Մատչելի հղումներ

ՏԻՄ ընտրություններում ընդդիմության հաղթանակը կարող է որոշիչ լինել Թուրքիայի հաջորդ նախագահական ընտրություններում. տեսակետ


Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ «Հանրապետական ժողովրդական» կուսակցության տպավորիչ հաղթանակը ՏԻՄ ընտրություններում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ «Հանրապետական ժողովրդական» կուսակցության տպավորիչ հաղթանակը ՏԻՄ ընտրություններում

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը, ըստ դիտորդների, վկայում է երկրի քաղաքական կյանքում կարևոր փոփոխության մասին։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ «Հանրապետական ժողովրդական» կուսակցության տպավորիչ հաղթանակը ՏԻՄ ընտրություններում շրջադարձ էր կուսակցության համար, հատկապես՝ եթե հիմք ընդունենք երկրի նախագահի պաշտոնում Էրդողանի անցած տարվա վերընտրվելը՝ նկատում են դիտորդները:

«Անցած տարվա մայիսյան ընտրություններում ընդդիմության պարտությունից հետո բոլորը կարծում էին, թե ընդդիմադիրները հուսահատ վիճակում են։ Բայց դա, կարծես, այդպես չէ, և սա իրական շրջադարձ է թուրքական քաղաքական դաշտի համար»,- ասում է Istanbul Economics Research հաստատության ղեկավար Քան Սելջուկին:

Հարազատ կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում Էրդողանը ստանձնեց գլխավոր դերը՝ ձգտելով «վերանվաճել» Ստամբուլը գործող քաղաքապետ, ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուից:

ՏԻՄ ընտրությունները փոխել են Թուրքիայի քաղաքական պատկերը
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

Սակայն արդյունքները ճի՛շտ հակառական են․ Իմամօղլուն ընդլայնեց իր քաղաքական վերահսկողությունը՝ հաղթելով Էրդողանի կուսակցության կողմից վերահսվող շրջաններում, ներառյալ՝ Բեյօղլու թաղամասում, որը Էրդողանի ծննդավայրն է և որտեղ Թուրքիայի նախագահը ուներ մեծ ընտրազանգված:

Շուրջ 70%-ի հասնող գնաճը և վերաֆինանսավորման մոտ 50%-ը, ինչի հետևանքով վարկերն անհասանելի են դարձել բնակչության մեծամասնության համար, ըստ դիտորդների, Էրդողանի գլխավորած քաղաքական ուժի պարտության հիմնական պատճառներն են։

Փոխարենը, Իմամօղլուն հանդես եկավ որպես հանրության բոլոր խավերի շահերը հաշվի առնող ղեկավար, ինչը դարձել է նրա հաջողության գործոններից մեկը, որն էլ իր հերթին ավելի է ուժեղացրել նրա դիրքերը՝ երկրի նախագահի հնարավոր թեկնածուների շարքում։

«Հանրապետական ժողովրդական» կուսակցությունը ներկայացնող, մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասը նույնպես ջախջախիչ հաղթանակ տարավ:

Ըստ դիտորդների, երկու քաղաքապետերին հաջողվել է իրենց կողմը գրավել կրոնական ուղղվածություն ունեցող ընտրողներին՝ ընդլայնելով կուսակցության կողմնակիցների շրջանակը:

Դիտորդների կարծիքով, ընդդիմադիրների համար սա հաջողության դուռ է բացում Թուրքիայի այն մասերում, որոնք Էրդողանի կարևոր քաղաքական հենարանն էին, օրինակ՝ Անատոլիայում:

«Դրանք այն շրջաններն են, որոնք ես համարում էի կրոնական առումով պահպանողական, և «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունը նախկինում երբեք հաջողություն չի ունեցել այդ շրջաններում: Խոսում ենք կենտրոնական Անատոլիայի մասին, որը սովորաբար ավելի շատ ազգայնական է, և կրոնական առումով զգայուն: Առաջին անգամ է, որ նրանք՝ [ընդդիմադիրները] հաջողություն ունեցան այդտեղ»,- ասում է Ստամբուլի Իստինյե համալսարանի փորձագետ Իսթար Գոզայդինը:

Շատերն են այն կարծիքի, որ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետական ժողովրդական» կուսակցության նման հաղթանակը փոխել է իրավիճակը Թուրքիայում, քանի որ ընդդիամդիրները այլևս վերահսկում են երկրի առաջին չորս խոշոր քաղաքները և բազմաթիվ այլ բնակավայրեր։

Դիտորդները հիշեցնում են, քաղաքապետերն ունեն բնակավայրի առօրյա կյանքը ղեկավարելու շոշափելի լիազորություններ, իսկ դա նշանակում է, որ ընդդիմության հնարավորությունները մեծանում են:

««Հանրապետական ժողովրդական» կուսակցությանը հնարավորություն է ընձեռվել ցույց տալու, թե ինչպես են իրենք կառավարելու առաջիկա հինգ տարիներին։ Կարծում եմ, ընդդիմության համար լավ հնարավորություն է ցուցադրել իր կառավարման հմտությունները երկրի այն հատվածներում, ուր նրանք [նախկինում] երբեք չէին կարող հաղթել ընտրություններում»,- ասում է Սելջուկին:

Դիտորդները նշում են, որ «Հանրապետական ժողովրդական» կուսակցության արդյունքը ՏԻՄ ընտրություններում կարող է որոշիչ լինել 2028 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Մինչ 70-ամյա Էրդողանի գլխավորած կուսակցությունը պայքարում է երկրում գնաճը զսպելու ուղղությամբ, գալիք համապետական ընտրություններում ընդդիմադիրների հաղթանակն ավելի հավանական է թվում։

XS
SM
MD
LG