Մատչելի հղումներ

Որո՞նք են լինելու նախագահ Թրամփի այսօրվա ելույթի հիմնական կետերը


Նախագահ Դոնալդ Թրամփ
Նախագահ Դոնալդ Թրամփ

Հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների առջև՝ Սպիտակ տան ղեկավարը կամփոփի իր նախագահական երկրորդ ժամկետի առաջին շաբաթները։

Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում՝ ամփոփելով իր նախագահության երկրորդ ժամկետի առաջին շաբաթները։

Օրենսդիրների առաջ ելույթը Թրամփին հնարավորություն է տալիս հրապարակայնորեն ներկայացնել իր տեսակետները տնտեսական և ներգաղթին վերաբերող քաղաքականության վերաբերյալ, սատարել դաշնային աշխատողների թվի նշանակալի կրճատումները ու Զելենսկու հասցեին ուղղված սուր քննադատությունը։

Այս փուլում Թրամփի գլխավոր խնդիրն է Սենատում և Ներկայացուցիչների տանը հանրապետականների մեծամասնություն քվեն շահելը՝ նոր պետբյուջե ընդունելու նպատակով, որը պետք է ֆինանսավորի ԱՄՆ կառավարությանը այս մարտի 14-ից հետո:

Կուսակցության ներսում բանավեճ է ընթանում սոցիալական աջակցության ծրագրերի, մասնավորապես՝ Medicaid-ի հնարավոր կրճատումների շուրջ: Որոշ հանրապետական օրենսդիրներ ասում են, թե անհրաժեշտ է նվազեցնել պետպարտքը և երկարաձգել հարկերի կրճատումները, որոնք ընդունվել են 2017 թվականին՝ Թրամփի առաջին նախագահության ժամկետում։

Թրամփը կոչ է արել օրենսդիրներին ընդունել «մի մեծ և գեղեցիկ օրինագիծ»՝ իր քաղաքականությունը ֆինանսավորելու համար։

«Մենք շատ աշխատանք ունենք անելու, բայց մենք իրականացնում ենք «Նախևառաջ Ամերիկան» մեր ծրագիրը»,- անցած շաբաթ ասել է Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: «Մտադիր ենք այն իրականացնել ամբողջությամբ, ոչ թե մասնակի»։

Կոնգրեսի դեմոկրատները սուր քննադատության են ենթարկել բյուջեի առաջարկը՝ պնդելով, որ այն ձեռնտու է միայն հարուստներին։

«Այս ծրագիրը կողոպտելու է տարեցներին, երեխաներին և հաշմանդամ մարդկանց՝ հարուստներին ավելի հարուստ դարձնելու համար», - նշել է Սենատի փոքրամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերը:

Սպասվում է, որ իր ելույթում Թրամփը կանդրադառնա նաև նոր մաքսատուրքերին։ ԱՄՆ նախագահը, փաստորեն, հաստատեց Կանադայից և Մեքսիկայից ներմուծված ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրքերը, որոնք ուժի մեջ են մտնում այս մարտի 4-ից:

«Նրանց սպասում են [մեր] մաքսատուրքերը։ Եթե ցանկանում են խուսափել դրանցից, պետք է գործարաններ կառուցեն Միացյալ Նահանգներում»,- երկուշաբթի լրագրողներին ասել էր Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահի ելույթի առանցքային թեմաներից մեկը, ամենայն հավանականությամբ, կվերաբերվի ներգաղթի հետ կապված բարեփոխումներին՝ մի խնդիր, որն առանցքային նշանակություն ուներ Թրամփի նախընտրական քարոզարշավում: Ակնկալվում է, որ նախագահը հատուկ ուշադրություն կդարձնի երկրի հարավային սահմանի անվտանգությանը։

Նա, հավանաբար, կանդրադառնա նաև Իլոն Մասկի կողմից ղեկավարվող Կառավարության արդյունավետության նախարարության (DOGE) աշխատանքին:

Ակնկալվում է, որ Մասկը նույնպես ներկա կլինի նախագահի ելույթի ժամանակ՝ նշել է Սպիտակ տան պաշտոնյան։

Նախագահ Թրամփը, ըստ ամենայնի, կխոսի նաև արտաքին քաղաքականության մի շարք խնդիրներից:

Օրերս Սպիտակ տանը հյուրընկալելով Վոլոդիմիր Զելենսկուն՝ նախագահ Դոնալդ Թրամփը ասաց, թե Ուկրաինան բավականաչափ երախտապարտ չէ ԱՄՆ-ին՝ մոտ 200 միլիարդ դոլարի օգնության համար, որը Վաշինգտոնն ուղարկել է Ուկրաինա՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու համար։

Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան հայտնի դարձավ, թե Կիևին տրամադրվող Վաշինգտոնի ռազմական օգնությունը դադարեցվել է, որից ընդամենը ժամեր անց Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն կայուն խաղաղության հաստատման։

Ավելի վաղ՝ Reuters-ի հարցին, թե ինչ ճակատագիր կունենա ուկրաինական հազվագյուտ հանքերի շուրջ գործարքը, ԱՄՆ նախագահը պատասխանել էր, թե այդ մասին կխոսի երեքշաբթի երեկոյան:

Ակնկալվում է, որ Թրամփը կանդրադառնա նաև Գազայի հրադադարին ու շրջանի ապագային վերաբերող հարցերին։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ Կոնգրեսում նախագահ Թրամփին Դեմոկրատական կուսակցությունից արձագանքելու է ԿՀՎ նախկին վերլուծաբան, Միչիգանից ընտրված սենատոր Էլիսա Սլոտկինը։

XS
SM
MD
LG