Մատչելի հղումներ

ԱՀԿ-ն քննարկելու է իր բյուջեի կրճատումը՝ կազմակերպությունից ԱՄՆ-ն դուրս բերելու Թրամփի որոշումից հետո


Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Կիգալի, Ռուանդա, հոկտեմբերի 20, 2024թ․։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Կիգալի, Ռուանդա, հոկտեմբերի 20, 2024թ․։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ-երկրները կքննարկեն կազմակերպության բյուջեն 400 միլիոն դոլարով կրճատելու հարցը՝ տեղեկանում ենք երկուշաբթի լույս տեսած փաստաթղթից։

Բյուջեի կրճատման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ սկսել ԱՀԿ-ից ԱՄՆ-ն դուրս բերելու գործընթացը։

Ինչպես հայտնի է, Վաշինգտոնը կազմակերպության ամենամեծ դոնորն է։

ԱՀԿ-ի գործադիր մարմնի տարեկան ժողովը բացելով՝ կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը պաշտպանել է գործակալության աշխատանքը՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին վերանայել որոշումը։

«Պատրաստ ենք քննարկել Միացյալ Նահանգների և բոլոր անդամ երկրների առաջարկները, թե ինչպես կարող ենք ավելի լավ ծառայել ձեզ և աշխարհին»,- ասել է նա։

Բյուջեի կրճատման հարցը ներառված է փետրվարի 3-ից 11-ը Ժնևում կայանալիք հանդիպման օրակարգում, որտեղ անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն կազմակերպության ֆինանսավորումն ու 2026-2027 թվականների ծրագրերը։

Երկուշաբթի հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ԱՀԿ գործադիր մարմինն առաջարկում է հիմնական ծրագրերի բյուջեն 5,3 միլիարդ դոլարից հասցնել 4,9 միլիարդի։ Ընդհանուր առմամբ, 2026-2027 թվականների ծրագրերի համար նախատեսված է 7,5 միլիարդ դոլար, այդ թվում՝ պոլիոմիելիտի վերացման և արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրերի ֆինանսավորումը։

«Ամենամեծ դոնորի դուրս գալուց հետո բյուջեն չի կարող անփոփոխ մնալ»,- ասված է փաստաթղթում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տուն, հունվարի 31, 2025թ․։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տուն, հունվարի 31, 2025թ․։

ԱՄՆ-ին բաժին է ընկնում ԱՀԿ բյուջեի մոտ 18%-ը։ Վաշինգտոնի որոշումից հետո կազմակերպությունն արդեն ձեռնարկել է որոշ միջոցներ ծախսերը կրճատելու համար։

Գործադիր մարմնի մի շարք անդամներ հայտարարել են, որ կազմակերպությունը պետք է հավատարիմ մնա ռազմավարական առաջնահերթություններին՝ չնայած ֆինանսական սահմանափակումներին։

Նշենք, որ ԱՀԿ հիմնարար ծրագրերի բյուջեն 4,9 միլիարդ դոլար է, ինչը հավասար է 2024-2025 թվականների մակարդակին։

ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հայտարարությամբ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ իր պաշտոնավարման առաջին իսկ օրը՝ մոտ երկու շաբաթ առաջ։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ գործընթացը կտևի շուրջ մեկ տարի։

XS
SM
MD
LG