Մատչելի հղումներ

Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում ու Ռուսաստանում․ փորձագիտական գնահատականներ


Առավոտը Կիևում. 1 ապրիլի, 2024 թ.
Առավոտը Կիևում. 1 ապրիլի, 2024 թ.

Փորձագետների միջազգային՝ PONARS Eurasia ցանցն իր ամենամյա համաժողովում ներկայացրել է մի շարք նոր հետազոտություններ

Ռուսաստանի լայնածավալ պատերազմն Ուկրաինայի դեմ, հակամարտությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքը և Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սրվող հարաբերությունները՝ բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով վկայում են աշխարհում, ընդհանուր առմամբ, աճող լարվածության մասին։

Վերջիններս անգամ «շրջադարձային» են անվանում ներկա ժամանակահատվածը։

Եվրասիայում հետազոտություններին և անվտանգությանը վերաբերող նոր մոտեցումների ծրագիրը՝ PONARS Eurasia-ն (the Program on New Approaches to Research and Security in Eurasia, PONARS Eurasia) ստեղծվել է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի Եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի կողմից։ Ծրագրի շրջանակում Հյուսիսային Ամերիկան ու հետխորհրդային երկրները ներկայացնող փորձագետները հետազոտություններ են իրականացնում Ռուսաստանին ու ընդհանրապես՝ Եվրասիային վերաբերող անվտանգային, քաղաքական, տնտեսական և հանրային հարցերի մասին։

Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում ու Ռուսաստանում․ փորձագիտական գնահատականներ
please wait

No media source currently available

0:00 0:21:03 0:00

Ծրագրի ներքո՝ մարտի 29-ին, Վաշինգտոնում տեղի ունեցավ տարեկան համաժողով, որին մասնակցում էին ավելի քան 30 առաջատար գիտնականներ, ինչպես նաև ԱՄՆ գրեթե 200 քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի կարգը հետևյալն էր՝ բանախոսը ներկայացնում է հետազոտությունը, որից հետո հրավիրյալ ընդդիմախոսները հարցեր են ուղղում, որոնց պատասխանները «կցանկանային ստանալ զեկույցի վրա աշխատանքն ավարտելուց հետո»:

Ի՞նչ կարողություններ ունի ռուսաստանյան քաղաքացիական հասարակությունը երկրում ավտորիտարիզմի աճի պայմաններում

Նազարբաևի անվան համալսարանից Անդրեյ Սեմյոնովի զեկույցը վերնագրված էր՝ «Ավտորիտար միջավայրում քաղաքային ակտիվիզմը դառնում է թվային»։ Ուսումնասիրությունը հիմնված էր դիտարկման վրա, որ «աշխարհում ակտիվիստներն ավելի են ապավինում թվային հարթակներին»:

«Թվային հարթակների դերը տեղային ճգնաժամերի համատեքստում [այլևս] նշանակալի է։ Քաղաքային ճգնաժամերի ժամանակ, երբ քաղաքացիները, տեղի բնակիչները ներգրավված են անցանկալի նախագծերի դեմ պայքարում, ինչպիսիք են՝ այգիների ոչնչացումը, այսպես կոչված, կետային կառուցապատումները կամ կառավարության նախաձեռնած որևէ այլ ծրագիր, կիրառվում են թվային հարթակներ, որոնք հսկայական դեր են խաղում: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ նույնիսկ աճող ավտորիտարիզմի պայմաններում Ռուսաստանի քաղաքացիները կարող են դիմակայել իշխանության գործողություններին։ Թվային հարթակները կարող են փոխհատուցել կազմակերպչական բացերը, որոնք սովորաբար առկա են, երբ բացակայում են քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, կամ այդ կուսակցություններն ու կազմակերպությունները գտնվում են կառավարության ճնշման տակ»,- ասում է զեկույցի հեղինակը:

