Մատչելի հղումներ

Մթնոլորտի խոշոր աղտոտողներն ու կղզի-պետությունները բախվել են կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանում լսվող գործում


Այս շաբաթ ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում բացվել է կլիմայի փոփոխությանը վերաբերյալ գործը, որի նպատակն է պարզաբանել պետությունների իրավական պարտավորությունները՝ կլիմայի փոփոխությունը կասեցնելու և շրջակա միջավայրին հասցված վնասը փոխհատուցելու գործում։

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկած գործը արդեն իսկ անվանել են աշխարհի մեծագույն դատական գործընթաց։

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի դատավորներին՝ ՄԱԿ-ի բարձրագույն իրավական մարմնին, խնդրել են որոշում կայացնել, թե արդյոք մթնոլորտը մեծապես աղտոտող երկրները կարող են պատասխանատվության ենթարկվել կլիմայի փոփոխության և դրա վնասակար հետևանքների համար:

Փոքր կղզի-պետությունները մտահոգ են՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը վտանգի տակ է դնում իրենց գոյությունը:

«Միջազգային իրավունքի համաձայն՝ պետությունները պարտավորություններ ունեն՝ գործել պատշաճ ջանասիրությամբ, կանխել շրջակա միջավայրին հասցվող էական վնասները, նվազեցնել արտանետումները և աջակցություն ցուցաբերել մեզ նման երկրներին, պարտավորություն ստանձնել ներկա և ապագա սերունդների իրավունքները պաշտպանելու գործում»,- ասում է Վանուատուի գլխավոր դատախազ Առնոլդ Քիլ Լաֆմանը:

Դատավորները քննելու են ոչ միայն կլիմային վերաբերող համաձայնագրերը, այլև՝ լայն առումով միջազգային իրավունքը: Նախատեսվում է, որ պետք է վկայություններ տան մթնոլորտն ամենից շատ աղտոտող պետությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները:

«Միջազգային հումանիտար իրավունքը, այնուամենայնիվ, չի պարտավորեցնում պետություններին սահմանափակել մարդածին ջերմոցային գազերի արտանետումները, ոչ էլ ապահովում է մարդու իրավունքը` ունենալ առողջ միջավայր: Թեև Միացյալ Նահանգները բաց է պետությունների առաջնորդած գործըթնացին միանալու առումով, որը կարող է նման իրավունք զարգացնել»,- ասում է ԱՄՆ պետքարտուղարության իրավախորհրդատու Մարգարեթ Թեյլորը:

Բազմաթիվ խոշոր աղտոտողներ պնդում են, թե գործող կարգավորումները գալիս են գոյություն ունեցող կլիմայական համաձայնագրերից, իսկ մյուս նորմերը փաստացի անպիտան են՝ ասում է Միջազգային բնապահպանական իրավունքի կենտրոնի ներկայացուցիչ Նիկի Ռեյշը:

«Լսեցինք, թե ինչպես են նրանք պնդում, որ միակ համապատասխան իրավական նորմը, որից կարելի է որևէ իրավական պարտավորություն բխեցնել, Փարիզի համաձայնագիրն է [կլիմայի փոփոխության մասին]: Եվ երբ հայացք եք նետում համաձայնագրի տեքստին, այն շատ բան չի պահանջում կողմերից: Լսեցինք, որ ԱՄՆ ներկայացուցիչները հորդորում են դատարանին և մյուսներին՝ մի կողմ դնել պատմությունը, տասնամյակների արտանետումների պատմությունը և ասել, թե ինչ տեղի է ունեցել մինչև կլիմայի մասին [Փարիզի] համաձայնագրի կնքումը, իրավական տեսանկյունից կարևոր չէ»,- ասում է Ռեյշը:

Ըստ Նիկի Ռեյշի՝ թեև դատավորների որոշումը իրավաբանորեն պարտադիր չի լինելու, սակայն այն նշանակություն կունենա։

«[Այն կարող է ծառայել] որպես պատասխանատվության իրավական նախագիծ կամ ուղեցույց ողջ աշխարհի դատարանների ու փաստաբանների համար՝ հասկանալու, թե ինչ է պահանջում միջազգային իրավունքը և ինչ պետք է պարտադրենք պետություններին՝ կլիմայի վերաբերյալ իրենց գործողությունների և կլիմային հասցված վնասը շտկելու առումով»,- ասում է Ռեյշը:

Սպասվում է, որ դատարանում ցուցմունքներ կտան մոտ 100 երկրների և միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Լսումները կավարտվեն հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 13-ին: Ակնկալվում է, որ դատավորներն իրենց որոշումը կհրապարակեն հաջորդ տարի:

XS
SM
MD
LG