Մատչելի հղումներ

Եվրամիությունն ի վիճակի է դառնալ գլոբալ դերակատար․ վերլուծաբաններ


Եվրամիություն
Եվրամիություն

Եվրոպական վերլուծական կենտրոնների փորձագետները քննարկել են Եվրամիության վարած աշխարհաքաղաքականությունն ու նոր մարտահրավերներին հարմարվելու նրա կարողությունները։

Եվրոպայի ու, ընդհանրապես, աշխարհի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները՝ պայմավորված տարաբնույթ հակամարտություններով ու պատերազմներով, անխուսափելի են դարձրել Հին աշխարհի երկրների արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերանայումը և ուղղակի ստիպել եվրոպացի ղեկավարներին ավելի մեծ ուշադրություն դարձնել պաշտպանական սեփական կարողություններին։

Եվրոպական վերլուծաբանների ներկայացմամբ, մայրցամաքի հանրային կարծիքի և եվրոպացի քաղաքական գործիչների դիրքորոշումների նման փոփոխությունները երկար սպասված էին՝ Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին։ Վերլուծաբաններն ի մի էին եկել Եվրամիության ֆինանսավորմամբ գործող German Marshall Fund-ի Joint նախագծի շրջանակում, որի նպատակն է գնահատել նախորդ երեք տարիներին տեղ գտած հակամարտությունների ու ճգնաժաների ազդեցությունը Եվրամիության նկատմամբ և Բրյուսելի կարողությունը՝ ազդել գլոբալ զարգացումների վրա:

Ըստ գնահատականների, սպառնալիքներն ավելի լուրջ են դարձել՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի, Իսրայելի ու «Համասի» միջև չդադարող ռազմական հակամարտության, Իրանի քաղաքականության հետևանքով, Սահելի երկրներում ճգնաժամերի շարունակման ու Հարավ-չինական ծովում լարվածության աճի պատճառով։

Իտալիայում գործող Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Ռիկարդո Ալկարոյի զեկույցի համաձայն, «20 տարի առաջ ընդունված եվրոպական անվտանգության ռազմավարությունը արտացոլում էր աշխարհի հանդեպ առկա մեղմ հայացքը՝ անվտանգ, բարգավաճ և ինքնավստահ Եվրոպական միության կողմից, որը հավատարիմ էր ազատական նորմերի, ժողովրդավարության ու բազմակողմ կապերի խթանմանը»։

Սակայն, տարիներ անց Եվրամիությունում փոխվեցին պատկերացումները և ամրապնդվեց ընկալումը, որ «բարդ, մրցակցային աշխարհաքաղաքականությունը կրկին վերադարձել է օրակարգ»:

«Մինչ միջազգային ասպարեզում վերստին մութ ամպեր էին կուտակվում՝ Եվրամիությունը մի շարք ներքին ցնցումներ ապրեց՝ եվրոգոտու ճգնաժամ (2010–2012 թվականներ), փախստականների հոսքի կտրուկ աճ (2015–2016 թվականներ) և Brexit (2016 թվական): Այդ ամենը նոր թափ հաղորդեց կասկածներին, թե որքանով են Եվրամիության նորմերը ընդունելի։ Նաև այս հանգամանքով է պայմանավորված եվրոպական երկրներում ազգայնական, եվրասկեպտիկ ուժերի աճող ժողովրդականությունը»:

Ըստ իտալացի փորձագետի, այսօր Եվրամիության ռազմավարական փաստաթղթերը պարունակում են «մեկ քայլ առաջ գնալու և միջազգային անվտանգության խնդիրների լուծմանը նոր մոտեցումներ ցուցաբերելու ու ավելի համահունչ ԵՄ արտաքին քաղաքականություն վարելու վճռականություն»: Սակայն ի հայտ եկած մարտահրավերները պահանջում են Եվրամիության արտաքին և պաշտպանական քաղաքականությունների լուրջ բարեփոխում։