Օրինակ բերելով Նովոսիբիրսկի մոտ գտնվող Նիժնի Ելցովկայում տեղի ունեցածը՝ Անդրեյ Սեմյոնով նկարագրել է, թե ինչպես են բողոքի ակցիաներն ընդդեմ օղակաձև, տարանցիկ ճանապարհի կառուցման հանգեցրել տեղի բնակչության համախմբմանը, և բողոքավոր զանգվածի ընդհանուր թիվը հասել էր մոտ 100 հազարի։ Մարդիկ բողոքում էին, որ նոր ճանապարհը կվատացնի իրենց կյանքի որակը՝ երթևեկության ավելացման և շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով։

Սեմյոնովն ու զեկույցի համահեղինակները տվյալներ էին հավաքել Ռուսաստանում նմանատիպ 26 ճգնաժամների մասին՝ նշելով, թե նման դեպքերում որքան կարևոր դեր են խաղացել թվային հարթակները՝ «հաղորդակցության, համակարգման, համախոհների հավաքագրման և անվտանգությանն առնչվող հարցերում»:

Մանրամասն ուսումնասիրության համար հեղինակներն ընտրել են 14 դեպք, որոնցում «թվային հարթակների դերն առավել ցայտուն էր»:

Այնուամենայնիվ, շատ դեպքերում անհրաժեշտոսւթյուն էր առաջանում կարևոր հարցերի քննարկումը իրականացնել համացանցից դուրս, ինչը պահանջում է առանձին համակարգում։

«Թվային հարթակների միջոցով փաստաթղթերի, լուսանկարների և տեսանյութերի տարածումը նպաստել է հանրության իրազեկվածության բարձրացմանը»,- ընդգծում է Սեմյոնովը։

Նման՝ առցանց հարթակները, նաև կիրառվում են նոր աջակիցներ ներգրավելու համար։

«Ակտիվիստների մեծ մասը նաև քաջատեղյակ է, որ անվտանգության նկատառումներից ելնելով պետք է հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել թափանցիկության ապահովման և լսարանի աճի միջև: Հատկանշական է, որ մեր ուսումնասիրության բոլոր մասնակիցները նշել են, թե պետանվտանգության մարմինների գործակալները ներթափանցում են իրենց շարքեր»,- ասում է Սեմյոնովը։

Զեկույցի եզրակացությունն էր, որ «չնայած թվային հարթակների կարևորությանը, քաղաքացիների համար շարունակում է կարևոր մնալ իրական կյանքում գործողությունների մարտավարության մշակումը»: Պակաս կարևոր չէ, որ լայն զանգվածները «սովորեն օգտվել թվային գործիքներից ինքնուրույնաբար՝ առանց մոդերատորների»։

Ի՞նչ իրական ռազմական հնարավորություններ ունի Ռուսաստանը

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի անդամ Կիրիլ Շամիևը ներկայացրել է «Ռուսաստանի վարած պատերազմի քաղաքական արմատները» ուսումանսիրությունը, ուր հիմնական թեզերից մեկն է, թե աշխարհը գերագնահատել է ռուսական զինված ուժերի տեխնիկական և մարտական կարողությունները:

Հեղինակի խոսքով, զուգահեռաբար՝ գործ ունեցանք Ռուսաստանի թերագնահատման հետ, թե Մոսկվան անկարող է հարմարվել նոր իրողություններին և դասեր քաղել իր պարտություններից։

«Եթե հայացք նետեք Ռուսաստանի ռազմական կարողությունների զարգացման պատմությանը, ապա կնկատեք, որ Պուտինի օրոք եղել է միայն մեկ, համեմատաբար հաջող բարեփոխում՝ պաշտպանության նախարար Սերդյուկովի գլխավորությամբ։ Բարեփոխիչները մեծ հաջողությունների չհասան, քանի որ երկրի ռազմա-արդյունաբերական համալիրը հսկայածավալ է, և կառավարման տեսանկյունից դժվար է կազմակերպել և հաջողությամբ վերահսկել միլիարդավոր ռուբլիներն ու մարդկանց։ Խոսքը նաև հազարավոր օբյեկտների մասին է: Երկրի ռազմական կարողությունների զարգացման առաջնահերթությունների շուրջ հակասություններ կան քաղաքացիական անձանց ու զինվորականների միջև, որոնք, օրինակ, համաձայն չէին զինվորական անձնակազմի թվաքանակի կրճատմանը և այլն»,- ասում է Կիրիլ Շամիևը։

