Մատչելի հղումներ

Իր նոր նախագահության օրոք Թրամփը խոստանում է մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ


ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի խոստացել է նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո մաքսատուրքեր սահմանել Միացյալ Նահանգների հիմնական առևտրային գործընկերներից՝ Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ներմուծված ապրանքների նկատմամբ: Դիտորդների խոսքով՝ այս քայլը կարող է հանգեցնել առևտրային պատերազմների և գների բարձրացմանն ամերիկացի սպառողների համար:

Իրեն պատկանող Truth Social սոցհարթակում կատարած գրառումների միջոցով Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրը կստորագրի անհրաժեշտ փաստաթղթերը՝ Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին՝ ընդգծելով, որ դա նաև կկապվի «բաց սահմանների» խնդրի հետ:

ԱՄՆ նորընտիր նախագահը նշել է, թե մաքսատուրքերը կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել «թմրանյութերի, մասնավորապես՝ ֆենտանիլի, և բոլոր անօրինական ներգաղթյալների ներխուժումը մեր երկիր»: Թրամփն ավելացրել է, որ Մեքսիկան ու Կանադան դյուրությամբ կարող են լուծել այդ խնդիրները:

Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը կբարձրացվեն
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Խոսելով «ԱՄՆ հսկայական քանակությամբ թմրանյութերի, մասնավորապես՝ ֆենտանիլի, առաքման» մասին՝ Թրամփը հատուկ անդրադարձել է Չինաստանին․«Քանի դեռ նրանք չեն դադարեցրել այդ գործելաոճը, մենք կկիրառենք 10% հավելյալ մաքսատուրք Չինաստանից ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ՝ ի հավելում գոյություն ունեցող մաքսատուրքերի»:

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանության խոսնակ Լիու Պենգյուն արձագանքել է, թե «առևտրային կամ մաքսատուրքերի պատերազմում հաղթողներ չեն լինի», և որ «Չինաստանը հավատացած է, թե Չինաստան-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությունը փոխադարձաբար շահավետ է»։

Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Մեքսիկան և Կանադան նոր առևտրային համաձայնագիր էին ստորագրել Թրամփի նախորդ պաշտոնավարման ժամանակ, որը ժամկետը լրաբում է 2026 թվականին և այյն թույլ է տալիս ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ առևտրային սահմանափակումներ կիրառել:

Հայտնի է դարձել, որ Դոբնալդ Թրամփն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննարկել են երկկողմ առևտրային հարաբերություններին և սահմանային անվտանգությանը վերաբերող հարցեր Թրամփի վերոհիշյալ գրառումներից հետո, թեև դեռ մոտ երկու ամիս կա, երբ ԱՄՆ 47-րդ նախագահը երդմնակալությամբ կստանձնի իշխանությունը։

ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում Թրամփի կողմից առաջադրված Սքոթ Բեսենթը անցած շաբաթ Fox News-ին փոխանցել էր, թե մաքսատուրքերն «օգտակար գործիք» կարող են լինել Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար, ներառյալ՝ այլ երկրների կառավարություններին ստիպել ավելացնել պաշտպանական ծախսերը կամ միջոցներ ձեռնարկել թմրանյութերի մաքսանենգության դեմ:

Կանադայի փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը և հանրային անվտանգության նախարար Դոմինիկ Լըբլանը համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով ԱՄՆ ու Կանադայի սերտ կապերը, ներառյալ՝ էներգակիների արտահանման և թմրանյութերի դեմ պայքարում:

«Այսօրվա մեր հարաբերությունները հավասարակշռված և փոխշահավետ են: Այսօր Կանադան ավելի շատ ապրանքներ է գնում ԱՄՆ-ից, քան Չինաստանը, Ճապոնիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միասին»,- նշված է հայտարարության մեջ:

Մաքսատուրքերը վճարում են ներմուծող ընկերությունները, ինչը կարող է հանգեցնել գների բարձրացմանը՝ հիմնական բեռը տեղափոխելով սպառողների ուսերին, որոնք գնում են այդ ապրանքները:

Մաքսատուրքերի բարձրացման մոտեցումը Թրամփը կիրառել էր նաև իր նախորդ պաշտոնավարման ժամանակ՝ հատկապես Չինաստանից եկող ապրանքների նկատմամբ: Պեկինը պատասխանեց՝ կիրառելով մաքսատուրքեր ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ:

Իր առաջին նախագահության օրոք, հայտնի է, որ Դոնալդ Թրամփը նաև կենտրոնացած էր ԱՄՆ-Մեքսիկա սահմանային անվտանգության հարցերի վրա՝ կարգադրելով կառուցել հսկայական արգելապատնեշ և պահանջելով Մեքսիկայի կառավարությունից միջոցներ ձեռնարկել ապօրինի ներգաղթյալների դեմ:

Ի դեպ, ԱՄՆ նորընտիր նախագահի վերոհիշյալ հայտարարությունները հնչում են մի ժամանակ, երբ սահմանին անօրինական ներգաղթյալների ձերբակալությունների քանակը նվազել է, իսկ հոկտեմբերի տվյալները ցույց են տալիս, որ այդ ձերբակալությունների թիվը նվազագույնն է նախորդ չորս տարվա մեջ:

Նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները:

XS
SM
MD
LG