Ռիկարդո Ալկարոն նշում է, Եվրամիությունում արդեն ստեղծվել են պաշտպանության խորհուրդ, պաշտպանական հարցերով գլխավոր տնօրինություն, կազմակերպվել է սպառազինության համատեղ գնում, մշակում և արտադրություն։ Ձևավորվում է ռազմական շտաբ, որը կարող է ցանկացած պայմաններում ծրագրել և իրականացնել համեմատաբար մեծ գործողություններ՝ բազմազգ, մինչև 10 հազար զինվորականներից բաղկացած միացյալ ուժերի մասնակցությամբ։

Բայց, այդքանով հանդերձ, Բրյուսելը պետք է շարունակի ջանքերը՝ «[ռազմա-քաղաքական] ինքնուրույն միավոր դառնալու գործում»։

«Չնայած Եվրամիությունում պահպանվում են եվրատլանտյան մոտեցումները և պաշտպանության համար հույսը ՆԱՏՕ-ն է, սակայն [Բրյուսելը] կարող է ավելի ինքնուրույն գործել ճգնաժամային իրավիճակներում: Նման կարողությունը թույլ կտա նրան հաղթահարել այն խնդիրները, որ կարող են առաջանալ Եվրոպայից ԱՄՆ մասնակի դուրս գալուց հետո»,- ասված է զեկույցում։

Ռիկարդո Ալկարոյի խոսքով, Եվրամիության պաշտպանական քաղաքականությունը բարեփոխելու համար՝ պետք է փոխվեն որոշ հիմնարար սկզբունքներ, որոցից մեկը միջազգային խնդիրների լուծման գործում ցուցաբերվող բազմակողմանի մոտեցումն է․ «Խոշոր տերությունները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, որոշեցին չեզոքացնել Արևմուտքի ազդեցությունը որոշ հարցերում և մասամբ, ինչպես, օրինակ, իրանական միջուկային խնդրում, հաջողեցին»։

«Այսուհետ, Եվրամիությունը, որպես առանձին սուբյեկտ ձեռնամուխ կլինի միջազգային անվտանգության հարցերի լուծմանը։ Սա չի նշանակում, թե Եվրամիությունը դաշնային միավոր է դառնում։ Խոսք չկա ընդհանուր եվրոպական բանակի մասին։ Եվրամիությունը կմնա վերպետական մարմին և երբեք չի կարողանա հանդես գալ որպես մեծ տերություն, բայց ձեռք կբերի անհրաժեշտ միջոցներ՝ իրեն պաշտպանելու, այլ տերությունների աշխարհաքաղաքական խաղերում իր խոցելիությունը նվազեցնելու համար։ Հետևաբար՝ կարող է լուրջ դեր խաղալ մեծ տերությունների համաշխարհային մրցակցության մեջ»,- ասաց Ալկարոն։

Արդյո՞ք Եվրոպան աշխարհաքաղաքական զարթոնք է ապրել

Նման մտքի է հակված Իտալիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Նատալի Տոչին, ում խոսքով նշվածին նախորդել են «լուրջ քաղաքական և տնտեսական փոփոխությունները»։

«Մենք վերսկսել ենք Եվրամիության ընդլայնումը, ընդունել ենք մեծաքանակ փախստականների, «բաժանվել» ենք Ռուսաստանից, սթափ ենք Չինաստանի հետ հարաբերություններում։ Արթնացանք և հասկացանք, որ ապրում ենք շատ ավելի զզվելի աշխարհում, քան քսան տարի առաջ էր: Եվրամիությունը հիմնարար վերափոխման ճանապարհին է, իսկ պաշտպանական քաղաքականության բարեփոխումը տպավորիչ է»,- ասաց Տոչին:

