Մատչելի հղումներ

Ի՞նչ է նշանակում Բլինքենի չհայտարարված այցը Կիև


ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլիքենը` Կիևում
ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլիքենը` Կիևում

Երեքշաբթի Կիևում հյուրընկալելով ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլիքենին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ օգնության «կարևոր փաթեթի» համար:

Ամերիկյան կողմի ներկայացմամբ, Կիև Բլինքենի չհայտարարված այցի նպատակն է «հավաստիացման զորեղ ուղերձի» փոխանցումը՝ հատկապես, երբ ուկրաինական ուժերը շարունակում են երկրի արևելքում դիմագրավել ռուսական օկուպացիոն ուժերի գրոհիներին և սպասում են արևմտյան սպառազինության նոր խմբաքանակների առաքմանը։

Զելենսկու խոսքով, Բլինքենի այցը տեղի է ունենում «[Ուկրաինայի] արևելքում տիրող դժվար ժամանակաշրջանում»:

Նախորդ շաբաթվա ընթացքում Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Խարկովի մարզի ուղղությամբ:

Ուկրաինայի նախագահը, հավելել է՝ Էնթոնի Բլինքենի հետ կքննարկի ամերիկյան նոր օգնության շուտափույթ ստացման և ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման հարցերը՝ հույս հայտնելով, որ Խարկովի պաշտպանության համար Ուկրաինան կարող է ձեռք բերել հակաօդային պաշտպանության ամերիկյան հայտնի Patriot համալիրները:

Բլինքենն արձագանքել է, թե Միացյալ Նահանգները՝ Ուկրաինայի այլ գործընկերների հետ միասին, հանձնառու են ապահովել, որ Ուկրաինան ունենա այն, ինչ իրեն անհրաժեշտ է՝ ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար:

«Գիտենք, որ դժվար ժամանակներ են, բայց նաև գիտենք, որ օգնությունը ճանապարհին է։ Դրա մի մասն արդեն հասել է։ Ավելին է գալու: Սա փոփոխություն կբերի մարտի դաշտում՝ ռուսական շարունակվող ագրեսիայի դեմ պայքարում»,- ասել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ կվարի նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ելույթ կունենա Կիևում։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի ներկայացմամբ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Կիևում «կքննարկի մարտադաշտում առկա իրավիճակը, ԱՄՆ անվտանգային ու տնտեսական նոր աջակցության ազդեցությունը, անվտանգային ու այլ երկարաժամկետ պարտավորությունները, ինչպես նաև Ուկրաինայի տնտեսական վերականգնմանն ուղղված շարունակական աշխատանքը»:

Անցած ուրբաթ Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինային 400 միլիոն դոլար օգնության մասին․ Վաշինգտոնը տրամադրել է սպառազինություն ու սարքավորումներ:

Ի հավելումն՝ Սպիտակ տունը այս երկուշաբթի հայտարարեց, թե անում է «ամեն ինչ», որպեսզի ամերիկյան սպառազինությունը շուտափույթ կերպով հասնի Ուկրաինա՝ Խարկովի ուղղությամբ ռուսական ցամաքային հարձակման դեմն առնելու համար։

«Անում ենք հնարավոր ամեն ինչ՝ և՛ մենք, և՛ մեր դաշնակիցները»,- լրագրողներին փոխանցել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ հավելելով, թե Կիևի համար նախատեսված սպառազինության նոր փաթեթի մասին կհայտարարվի «մոտ օրերս»։

Նախորդ շրջանում մարդուժի և զինտեխնիակայի խիստ պահանջարկ ունեցող ուկրաինական ուժերի համար ամերիկյան օգնությունը կենսական է:

Այս ամենի ֆոնին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ուկրաինական 25 հրթիռ է ոչնչացվել՝ Խարկովին սահմանակից ռուսաստանյան Բելգորոդի մարզի օդային տարածքում։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն երեքշաբթի Telegram-ի իր ալքում տեղեկացրել է, թե ուկրաինական հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, վնասվել է մոտ 20 տուն։

Իր հերթին՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը երեքշաբթի տեղեկացրել է, թե անցած գիշեր ոչնչացրել են ռուսական բոլոր՝ 18 անօդաչուները՝ Չերկասի, Դոնեցկի, Խերսոնի, Խմելնիցկիի, Կիրովոգրադի, Կիևի և Զապորոժիեի մարզերի օդային տարածքներում։

Պատերազմին հարմարեցվող Ռուսաստանի տնտեսությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել տնտեսագետի, վկայում է, որ Կրեմլը նպատակ ունի հարամարցնել երկրի տնտեսությունը պատերազմին՝ երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

«Ռուսաստանն իր գրեթե ողջ տնտեսությունը տեղափոխում է ռազմական ռելսերի վրա: Այն դառնում է ռազմականացված երկիր։ Նրա տնտեսությունը ծառայելու է բացառապես զինվորականների կարքիները բավարարելուն»,- Reuters-ին փոխանցել է Պոդոլյակը:

Ինչպես հայտնի է, Պուտինը կիրակի երկրի պաշտպանության նոր նախարար նշանակեց 65-ամյա նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Անդրեյ Բելոուսովին։

Պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն փոխադրվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին և, ըստ Կրեմլի, պատասխանատու կլինի երկրի ռազմա-արդյունաբերական համալիրի համար։

«Անկասկած, այս փոփոխությունները վկայում են Ռուսաստանի ամբողջական վերափոխման մասին»,- ասել է Պոդոլյակը։

Օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները:

XS
SM
MD
LG