Մատչելի հղումներ

Ո՞վ է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնին առաջադրված թեկնածուն՝ սենատոր Մարկո Ռուբիոն 


Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու սենատոր Մարկո Ռուբիոն
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու սենատոր Մարկո Ռուբիոն

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի հաջորդ պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է Մարկո Ռուբիոն՝ Ֆլորիդայի հանրապետական սենատորին, ով Սենատում է 2011 թվականից և ընդգրկված է արտաքին հարաբերությունների և հետախուզության հանձնաժողովներում: 

Հիսուներեքամյա Մարկո Ռուբիոն աշխատանքային խավին պատկանող կուբացի ներգաղթյալների ընթանիքից է: Եթե նրա թեկնածությունը հաստատվի իր սենատոր գործընկերների կողմից, նա կդառնա առաջին լատինամերիկացի պետքարտուղարը:

Ռուբիոն ցուցաբերել է կոշտ դիրքորոշում Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի ավտորիտար ռեժիմների, ինչպես նաև Չինաստանի հարցում:

«Կարող եք նրան «բազե» անվանել, և դա վերաբերում է մի շարք հարցերին, մասնավորապես՝ Չինաստանի հետ հարաբերությւոններին»,- ասում է Բրուքինգսի ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Օ’Հանլոնը:

Ռուբիոն հայտարարել է, որ Չինաստանը համագործակցում է Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի հետ՝ ընդդեմ ԱՄՆ-ի:

Ո՞վ է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջադրված թեկնածուն՝ սենատոր Մարկո Ռուբիոն
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

Ռուսաստանի 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Ռուբիոն ակտիվորեն աջակցել է Կիևին: Ավելի վերջերս նա կոչ է արել բանակցություններ սկսել՝ հակամարտությունը դադարեցնելու համար և ապրիլին դեմ է քվեարկել 95 միլիարդ դոլար ռազմական օգնության փաթեթին:

«Ես կարծում եմ, որ մեր նպատակը Ուկրաինայի հարցում պետք է լինի նրանց օգնել այնպես, որ դա չվնասի մեզ, չվնասի մեր դաշնակիցներին ամբողջ աշխարհում»,- ասել է սենատոր Ռուբիոն:

Ըստ Օ’Հանլոնի՝ Ռուբիոյի գործընկեր սենատորները, ովքեր քվեարկելու են նրա հաստատման հարցով, կուսումնասիրեն նրա մոտեցումները ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ:

«Անշուշտ, եթե մենք Ուկրաինան լքենք՝ չնայած Ռուբիոն չի ասում, որ պետք է անենք դա, բայց եթե տեսնենք Ուկրաինայի պարտությունը, դա հարցականի տակ կդնի բազմաթիվ [ամերիկյան] դաշնակիցների վստահությունը մեր աջակցության հարցում, թե արդյո՞ք մենք իսկապես նրանց կողքին կլինենք»,- պնդում է Օ’Հանլոնը:

Ութ տարի առաջ Ռուբիոն Դոնալդ Թրամփի մրցակիցներից մեկն էր հանրապետականների նախագահական նախնական ընտրություններում: Որպես պետքարտուղար՝ նա կդառնա Թրամփի՝ «Ամերիկան առաջնային է» արտաքին քաղաքականությունը իրականացնող հիմնական դիվանագետը:

«Անկախ ակնկալիքներից, մենք պետք է իրատես լինենք: Միացյալ Նահանգները առաջնահերթություն է տալու իր շահերին՝ աշխարհի մնացած շահերի նկատմամբ»,- նշում է Մայամի-Դեյդ քոլեջի ներկայացուցիչ Վիլմա Պետրաշը:

Մերձավոր Արևելքի հարցում Ռուբիոն եղել է Իսրայելի ուժեղ աջակիցը, ինչը համապատասխանում է Թրամփի դիրքորոշմանը: Որպես սենատոր՝ Ռուբիոն կոչ է արել Իսրայելին ոչնչացնել «Համասը» Գազայում՝ ընդդիմանալով հրադադարներին, որոնք, նրա խոսքերով, թույլ կտային ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Համասին» վերախմբավորվել:

Ամերիկահայ շրջանակները ողջունել են սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում: Ըստ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի՝ Մարկո Ռուբիոն արժանացել է Հայ դատի հանձնախմբի գնահատման սանդղակով առավել բարձր գնահատականի իր օրենսդրական գործունեության համար: Նման բարձր գնահատականի են արժանացել քիչ թվով գործիչներ, քանի որ հանձնախումբը չափազանց խիստ է մոտենում գործիչների գնահատամանը, շեշտում է Համբարյանը:

«Սենատոր Ռուբիոն հաստատման դեպքում կստանձնի պաշտոնը որպես Սենատի SRS 540 բանաձևի գլխավոր համահեղինակներից մեկը, որը նախատեսում է մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ ամերիկյան ռազմական օգնության օգտագործմամբ։ Նա կողմնակից է պատժամիջոցների և 907-րդ բանաձևի կիրառմանը։ Ռուբիոն բացահայտ քննադատել է Թուրքիայի ագրեսիան՝ ինչպես ներքին՝ ընդդեմ այլախոհների, այնպես էլ արտաքին՝ ընդդեմ երկրների, ինչպիսիք են Հայաստանը, ինչպես նաև Հունաստանի օդային տարածքի և տարածքային ջրերի ներխուժումները։ Այսպիսով, նա պաշտոն է ստանձնում ոչ միայն որպես հայերի բարեկամ, այլ նաև որպես տարածաշրջանում մեր բարեկամների կոալիցիայի բարեկամ»,- ասում է Համբարյանը:

Ռուբիոյի թեկնածության առաջադրումը ողջունել է նաև Ամերիկայի հայկական համագումարը: Ըստ համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանի՝ Ռուբիոյի պարագայում ամերիկահայ համայնքը գործ ունի մի գործչի հետ, ով քաջատեղյակ է տարածաշրջանից ու հայության խնդիրներից:

«Ռուբիոն շատ ակտիվորեն աջակցել է հայությանը հուզող խնդիրներին։ Նա եղել է 2019 թվականին Սենատում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի գլխավոր համահեղինակներից մեկը։ Ուստի մենք ողջունում ենք պետքարտուղարի պաշտոնում նրա թեկնածությունը և հուսով ենք, որ նրա հաստատումից հետո կկարողանանք ավելի սերտ համագործակցել նրա հետ արդեն իսկ պետքարտուղարի պաշտոնում՝ վստահ լինելով, որ մեր ձայնը լսելի է»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Ամերիկահայ երկու կառույցների ներկայացուցիչները իրենց պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը Մարկո Ռուբիոյի հետ վերջինիս նոր կարգավիճակում, եթե Սենատը հաստատի նրա թեկնածությունը ԱՄՆ-ը պետքարտուղարի պաշտոնում:

Նյութը պատրաստվել է Սթիվ Հերմանի հոդվածի հիման վրա

XS
SM
MD
LG