Միացյալ Նահանգները ողջունում է Սիրիայի քրդական ինքնավար շրջանի հաստատություններն ազգային կառավարության համակարգում ինտեգրելու համաձայնությունը։ Այս մասին հաղորդել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես տեղեկացնում է պետքարտուղարութան կայքը։
«Միացյալ Նահանգները ողջունում է վերջերս հայտարարված համաձայնությունը Սիրիայի ժամանակավոր իշխանության և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև՝ հյուսիս-արևելքը միացյալ Սիրիային ինտեգրելու վերաբերյալ», - ասել է պետքարտուղար Ռուբիոն՝ նկատի ունենալով քրդերի գլխավորած, ԱՄՆ-ի դաշնակից «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF):
«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը քաղաքական անցմանը, որն ընդգծում է վստահելի, ոչ կրոնական կառավարումը՝ որպես հետագա հակամարտություններից խուսափելու լավագույն ուղի։ Մենք կշարունակենք վերահսկել ժամանակավոր իշխանությունների կողմից ընդունված որոշումները»,- ընդգծված է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ։
Սիրիայի նոր իշխանությունները ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարայի օրոք փորձել են ցրել զինված խմբավորումները և կառավարական վերահսկողություն հաստատել ամբողջ երկրի վրա այն բանից հետո, երբ ապստամբները դեկտեմբերին տապալեցին Բաշար ալ-Ասադի երկարաժամկետ ռեժիմը տասնամյակներ տևած քաղաքացիական պատերազմից հետո:
Երկուշաբթի օրը՝ մարտի 10-ին, Սիրիայի գործող ղեկավարը հայտարարեց քրդական SDF-ի ղեկավարի հետ համաձայնության մասին՝ ինտեգրելու քրդական ինքնավար վարչակազմը, որը վերջին տասնամյակում կառավարում էր երկրի հյուսիս-արևելքի մեծ մասը, նոր պետական կառույցներում:
Երկուշաբթի օրը ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ Սիրիայի արևելքում գտնվող սահմանային անցակետերը, օդանավակայանը և նավթի ու գազի հանքերը կփոխանցվեն Դամասկոսի վարչակազմին։
Վերջին տարիներին ԱՄՆ-ն աջակցել է SDF-ին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, որը Վաշինգտոնը որակել է որպես ահաբեկչական խմբավորում: