Մատչելի հղումներ

Ներկայացուցիչների պալատի հանրապետականները կքվեարկեն բյուջեի բանաձևի շուրջ


ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես

Բանաձևը պահանջում է տրիլիոնավոր դոլարների հարկերի կրճատում և պաշտպանության և սահմանների անվտանգության ծախսերի ավելացում:

Ներկայացուցիչների պալատի հանրապետականներն այս շաբաթ կքվեարկեն բյուջեի մի բանաձևի շուրջ, որը կկրճատի տրիլիոնավոր դոլարների հասնող հարկերը և կավելացնի պաշտպանության և սահմանների անվտանգության ծախսերը՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգի մաս:

Հանրապետականները չնչին մեծամասնություն ունեն Կոնգրեսի ստորին պալատում, և բանաձեւը չի ընդունվի, եթե դեմ քվեարկեն բոլոր դեմոկրատները և երկու հանրապետականներ։ Խոսնակ Մայք Ջոնսոնը բախվում է տասնյակ հանրապետականների հակազդեցությանը բյուջեի բանաձևի շուրջ, որը թույլ կտա Կոնգրեսի հանձնաժողովներին սկսել լայնածավալ օրենսդրության մշակումը:

Բանաձևի նախագիծը պահանջում է 4,5 տրիլիոն դոլարով կրճատել հարկերը, ինչը կասկածներ է առաջացրել որոշ օրենսդիրների մոտ, որոնք մտահոգված են երկրի աճող պարտքով, որն այժմ կազմում է 36 տրիլիոն դոլար: Ծախսերի 2 տրիլիոն դոլարի կրճատումը նույնպես անհանգստացնում է որոշ օրենսդիրների, ովքեր ասում են, որ իրենց ընտրողները կարող են կորցնել հիմնական ծառայությունները:

«Ի՞նչը կարող է սխալ լինել (այստեղ), ճիշտ է»,- անցյալ շաբաթ Ջոնսոնը կատակեց՝ ելույթ ունենալով Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում (CPAC)՝ հավելելով. «Բոլորը, բոլորը, հավատարիմ են «Ամերիկան առաջնային է» օրակարգի իրականացմանը, և այդպիսով մենք կհասնենք դրան»:

Ներկայացուցիչների պալատի և Սենատի հանրապետականները պետք է ընդունեն բանաձևը, որպեսզի շրջանցեն Սենատում դեմոկրատների դիմադրությունը:

Բացի այդ, Կոնգրեսը նաև պետք է կանխի պետական կառույցների մասնակի փակումը մարտի 14-ից հետո, երբ ֆինանսավորումը կսպառվի, իսկ հետո բարձրացնի պարտքի առաստաղը:

«Կոնգրեսի որոշ անդամներ չեն կողմնորոշվել և հակված են դեմ քվեարկելու բանաձևին։ Մեզանից շատերը դեռևս կարիք ունեն ղեկավարության հստակության, թե որտեղ կարող ենք գումար խնայել, ասել է Նյու Յորքի կոնգրեսական Նիկոլ Մալիոտակիսը, ութ հանրապետական օրենսդիրներից մեկը, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել Ջոնսոնին փետրվարի 19-ի նամակում:

«Ես պատասխանների կարիք ունեմ որոշ հարցերին, թե ինչպես ենք մենք դրան հասնելու՝ առանց բնակչությանը Medicaid-ի վնասելուն»:

Նա ասաց, որ կցանկանար, որ Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության դեպարտամենտից (DOGE) խնայողությունները օգտագործվեին ծախսերը կրճատելու համար՝ որպես իր ընտրողներին մատուցվող ծառայությունները պաշտպանելու միջոց:

Թրամփն ասել է, որ կարող է Մասկի ջանքերի խնայողությունների 20%-ն ուղիղ տրամադրել երկրի քաղաքացիներին։

Ջոնսոնը CPAC-ում իր ելույթի ժամանակ կասկած հայտնեց այդ գաղափարի վերաբերյալ. «Հարկաբյուջետային պատասխանատվությունն այն է, ինչ մենք անում ենք որպես պահպանողականներ: Սա մեր ապրանքանիշն է: Եվ մենք ունենք 36 տրիլիոն դոլար դաշնային պարտք... Կարծում եմ, որ մենք պետք է վճարենք վարկային քարտը»:

Սենատի հանրապետականներն անցած շաբաթ ընդունեցին իրենց բյուջեի որոշումը որպես «Ծրագիր Բ»՝ 340 միլիարդ դոլար արժողությամբ միջոցառում, որն ընդգրկում է Թրամփի օրակարգը, ներառյալ սահմանի, պաշտպանությա և էներգետիկ ոլորտի առաջնահերթությունները, բայց հարկային քաղաքականությունը թողնում է հետագա քննարկմանը:

XS
SM
MD
LG