Երդմնակալությունից հետո նախագահ Դոնալդ Թրամփի առաջին քայլերից էր գործադիր հրամանի ստորագրումը, ըստ որի TikTok-ի չինացի սեփականատեր ByteDance ընկերությանը 75 օր ժամանակ տրվեց՝ հավելվածն ամերիկյան որևէ ընկերությանը վաճառելու համար:
«Կարծում եմ՝ TikTok-ում լավ դիրքեր ունեմ, որն ի սկզբանե չունեի, բայց հետո գնացի TikTok և շահեցի երիտասարդների համակրանքը՝ 36%-ով»,- ասել է Թրամփը:
Հանգստյան օրերին կայքը կարճ ժամանակով արգելափակվել էր Միացյալ Նահագներում։ ԱՄՆ Գերագույն դատարանն իր վճռով ուժի մեջ թողեց անցած տարի ընդունված օրենքը, որը պահանջում է TikTok-ի ամերիկյան մասնաճյուղը վաճառել ամերիկյան որևէ ընկերության կամ այն կարգելվի Միացյալ Նահանգներում՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:
Թրամփի գալստյամբ TikTok-ին, փաստորեն, երկուսուկես ամիս տրվեց՝ որոշման համար:
TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Չյուն, ով ներկա էր Թրամփի երդմնակալության արարողությանը, ուրբաթ տեսաուղերձի միջոցով շնորհակալություն հայտնեց նրան։
«Մենք երախտապարտ ենք և գոհ, որ աջակցություն ունենք մի նախագահից, ով, իսկապես, հասկանում է մեր հարթակը: Նա, ով օգտագործել է TikTok-ը՝ իր մտքերն ու հեռանկարները արտահայտելու համար»,- ասել է նա:
Սակայն որոշ իրավաբաններ ասում են, թե Թրամփի նման որոշումը կարող է չպաշտպանել այնպիսի ընկերությունների շահերը, ինչպիսին, օրինակ, Oracle-ն է, որը շարունակում է սպասարկել TikTok-ը ԱՄՆ տարածքում։ Պատճառն այն է, որ Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը ուժի մեջ է:
Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր Ալան Ռոզենշտեյնը ասում է. «Միանգամայն հնարավոր է, և կասկածում եմ, որ Oracle-ի բաժնետերերն ու արժեթղթերի գծով որոշ իրավաբաններ մտածում են, թե նախորդ 48 ժամում Oracle-ն իրեն ենթարկել է ռիսկի՝ հայտնվել հարյուր միլիարդավոր դոլարների հասնող տուգանքի ներքո, [քանի որ TikTok-ին վերաբերող օրենքը գործում է], և Թրամփն ոչինչ չի կարող անել այդ ռիսկը չեզոքացնելու համար»։
Հավելվածի նկատմամբ Թրամփի մոտեցումը տարբերվում է իր պաշտոնավարման առաջին ժամկետում նրա իսկ կողմից որդեգրած քաղաքականությունից, երբ նա փորձում էր արգելափակել TikTok-ը՝ հայտարարելով, թե հավելվածը կարող է ԱՄՆ օգտատերերի տվյալները փոխանցել Չինաստանի կառավարությանը:
Երկուշաբթի լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Թրամփը մեկ այլ լուծում առաջարկեց՝ հավելվածի 50%-ի սեփակնատեր կարող է դառնալ ԱՄՆ կառավարությունը:
Թեև անցած տարվա օրենքով ԱՄՆ իշխանությունները ի սկզբանե TikTok-ին տվել էին 270 օր՝ ԱՄՆ-ում գնորդ գտնելու համար, վաճառքի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի եղել:
«Այն փաստը, որ նրանք [վաճառքը] թույլ չեն տվել, կարծում եմ, նշան է, որ Չինաստանի կառավարությունն ունի ազգային անվտանգությանը վերաբերող շահեր՝ հավելվածը պահելու այնպես, ինչպես կա։ Սա պետք է, իրոք, մտահոգի մեզ»,- ասում է տեխնոլոգիական արդյունաբերության մասնագետ Ադամ Կովաչևիչը։
Թեև, ինչպես ասացինք, Դոնալդ Թրամփը ևս 75 օր է տվել TikTok-ին, սակայն, ըստ դիտորդների, ընկերության ապագան ԱՄՆ-ում տակավին անորոշ է։