The Financial Times-ի բրյուսելյան բյուրոյի ղեկավար Հենրի Ֆոյը համաձայնեց այս գնահատականին. «Եվրամիությունը անցավ պարտքային ճգնաժամի միջով, և այժմ ունենք ավելի ուժեղ բանկային համակարգ: Բախվեցինք Covid-19 համավարակին, և հաջողությամբ հաղթահարեցինք այն։ Ուկրաինայի դեպքում գործարկեցինք Խաղաղության եվրոպական հիմնադրամը՝ զենք գնելու նպատակով։ Ֆինանսավորում ենք հատկացրել պաշտպանության ոլորտին, անցկացնում ենք զորավարժություններ։ Ուկրաինան ցույց տվեց, որ Եվրամիության արտաքին քաղաքականությունը վատ վիճակում չէ, և ժամանակի ընթացքում կարող է ստեղծել լծակներ, նախաձեռնություններ և քաղաքականություն, որոնք Եվրամիությանը ավելի դիմացկուն են դարձնում ցանկացած հաջոր ճգնաժամի նկատմամբ»:

Միջազգային ճգնաժամային խմբի Եվրամիության գծով պատասխանատու Լիզա Մուսիոլը նույնպես այն կարծիքին է, որ Բրյուսելը «ավելի է նմանվում աշխարհաքաղաքական դերակատարի, քան հինգ տարի առաջ էր»:

Ըստ վերլուծաբանի, Եվրամիությունը պետք է «ուշադրությամբ վերլուծի միջազգային ասպարեզում նախորդ տարիներին տեղ գտած իրադարձությունները»։

«Եվրամիությունը, իրոք, հասկացե՞լ է, որ Ուկրաինայի պատերազմը երկարատև է, և արդյո՞ք պատրաստ է դրան: Արդյո՞ք Եվրամիությունը դասեր քաղել է Սահելի երկրներում ստեղծված իրավիճակից՝ Աֆրիկայում իր քաղաքականության ձախողումից: Արդյո՞ք Եվրամիությունն ընդհանուր դիրքորոշում է մշակել ագրեսիային արձագանքելու հարցում»,- ասաց Մուսիոլը:

Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքական ծրագրման բաժնի ղեկավար Ալեքսանդրոս Յանիսն ավելի զուսպ մոտեցում ուներ Եվրամիության անվտանգային համակարգի բարեփոխման հարցում․ «Մի բան է «արթնանալը», և բոլորովին այլ բան է «վեր կենալ անկողնուց» և սկսել ինչ-որ բան անել»։ Հնարավոր է, ինչ-որ գործընթացի մեջ ենք։ Հարցը հետևյալն է՝ կարո՞ղ ենք իրականացնել այն, ինչ մտադիր ենք: Արդյո՞ք այն բավարար կլինի հասնելու նրան, ինչ ցանկանում ենք։ Սա լուրջ ու, գուցե, վճռորոշ փորձություն է միության համար։ Հիշենք, մեծ գրող Հերբերտ Ուելսի խոսքերը Երկրորդ աշխարհամարտի բռնկումից անմիջապես հետո՝ հարմարվի՛ր, այլապես կմահանաս։ Խնդիրը նոր չէ, թեև այն նոր փաթեթավորմամբ է»։

Տեղի՞ն է Եվրամիությանը համեմատել մեծ տերության հետ

Հենրի Ֆոյը վստագ չէր, որ նման համեմատությունը տեղին է․ «Ծիծաղելի է, բայց եթե դիտարկենք ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Չինաստանը և Ռուսաստանը, ապա միակ սուբյեկտը, որն, իսկապես, զգալիորեն մեծացրել է իր տարածքը նախորդ 20 տարիներին, Եվրամիությունն է»։

Հենրի Ֆոյի խոսքով, ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դժվար է այդ երկիրն անվանել մեծ տերություն՝ առնվազն այն պատճառով, որ նրա բնակչությունն արագորեն նվազում է։

Նատալի Տոչիի խոսքով, եթե փորձենք «մեծ տերություն» արտահայտությունը կիրառել մեր օրերում, երբ աշխարհում արագորեն զարգանում են բազմակողմ հարաբերությունները, ընդլայնվում է ժողովրդավարացումը, զարգանում է ազատ առևտուրը, ապա այդ առումով Եվրամիության մասին կարող ենք որոշակի վերապահումով խոսել։

