Նացիստական Գերմանիայի մահվան ճամբարներից մեկի՝ տխրահռչակ «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի շուրջ 50 վերապրած երկուշաբթի միացել էին տարբեր երկրների առաջնորդներին՝ նշելու ուղիղ 80 տարի առաջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ներկայիս Լեհաստանի Օսվենցիմ բնակավայրի մոտ գտնվող նացիստական համակենտրոնացման ճամբարի ազատագրումը։ Այդ օրը՝ հունվարի 27-ը, աշխարհում նշվում է որպես Հոլոքոստի հիշատակի միջազգային օր
Այսպես կոչված «Մահվան դարպասի» առջև, որով անցել են միլիոնավոր հրեաներ և այլ ազգությունների բանտարկյալներ, «Օսվենցիմ» նացիստական համակենտրոնացման ճամբարի շուրջ 50 վերապրածներ այս երկուշաբթի աշխարհի մի շարք երկրների առաջնորդների կողքին էին՝ նշելու մահվան կայանի ազատագրման 80-ամյակը։
«Մենք զոհեր էինք բարոյական վակուումի մեջ։ Բայց այսօր պարտավոր ենք ոչ միայն հիշել, ինչը շատ կարևոր է, այլև զգուշացնել և սովորեցնել, որ ատելությունը միայն ավելի շատ ատելություն է ծնում»,– ասում է «Օսվենցիմ» ճամբարը վերապրած Թովա Ֆրիդմանը։
1945 թվականի հունվարի 27-ին խորհրդային Կարմիր բանակը ազատագրեց «Օսվենցիմը»՝ մարդկանց բնաջնջման համար կառուցված նացիստական վեց ճամբարներից ամենամեծը։
Այն, ինչին ականատես եղան զինվորականները, սարսափելի էր։
Ճամբարը կոչում էին «արդյունաբերական մասշտաբով մարդկային սպանդը կազմակերպելու վայր»։ Նացիստական ռեժիմը որոշել էր բնաջնջել հրեաներին։ Չորսուկես տարվա ընթացքում իրականացվում էր հրեաների ցեղասպանություն՝ ծրագրված և իրագործված մանրակրկիտ կերպով։
Մոտ 1.1 միլիոն մարդ է սպանվել միայն «Օսվենցիմում», որոնցից 1 միլիոնը հրեաներ էին, իսկ մնացածը՝ լեհեր, գնչուներ, խորհրդային ռազմագերիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։
Զոհերին մերկացնում էին և ստիպում մտնել լեփ-լեցուն գազախցիկներ։ Մյուսներին գնդակահարում էին, ծեծի ենթարկում մինչև մահ։ Մի մասը մահացել է հիվանդությունից, սովից և վատ պայմաններից։ Մարմինները այրում էին կամ թաղում զանգվածային գերեզմաններում։
«Հենց իջա վագոնից, անմիջապես զգացի այն հոտը, որին ծանոթ էի Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբարից. այրվող [մարդկային] մարմինների հոտն էր»,– պատմում է «Օսվենցիմ» ճամբարի վերապրած Յանինա Իվանսկան։
Գերմանիան պաշտոնապես ընդունել է պատասխանատվությունը Հոլոքոստի համար։
«Մենք վառ ենք պահում Հոլոքոստի ժամանակ գերմանացիների կողմից իրականացված և քաղաքակրթությունը խախտող [արարքի] մասին հիշողությունը և այն կրկին ու կրկին փոխանցում մեր երկրի յուրաքանչյուր սերնդին։ Մեր պատասխանատվությունը երբեք չի ավարտվում», – ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Այս տարվա հիշատակման արարողությունը, սակայն, տեղի ունեցավ Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում ծայրահեղ աջ ուժերի վերելքի պայմաններում և դրա հետ կապված մտավախությունների ֆոնին։
Այդ մասին խոսեցին նաև «Օսվենցիմը» վերապրածները։
«Եկեք շատ լուրջ լինենք և լրջորեն վերաբերվենք այն ամենին, ինչ քարոզում են ժողովրդավարության թշնամիները։ Նրանք, ընդհանուր առմամբ, ձգտում են իրականացնել իրենց քարոզած այդ կարգախոսները»,– ասում է «Օսվենցիմը» վերապրած Լեոն Վայնտրաուբը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի մասնակցել «Օսվենցիմի» ազատագրմանը նվիրված միջոցառմանը։ Նորություն չէ, որ Նեթանյահուի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանը կալանավորման օրդեր է արձակել՝ նրան մեղադրելով «Համասի» դեմ Իսրայելի ռազմական գործողությունների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների մեջ։ Նեթանյահուն հերքում է մեղադրանքները։
Հրեական պետությունը ներկայացնում էր կրթության նախարար Յոավ Կիշը։
Գազայում՝ «Համասի» ձեռքում դեռ գտնվող իսրայելցի տասնյակ պատանդների հարազատները նույնպես մեկնել էին Լեհաստան, իսկ պաղեստինյան գերությունից ազատ արձակվածները Հոլոքոստը հիշատակում էին Իսրայելում՝ հրեական ցեղասպանության վերապրածների հետ։