Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ կկիրառի վրաց պաշտոնյաների նկատմամբ


Թբիլիսիում ցուցարարները բողոքում են «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ
Թբիլիսիում ցուցարարները բողոքում են «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ

Վրացական ընդդիմությունը կոչ է արել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներին դեմ քվեարկել, որպեսզի օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրինագծի ընդունման դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն չհաղթահարվի, և «երկիրը չգլորվի ավելի խորը փակուղի»։

Սակայն «Վրացական երազանքը» մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը՝ հայտարարել է իշխող կուսակցության ղեկավարներից Մամուկա Մդինարաձեն։

«Երկրի անկախությունը վիզաներով չի վաճառվում»,- մայիսի 24-ին ասել է Մդինարաձեն՝ միաժամանակ խոստանալով, որ վրացիներն կդառնան «եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ՝ պահպանելով, սակայն, իրենց հայրենիքը, լեզուն, հավատը, ավանդույթներն ու արժանապատվությունը»։

Վրաստանի իշխող կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ մեղադրելով ԱՄՆ-ին Վրաստանի նկատմամբ «շանտաժի և սպառնալիքների քաղաքականություն» վարելու ու «Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սահմանափակելու փորձի» մեջ։

Վրաց պաշտոնայաների նկատմամբ վիզային սահմանափակումների մասին ժամեր առաջ՝ մայիսի 23-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Վաշինգտոնի ոորոշումը վերաբերում է այն պաշտոնյաներին, որոնք ներգրավված են վերոհիշյալ վիճահարույց օրինագծի ընդունման գործում՝ նման կերպ հարվածելով ժողովրդավարության ամրապնդմանը Վրաստանում։

Վիզաների սահմանփակումը կգործի նաև այդ պաշտոնյաների ընտանիքների անդամների և վրաց իրավապահների նկատմամբ, ովքեր բռնություններ են կիրառել քաղաքացիների խաղաղ ցույցերը ցրելու ժամանակ։

Բլինքենը չի բացառել անգամ երկկողմ հարաբերությունների վերանայումը։

«Շարունակում ենք հուսալ, որ Վրաստանի իշխանությունները կվերանայեն օրինագիծը և քայլեր կձեռնարկեն ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումների իրականացման ուղղությամբ։ Հաշվի ենք առնելու Վրաստանի գործողությունները՝ մեր որոշումները կայացնելու ժամանակ»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք, մայիսի 14-ին Վրաստանի իշխանությունների նախաձեռնությամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը պարտավորեցնում է այն կազմակերպություններին, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են արտերկրից, գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալ»: Ըստ վրացական իշխանությունների, օրինագիծը նպատակ ունի «ապահովել առավելագույն թափանցիկություն»:

Ընդդիմախոսները պնդում են, որ, իրականում, իշխող կուսակցությունը նպատակ ունի օգտագործել օրենքը՝ զսպելու անկախ լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին, ինչպես Ռուսաստանում։ Ընդդիմությանը կարծիքով, ընդունելով նման օրինագիծ՝ Վրաստանի իշխանությունները մտադիր են փոխել երկրի արտաքին քաղաքականությունը։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է կիրառել օրինագծի նկատմամբ։ «Վրացական երազանքը» հայտարարել է, որ մայիսի 28-ին այն կչեղարկեն՝ խորհրդարանում համապատասխան քվեարկությամբ:

Ընդդիմությունը կոչ է արել իշխող կուսակցության պատգամավորներին դեմ քվեարկել վետոյի չեղարկմանը։

«Մինչև երեքշաբթի դեռ ժամանակ կա։ Մտածեք, թե որքան շրջադարձային է այս պահը Վրաստանի համար»,- իշխող ուժի պատգամավորներին դիմել է ընդդիմադիր Զուրաբ Չիաբերաշվիլին, ով երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից է։

Վրաց ընդդիմությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ երկար տարիներ վրացական ժողովրդավարությանը, երկրի ինքնիշխանությանը և քաղաքացիների ազատությանը աջակցելու համար՝ ընդգծելով, թե Վաշինգտոնի հայտարարած միջոցները Միացյալ Նահանգների արձագանքն են Վրաստանի ազատ քաղաքացիների կողմից ապրիլի 15-ից ի վեր ձեռնարկվող բողոքի ակցիաների՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ։

Մայիսի 24-ին Թբիլիսիում վերտսին բազմամարդ բողոքի երթ էր։ Հավաքվածները՝ օրինագծի ընդունման դեմ հանդես գալուց զատ, աջակցություն հայտնեցին վիճահարույց խաղաղ ցույցերի այն մասնակիցներին, ովքեր տուժել են ոստիկանական գործողությունների հետևանքով։ Քաղաքացիական ակտիվիստների խոսքով, խաղաղ ցույցերի ժամանակ բերման ենթարկված և ձերբակալված շուրջ երկու հարյուր հոգուց բացի, գրեթե ամեն օր շարունակում են դատարան կանչել ցույցերի մասնակիցներին ու տուգանել:

XS
SM
MD
LG