Փորձագետի կարծիքով, քաղաքական թափանցիկության բացակայությունն է խոչընդոտել Ռուսաստանի զինուժում բազմաթիվ բարեփոխումների իրականացմանը։

«Ոչ ժողովրդավարական պայմաններում մշտադիտարկման ցածր որակը վատացրել է ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ղեկավարների կողմից առաջադրանքների կատարման գնահատումը։ Երկրորդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ինքը՝ մի անարդյունավետ, բյուրոկրատական կառույց, խոչընդոտ է ռազմական բարեփոխումների համար։ Վերջապես, խնդիր էր, թե ինչպես է Ռուսաստանը արձագանքում ներքին ու արտաքին անսպասելի դժվարություններին, առաջին հերթին՝ ֆինանսական»,- ասում է Շամիևը։

Արդյունքում, ըստ փորձագետի, Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի սկզբում չկարողացան արդյունավետ գործել, սակայն դեռ հնարավորություն ունեն նոր փորձեր կատարելու։

Պատասխան ելույթում՝ Քենանի ինստիտուտի ներկայացուցիչ Ուիլյամ Հիլը կարևորեց լրացուցիչ տվյալների առկայությունը՝ հասկանալու, թե ինչպես է ռուսաստանյան քաղհասարակությունն այսօր գոյատևում՝ օգտագործելով թվային հարթակները:

«Արդյո՞ք գործ ունենք մեկ հարթակի հետ, թե՞ կան մի քանի հարթակներ, որոնք, ասենք, ավելի լավն են, քան մյուսները: Տեղական մակարդակում կա՞ն կոնկրետ խնդիրներ, որոնք ավելի հաճախ են արծարծվում, և ո՞ր կազմակերպությունն է ավելի արդյունավետ գործում այս խնդիրների լուծման ուղղությամբ: Ինչպե՞ս է կառավարությունն արձագանքում տեղական բողոքներին և թվային հարթակների օգտագործմանը: Արդյո՞ք բոլոր քաղաքներում, ողջ Ռուսաստանում իշխանությունների արձագանքը նույնն է, թե՞ կան տարբերություններ: Շատերը պնդում են, թե Ռուսաստանում ամեն ինչ գտնվում է ռեժիմի վերահսկողության ներքո և այդ ռեժիմն աստիճանաբար ավելի ավտորիտար է դառնում, բայց դա այդպես չէ։ Մարդիկ պայքարում են»,- ասում է փորձագետը՝ կոչ անելով ավելի խորը ուսումնասիրել Ռուսաստանի ծայրամասային շրջաններում տիրող տրամադրությունները։

«Ինչ վերաբերում է զինված ուժերի արդյունավետությանը, որը չափվում է նրանց ներուժով, այսինքն՝ հաշվի են առնվում նաև մարտադաշտում գտնվող բանակի շարքերում տիրող ոգին, նախաձեռնողականությունը, ապա, իհարկե, դրանց բացակայությունն ազդեց ռուսական բանակի ձախողումների վրա՝ Ուկրաինա ներխուժման առաջին տարում։ Իսկ որո՞նք էին Ուկրաինա ներխուժելու իրական նպատակները։ Նպատակը ամբո՞ղջ Ուկրաինան գրավելն էր, թե՞ մի մասը: Արդյո՞ք նպատակը պարզապես ցամաքային կամուրջ կառուցելն էր դեպի Ղրիմ և գրավել ողջ Դոնբասը»,- նշում է վերլուծաբանը։

Ըստ Կիրիլ Շամիևի, նա «այն մարդկանց թվից է, ովքեր կարծում էին, որ Մոսկվայի սկզբնական նպատակն էր «գլխատել» ուկրաինական կառավարությունը և արագ գործողության միջոցով վերահսկողություն հաստատաել ողջ Ուկրաինայի նկատմամբ»։ Սակայն այդ ծրագիրը տապալվեց, որովհետև «ռազմական տեսանկյունից հարձակումը ոչ արհեստավարժ էր կազմակերպված»:

