Մատչելի հղումներ

Մեթանի արտանետումները կրճատելու նոր մեթոդներ են մշակվում՝ կանխելու գլոբալ տաքացումը 


Մեթանի արտանետումներ
Մեթանի արտանետումներ

Երկրի վրա և տիեզերքում աշխատանքներ են տարվում՝ նվազեցնելու մեթանի արտանետումները, ինչը, ինչպես հայտնի է, նպաստում է համաշխարհային ջերմացմանը: Միջազգային էներգետիկ գործակալությունը զգուշացնում է՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար ժամանակը մոտենում է ավարտին։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար նախատեսված առաջին արբանյակը, որը մշակվել է բնապահպանական կազմակերպության կողմից, այս մարտին ուղեծիր է դուրս եկել: MethaneSAT-ի նպատակն է տեղորոշել ջերմոցային գազերի արտանետման խոշոր վայրերը։

Շրջակա միջավայրի պաշտպանության հիմնադրամի ղեկավար Ջոն Գոլդշտեյնն ասում է․ «Մեթանի արտանետման ամենամեծ աղբյուրը նավթա-գազային արդյունաբերությունն է։ Ուստի, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այդ ուղղությամբ՝ սահմանափակել նավթի ու գազի արդյունահանման հետևանքով առաջացող մեթանի արտանետումները։ Մեթանի արտանետման մյուս խոշոր աղբյուրները գյուղատնտեսությունն է, աղբավայրերը և նման այլ օբյեկտներ»:

Ածխաթթու գազից հետո մեթան գազը երկրորդ խոշոր վնասատուն է համաշխարհային ջերմացման առումով: Ավելի քան 150 երկրներ, ներառյալ՝ Միացյալ Նահանգները, պարտավորվել են զգալիորեն կրճատել մեթանի արտանետումները մինչև 2030 թվականը:

Միացյալ Նահագների կառավարությունը մարտի վերջին հայտարարեց մեթանի արտանետումները կարգավորող նորացված կարգի մասին:

«Ե՛վ տնտեսական, և՛ կլիմայական տեսանկյունից խելամիտ է, որ երբ նավթա-գազային ընկերությունները հորատումներ են իրականացնում Ամերիկայում, կանխեն նաև մեթանի արտանետումը»,- ասում է Արևմտյան առաջնահերթությունների կենտրոնի փոխտնօրեն Ահարոն Վայսը:

Արևմտյան էներգետիկ դաշինքի նախագահ Քեթլին Սգամանի խոսքով, ուշադրությամբ դիտարկում են, թե ինչ է պահանջում նոր կարգը. «Անընդհատ նվազեցնում ենք մեթանի արտանետումը։ Կանոնակարգերը շարունակում են խստացվել: Իրոք, որպես երկիր շատ բան ենք անում՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար»։

Միջազգային էներգետիկ գործակալությունը ընդգծել է, որ հանածո վառելիքի համաշխարհային արտադրությունն ու օգտագործումը հանգեցրել է մոտ 120 միլիոն տոննա մեթանի արտանետումների միայն 2023 թվականին:

Գործակալությունը կոչ է անում Միացյալ Նահանգներին և այլ խոշոր արդյունահանողների ավելին անել՝ վնասատու գազերի արտանետումները կրճատելու համար, եթե, իրոք, ցանկություն կա խուսափել կլիմայական աղետներից:

Սան Դիեգոյի համալսարանի պրոֆեսոր Վիրաբհադրան Ռամանատանին ասում է․ «Պետք է ձեռնարկենք այնպիսի քայլեր, որոնք շատ արագ կնվազեցնեն մոլորակի տաքացումը՝ 10-20 տարի հետո»:

Ոլորտի մասնագետների խոսքով, առանց կլիմայի փոփոխության դեմ պայքարի միասնական ջանքերի՝ ողջ աշխարհում եղանակային ծայրահեղ դրսևորումներն այլևս կդառնան սովորական:

XS
SM
MD
LG