Մատչելի հղումներ

Չինաստանն ու Հնդկաստանը քայլեր են ձեռնարկում հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ


Հնդկաստանի և Չինաստանի առաջնորդներ Նարենդրա Մոդին ու Սի Ծինփինը
Հնդկաստանի և Չինաստանի առաջնորդներ Նարենդրա Մոդին ու Սի Ծինփինը

Հնդկաստանը և Չինաստանը որոշել են վերականգնել երկու երկրները կապող ուղիղ չվերթները՝ ազդարարելով, որ մտադիր են վերականգնել սահմանային առճակատման հետևանքով տուժած երկկողմ հարաբերությունները։ Վերլուծաբանների խոսքով՝ թեև երկու տերությունների սահմանային վեճը շարունակում է հանդիսանալ հատկապես Հնդկաստանի մտահոգության առարկա, սակայն հարաբերությունները, հավանաբար, կբարելավվեն, քանի որ երկու երկրների առջև ծառացած են տնտեսական անորոշություններ։

Նախորդ ամիսներին Հնդկաստանի և Չինաստանի միջև նկատվող որոշակի ջերմացման ֆոնին երկու երկրները որոշեցին վերսկսել ուղիղ առևտրային թռիչքները, որոնք դադարեցված էին հինգ տարով։ Հնդկաստանի արտգործնախարարի Պեկին կատարած այցից հետո Նյու Դելին հայտարարել է, որ նպատակ կա նաև դյուրացնել փոխգործակցությունը լրատվամիջոցների և ուղեղային կենտրոնների միջև։

Ըստ Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղար և նախկինում Պեկինում Հնդկաստանի դեսպան Վիկրամ Միսրիի՝ կողմերը հարաբերությունները վերականգնելու ճանապարհին են։

Պեկինն ու Նյու Դելին հարաբերությունները վերականգնելու ուղին են բռնել, բայց խնդիրները պահպանվում են
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

Նշենք, որ Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղարը երկրի արտաքին քաղաքական գերատեսչության երկրորդ պաշտոնյան է՝ արտգործնախարարից հետո։

Հնդկաստանի ու Չինաստանի միջև ուղիղ չվերթները բացակայում էին արդեն մի քանի տարի։ COVID-19 համաճարակի ժամանակ դադարեցված թռիչքները այդպես էլ չվերականգնվեցին, և պատճառը 2020 թվականին երկու երկրների միջև սահմանային բախումն էր։ Հնդկաստանը նաև սահմանափակեց վիզաները Չինաստանի քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների համար։

«Երկու կողմերն էլ որոշել են, որ իսկապես ցանկանում են վերադառնալ և վերականգնել հարաբերությունները, լուծել իրենց խնդիրները»,- ասում է Ջավահարլալ Նեհրու համալսարանի վերլուծաբան Սվարան Սինգհը։

Դիտորդներն ակնկալում են, որ 2025 թվականին չինա-հնդկական հարաբերությունները նոր թափ կստանան՝ մասամբ պայմանավորված երկու հարևան տերությունների առջև ծառացած տնտեսական խնդիրներով, որոնք կապված են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների հետ՝ բարձր մաքսատուրքեր կիրառել Պեկինի ու Նյու Դելիի դեմ։

«Ե՛վ Չինաստանի, և՛ Հնդկաստանի համար բավականաչափ խթաններ կան՝ միասին աշխատելու, ներգրավվելու ընդդեմ Թրամփի գործողությունների, ինչպես նաև՝ [քայլեր կատարել] համաշխարհային տնտեսական աճի դանդաղեցումից դրդված»,- ասում է Observer Research Foundation-ի ներկայացուցիչ Հարշ Փանթը։

Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել Հնդկաստանին առաջնահերթություն տալ փոխադարձ շահերին, ոչ թե կասկածներին։

Դիտորդների կարծիքով՝ Պեկինն ու Նյու Դելին, թերևս, առայժմ առաջնային համարեն տնտեսական թեմանը։

«Բացառվում է, որ մարտահրավերներ չլինեն։ Կարևորն այն է, թե արդյոք նրանք պատրաստակամ են ցույց տալ իրենց նվիրվածությունը հնարավորինս շատ ոլորտներում գործընկերության ստեղծմանը։ Կարծում եմ՝ այս տրամադրությունը գնալով տեսանելի է դառնում»,- ասում է Սվարան Սինգհը։

Չնայած երկկողմ հարաբերությունները բարելավելու քայլերին՝ այնուամենայնիվ, հարևան տերությունների վիճելի սահմանի հարցը շարունակում է մտահոգիչ լինել։

Հնդկաստանի ցամաքային ուժերի շտաբի պետը չինա-հնդկական սահմանն անվանել է «կայուն, բայց զգայուն»։

Կարող է կարևոր ցուցիչ հանդիսանալ, եթե կողմերը որոշեն նվազեցնել իրենց ստորաբաժանումների քանակը սահմանին։

«Եթե խոսքը ամռանը կիրառվող մոտեցման մասին է, ապա կվերանայենք՝ այդ ժամանակ [ստեղծված իրավիճակից] ելնելով, թե որքան բանակցություններ, համաժողովներ և հանդիպումներ են տեղի ունեցել»,- ասում է Հնդկաստանի ցամաքային ուժերի շտաբի պետ Ուպենդրա Դվիվեդին։

Այդուհանդերձ, անցած ամիս մեկնարկած դիվանագիտական բանակցությունների երկու փուլերը սահմանային հարցում բեկում չեն գրանցել։

«Կարծում եմ՝ ներկայում սահմանի խնդիրը այս հարաբերությունների հիմքում է, և մինչ այլ [հարաբերություններ] կկառուցվեն, կվերականգնվեն, Հնդկաստանը կցանկանա, որ Չինաստանը ջանքեր գործադրի սահմանային հարցերը երկարաժամկետ առումով կարգավորելու համար»,- ասում է Հարշ Փանթը։

Ինչևէ, դիտորդները գտնում են, որ անգամ եթե երկու երկրները շարժվեն հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, սահմանային վեճը Չինաստանի հետ Հնդկաստանին կստիպի զգուշություն ցուցաբերել։

XS
SM
MD
LG