Լիզա Մուսիոլի կարծիքով, «եթե Եվրամիությունն անգամ «մեծ տերություն» չի կոչվում, նրա շահագրգռվածությունը ողջ աշխարհում կայունության պահպանման հարցում և դրան հասնելու Բրյուսելի ջանքերը թույլ են տալիս խոսել Եվրամիության մասին որպես «մեծ ուժ» միջազգային հարաբերություններում:

«Անգամ եթե Եվրամիությունը մեծ տերություն չէ ասիական երկրների համար, այնտեղ բազմաթիվ երկրներ հասկանում են, որ Եվրամիությունը մի տեսակ երրորդ ճանապարհ է առաջարկում՝ ԱՄՆ ու Չինաստանի միջև, և շահագրգռված են դիվերսիֆիկացնել իրենց հարաբերությունները Եվրամիության հետ»,- ասում է Մուսիոլը:

Ալեքսանդրոս Յանիսն առաջարկեց հրաժարվել «մեծ տերություն» եզրույթն օգտագործելուց՝ կարծիք հայտնելով, որ Եվրամիությունը դեռ «երկար ճանապարհ ունի անցնելու»՝ իրապես «գլոբալ ազդեցություն» ունենալու համար․ «Գուցե բոլորս շուտով կապրենք մի իրավիճակում, որը կարելի է անվանել անբևեռ աշխարհ։ Եվրոպայի էությունը ոչ թե մրցակցությունն է, այլ համագործակցությունը»։

Կկարողանա՞ն ԵՄ երկրները փոխըմբռնման հասնել ընդհանուր պաշտպանական քաղաքականության հարցում

Յանիսը գտնում է, որ Եվրամիության պարագայում հրատապ է մշակել անվտանգային հարցերում հաղորդակցության նոր ձև, իսկ «անվտանգության նոր հայեցակարգի հարցի շուրջ բանավեճը պետք է տեղափոխվի հանրային դաշտ՝ Եվրամիության հնարավորինս շատ քաղաքացիների աջակցությունը ստանալու համար»:

«Նման բանավեճի կազմակերպումը որոշակի խիզախություն կպահանջի եվրոպացի քաղաքական գործիչներից, քանի որ հաճախ բաց տեղեկատվական տարածքում մենք ստիպված ենք լինում գործ ունենալ մեր կենսակերպին թշնամաբար տրամադրված ուժերի հետ»,- ասում է Յանիսը:

Հենրի Ֆոյը համաձայն է այս մտքի հետ՝ նշելով, թե «գլխավորը առաջնահերթությունների մեջ չշփոթվելն է ու աշխարհաքաղաքական մի խնդիրը մյուսից հստակ տարանջատելը»։

Նատալի Տոչին կարծում է, որ «դեռ վաղ է խոսել լուրջ ռազմաքաղաքական հարցերի քննարկումը բաց տեղեկատվական տարածք տեղափոխելու մասին», քանի որ, օրինակ, նույնիսկ ԱՄՆ հետ հարաբերություններում Եվրոպայի համար ամեն ինչ պարզ չէ»։

Որո՞նք են Եվրամիության աշխարհաքաղաքական առաջնահերթությունները

Լիզա Մուսիոլի կարծիքով, առաջնահերթություն է ուկրաինական պատերազմը։ Հաջորդը՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամն է, որին արձագանքելու համար Եվրամիությանը անհրաժեշտ է «մի քիչ ավելի հավաքական ռազմավարական փոխըմբռնում», քանի որ մերձավորարևելյան հակամարտության շարունակությունն ի վիճակի է ունենալ «կործանարար հետևանքներ, որոնք ուղղակիորեն կազդեն Եվրոպայի վրա»:

Փորձագետների մեծամասնությունը համաձայնեց այս դիտարկմանը՝ նշելով, որ «երրորդ առաջնահերթությունը ԱՄՆ հետ հարաբերություններն են՝ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի պարագայում։

XS
SM
MD
LG