Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դադարեցնում է աջակցությունը ՄԱԿ-ին. ի՞նչ այլընտրանքներ ունի կազմակերպությունը


Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ն դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները նաև կկրճատի ՄԱԿ-ի այլ գործակալությունների ֆինանսավորումը։

Միացյալ Նահանգները հրաժարվում է Միավորված ազգերի կազմակերպության ներքո գործող միջազգային մի շարք պարտավորություններից, ներառյալ՝ դուրս գալով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:

«[Մեր տրամադրած գումարը կազմում էր ԱՀԿ] 2023 թվականի բյուջեի 18%-ը, և, ինչպես ասացի, ԱՄՆ-ն ամենամեծ դոնորն է երկրների շարքում»,- ասում է ԱՀԿ խոսնակ Տարիկ Յասարևիչը:

Այս երկուշաբթի՝ իր պաշտոնավարման առաջին օրը, նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց մի շարք գործադիր հրամաններ, այդ թվում՝ Կլիմայի հարցերով փարիզյան՝ միջազգային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու մասին:

«Միացյալ Նահանգները վտանգի տակ չի դնի իր իսկ արդյունաբերությունը, մինչ Չինաստանը աղտոտում է [մթնոլորտը] անպատիժ կերպով»,- ասել է Թրամփը:

Հայտնի է, որ ԱՄՆ-ն հանդիսանում է հանածո վառելիքի աշխարհում թիվ մեկ արդյունահանողը։ Միչդեռ՝ հանրահայտ է, որ հանածո վառելիքը գլոբալ տաքացման առաջնային պատճառներից է:

Վաշինտոնը ՄԱԿ-ի ամենամեծ դոնորն է:

Երեքշաբթի՝ Սենատում կայացած լսումների ժամանակ, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի՝ Թրամփի ներկայացրած թեկնածու Էլիզ Ստեֆանիկը նշեց, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Պարենի համաշխարհային ծրագիրը արդյունավետ կերպով գործող ՄԱԿ-ի գործակալություններից են:

Բայց մյուսների ֆինանսավորումը կկրճատվի, այդ թվում՝ պաղեստինցի փախստականներին աջակցություն ցուցաբերող գործակալությանը՝ UNRWA-ինը:

«Մեր հարկերի միջոցով հավաքված դոլարները չպետք է ուղղվեն ամերիկյան շահերին հակասող, հակասեմական կամ խարդախության, կոռուպցիայի և ահաբեկչության մեջ ներգրավված կազմակերպություններին աջակցելուն»,- ասել է Ստեֆանիկը:

Երբ 2017 թվականին՝ իր առաջին ժամկետի ընթացքում, Թրամփը նվազեցրեց ՄԱԿ-ի բազմաթիվ գործակալությունների ֆինանսավորումը, Եվրոպական Միության երկրները մեծացրեցին այն:

Բայց Եվրոպայում հիմա կենտրոնացած են պաշտպանական ծախսերի վրա՝ օգնելու Ուկրաինային հետ մղել Ռուսաստանի ներխուժումը, քանի որ պարզ չէ նաև, թե ինչ մոտեցում կցուցաբերի Թրամփը ուկրաինական հարցում։

«Այժմ, երբ ԱՄՆ-ում նոր վարչակազմ է, եվրոպացիների համար, մեր երկու երկրների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի համար, ավելի քան երբևէ կարևոր է լիարժեք դեր խաղալ միասնական, ուժեղ և ինքնիշխան Եվրոպայի ամրապնդման գործում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Միևնույն ժամանակ, ըստ դիտորդների, Չինաստանը դժվար թե ընդլայնի ՄԱԿ-ի ֆինանսավորումը:

«Չինացի պաշտոնյաները նույնպես իրատեսական մոտեցում ունեն, թե իրենց երկիրը բախվում է տնտեսական անբարենպաստ քամիների, և նրանք չունեն ընդարձակ պահուստային գումարներ, որոնք կարող են ծախսել: Վախենամ՝ ՄԱԿ-ի համար ֆինանսավորման այլ աղբյուր չկա, որին այն կարող է դիմել»,- ասոմ է ՄԱԿ-ի Միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Սաիդ Ռիչարդ Գոուանը:

Արդեն երկրորդ անգամն է, որ Թրամփն ԱՄՆ-ն դուրս է բերում 2015 թվականին կնքված Կլիմայի հարցերով փարիզյան համաձայնագրից, որի նպատակն է թույլ չտալ, որ գլոբալ տաքացումը անցնի 2 աստիճանն ըստ Ցելսիուսի սանդղակի՝ նվազեցնելով ածխածնային արտանետումները:

2021 թվականին Թրամփի իրավահաջորդը՝ նախագահ Ջո Բայդենը, իր պաշտոնավարման առաջին օրը ԱՄՆ-ին կրկին մաս դարձրեց Փարիզի համաձայնագրին:

Դիտորդների խոսքով՝ ԱՄՆ դիրքորոշման նման փոփոխությունը կարող է ստիպել այլ երկրներին ավելի թեթև վերաբերվել կլիմայի վերաբերյալ իրենց պարտավորություններին:

«Եթե մենք չկարողանանք հասնել արտանետումների կրճատմանը Չինաստանում կամ այլ երկրներում, ապա այդ երկրները, հիմք ընդունելով ԱՄՆ օրինակը, վնաս կհասցնեն [մեր մոլորակին], որը կազդի նաև ԱՄՆ տնտեսության վրա: Վնասը համաշխարհային կլինի»,- ասոմ է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Շեյլա Օլմսթեդը:

Բնապահպանները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Թրամփի որոշման դեմ, և դուրս գալով փարիզյան համաձայնագրից՝ ԱՄՆ լրացնում է այն պետությւոնների ցանկը, որոնք նույնպես նշված փաստաթղթի մաս չեն՝ Իրանը, Լիբիան, Եմենը:

XS
SM
MD
LG