիվ անդամներ հարցականի տակ են դնում վարչակազմի վարած քաղաքականությունն Իրաքում։

Ամերիկայի Ձայն, Վաշինգտոնից

XS
SM
MD
LG