Հինգշաբթի ելույթ Վաշինգտոնում ընթացող Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովում՝ CPAC-ում, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կրկին դիմեց Եվրոպային:
«Ակնհայտ է, որ շարունակելու ենք կարևոր դաշինքները Եվրոպայի հետ: Բայց, իսկապես, կարծում եմ, որ այդ դաշինքների ուժը կախված կլինի նրանից, թե արդյոք մենք մեր հասարակությունները ճիշտ ուղղությամբ եք տանում»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:
Պահպանողական ուժերի այս հավաքին, որն անցկացվում է 1974 թվականից ի վեր, մասնակցում էին Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Հունգարիայի և Իտալիայի աջակողմյան գործիչները:
Դիտորդների խոսքով՝ ականտես ենք լինում Միացյալ Նահանգների ու Եվրոպայի միջև նոր հարաբերությունների ձևավորմանը։
«Կարծում եմ, պետք է շատ, շատ լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ կատարվում է CPAC-ում: Ականատեսն ենք Ամերիկայի բաժանմանը Եվրոպայում մեր ավանդական դաշնակիցներից՝ ՆԱՏՕ-ից: Խոսքը 80-ամյա համագործակցության մասին է, որը, կարծես, ճաքեր է տվել: Սա մտահոգում է ամերիկացիներին և մտահոգում է Եվրոպային»,- ասում է «Երրորդ ճանապարհ» հաստատության վերլուծաբան վերլուծաբան Ջիմ Քեսլերը:
Ոչ բոլոր եվրոպացիներն են դեմ Թրամփի օրակարգին, նրա գլխավորած վարչակազմի մոտեցումներին:
«Դադարեցրե՛ք պատերազմը: Նախագահ Թրամփը իրավացի է: Ինչպես ասաց իմ վարչապետը, այս՝ [ուկրաինական] պատերազմը պետք է ավարտվի, քանի որ այն մեզ ոչ մի տեղ չի տանելու: Խելագարություն է: Հարյուր հազարավոր մարդիկ են զոհվում»,- ասել է Հունգարիայի վարչապետի քաղաքական հարցերով խորհրդական Բալաշ Օրբանը:
Եվրախորհրդարանի անդամ Դիանա Իովանովիչ Շոշոակեն, ով գլխավորում է Ռումինիայի ծայրահեղ աջ կուսակցությունը, «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, որ համաժողովին մասնակցելու համար հրավեր է ստացել Թրամփի վարչակազմից։ Նրա առաջին մասնակցությունն է համաժողովին:
Իովանովիչ Շոշոակեն անդրադարձավ Ռումինիայի Սահմանադրական դատարանի որոշմանը, ըստ որի իրեն արգելվել էր իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականի նախագահական ընտրություններին:
«Որովհետև իմ դիրքորոշումը Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ՆԱՏՕ-ի գործողությունների դեմ է, որոնք պատերազմ հրահրեցին։ [Արգելվել է իմ թեկնածության առաջադրումն] իմ ազատ արտահայտվելու պատճառով, որովհետև դեմ էի Covid-19-ի պատվաստմանը, դիմակներ կրելուն։ Ես Ռումինիայի ձայնն էի, ինչպես դուք «Ամերիկայի ձայնն» եք: Նրանք ասացին՝ դուք հակասահմանադրական կարծիքներ ունեք, ուստի չեք կարող մասնակցել ընտրություններին»,- նշել է Դիանա Իովանովիչ Շոշոակեն:
CPAC-ի համաժողովը կարևոր իրադարձություն է համարվում աշխարհի պահպանողական ուժերի համար։ Իր առաջին պաշտոնավարման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ էր ունեցել համաժողովում։ Սպասվում է, որ Սպիտակ տան ղեկավարը վերստին հանդես կգա հավաքի առջև շաբաթ օրը։
Համաժողովին ելույթ ունեցողների շարքում էր նաև նախագահ Թրամփի կողմից «Ամերիկայի ձայնի» տնօրենի պաշտոնում առաջադրված Քերի Լեյքը, ով իր խոսքում ընդգծեց, թե «Ամերիկայի ձայնը» կենտրոնանալու է «ճշգրիտ» և «ազնիվ» տեղեկություն հաղորդելու վրա:
Լեյքը նշել է՝ ԱՄՆ-ն տեղեկատվական պատերազմ է մղում, և չկա ավելի լավ զենք, քան ճշմարտությունը՝ հավելելով, որ «Ամերիկայի ձայնը» կարող է լինել ճշմարտությունը հաղորդող միջոցը: