Մատչելի հղումներ

Իսրայելի հետ հրադադարի համաձայն՝ «Համասն» ազատ է արձակելու 33 պատանդների


«Համասը» ազատ է արձակել երեք պատանդների
«Համասը» ազատ է արձակել երեք պատանդների

Սպասվում է, որ Իսրայելի հետ կնքված զինադադարի համաձայն՝ երեկ մեկնարկած առաջին վեց շաբաթվա ընթացքում «Համասը» ազատ է արձակելու 33 պատանդների, փոխարենը իսրայելական կողմը ազատելու է մոտ 2,000 պաղեստինցիների: Հայտնի է, որ «Համասը» երեկ՝ կիրակի ազատ է արձակել երեք պատանդների:

Իսրայելի ու «Համասի» միջև ձեռք բերված հրադադարի համաձայն՝ պաղեստինյան կողմը երեկ ազատ արձակեց առաջին 3 պատանդներին։ Նախատեսված է, որ երեկ մեկնարկած առաջին վեց շաբաթվա ընթացքում «Համասը» ազատ է արձակելու, ընդհանուր առմամբ, 33 պատանդների։

Ազատված երեքին՝ բոլորն էլ կանայք, նախ դիմավորել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անդրադարձավ տեղի ունեցածին. «Այդքան ցավից, ավերածություններից և մարդկային կորուստներից հետո այսօր Գազայում զենքերը լռել են»:

Նոր ազատ արձակված պատանդ Ռոմի Գոնենի ընտանիքը անհամբեր էր՝ տեսնելու իրենց դստերը:

Ի պատասխան՝ Իսրայելը ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալների՝ 69 կնոջ և 21 անչափահաս տղայի։

Ինչպես նշեցինք, պայմանավորվածության շրջանակներում առաջիկա վեց շաբաթվա ընթացքում «Համասը» կազատի ևս 30 պատանդի։ Իսրայելը, ընդհանուր առմամբ, պետք է ազատի շուրջ երկու հազարի։

Զինադադարը ճանապարհ է բացել Գազա առաքվող մարդասիրական օգնության ծավալները մեծացնելու համար:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը CNN-ի եթերում անդրադարձել է զինադադարին. «Նրանք այլընտրանք չունեն՝ մեր պատանդներին ազատ արձակելուց բացի: «Համասն» այլևս չի կարող լինել ահաբեկչական կազմակերպություն և երբեք չի կառավարի Գազան»։

Պայմանավորվածության կատարումը, սակայն, հետաձգվել էր մոտ երեք ժամով, որի ընթացքում իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Գազայի հատվածին: Պաղեստինյան կողմի ներկայացմամբ՝ զոհվել է առնվազն 13 մարդ։ Իսրայելի պնդմամբ՝ թիրախավորել է ահաբեկիչներին:

Հիշեցնենք՝ Իսրայելի ու «Համասի» միջև զինադադարի, պատանդների ու գերիների ազատ արձակման պայմանավորվածությունը ձեռք է բերվել մոտ 15 ամիս տևած մարտերից հետո, որոնք Գազայի ողջ տարածքները վերածել են ավերակների:

Իրենց տները վերադարձող պաղեստինցիները ավերակների մեջ փորձում են գտնել հարազատ բնակարանները:

XS
SM
MD
LG