Ի՞նչ ազդեցություն ունեցավ պատերազմը ուկրաինական պետության ձևավորման վրա

Քաղաքականության վրացական ինստիտուտից Բիձինա Լեբանիձեն ներկայացրեց «Արդյո՞ք պատերազմը շարունակում է պայման հանդիսանալ պետության կայացման համար. պետության և ազգի ձևավորումը Ուկրաինայում և ռուսական ագրեսիան» զեկույցը։ Նրա խոսքով, «պատերազմները և այլ արտաքին սպառնալիքները դրդում են երկրներին համախմբման, ինչպես նաև ավելի սերտ հարաբերությունների՝ հասարակության ու պետության միջև»:

Լեբանիձեի ներկայացմամբ, իր ուսումանսիրությունն անդրադարձել է ազգային ինքնության «վերաձևավոևմանը» և Ուկրաինայում «ազգային-պատմական կայունության և դիմադրության առաջացմանը»:

«Ուկրաինայի գոյության առջև կանգնած սպառնալիքը էականորեն ազդել է ուկրաինական պետության ներուժի վրա։ Տեղի ունեցավ ազգային համախմբում, որն արտահայտվեց հանրային համախմբվածության ձևով»,- ասում է վերլուծաբանը։

Բիձինա Լեբանիձեի խոսքով, համեմատել է երկու ժամանակաշրջաններ․ «Առաջին շրջանը սկսվում է 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո և մինչև Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների մեկնարկը՝ մինչև 2022 թվականը»։ Երկրորդ շրջանը սկսվում է «2022 թվականից հետո, երբ տեղի ունեցավ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա»։

2014 թվականին, ըստ փորձագետի, «պետականաշինության, համախմբման առումով որոշակի տեղաշարժեր եղան, թեև կային բազմաթիվ բացեր»:

Երկրորդ շրջանում «ձևավորվեց կայսրության հետ առճակատման ընդհանուր գաղափարը»: Այսինքն՝ «յուրաքանչյուր ուկրաինացի սկսեց հասկանալ, որ եկել է Մոսկվայից լիակատար անկախության համար վճռական պայքարի պահը», և դա, ըստ փորձագետի, ազդեց բազմաթիվ բարեփոխումների արդյունավետության վրա, այդ թվում՝ հարկային ու հակակոռուպցիոն։

Ի՞նչ դեր կարող են խաղալ տեղական իշխանությունները՝ Ուկրաինայի անվտանգության ամրապնդման գործում

Կիևի տնտեսագիտության դպրոցի ներկայացուցիչ Օլեքսանդրա Կույդելը քննարկման ներկայացրեց «Ազգային անվտանգությունն ու տեղական իշխանությունների դերը» զեկույցը, որը Ուկրաինայի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ուսումնասիրությունն էր:

Ուիսումնասիրության ընթացքում 2020, 2022 և 2024 թվականներին հարցումներ են անցկացվել 241 պետական գերատեսչությունների աշխատակիցների շրջանում.

«Երբ խոսում եմ ճգնաժամի մասին, նկատի ունեմ, որ 2022 թվականի օգոստոսին եղել է ճգնաժամ՝ կապված մարդկանց ներքին տեղաշարժի, էլեկտրաէներգիայի անջատումների, ավերածությունների և զրկանքների հետ, բայց արդեն 2024 թվականին այդ ամենը այլևս չէր ընկալվում որպես «ճգնաժամ» և վերածվեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ կապված առօրյա խնդիրների շարունակական լուծման»,- ասում է Կույդելը։

«2022 թվականին, երբ տեղական իշխանություններին հարցնում էինք, թե քաղաքացիներին կամ բիզնեսին ինչ նախաձեռնություններ են ներկայացրել [2022 թվականի] փետրվարի 24-ից հետո, տարածված պատասխան էր, որ իրենց առաջարկները վերաբերում են աջակցության տարբեր ծրագրերում քաղաքացիների ներգրավմանը»,- ասում է վերլուծաբանը։

Հետազոտողի խոսքով, «տեղական իշխանությունները շատ ջանքեր էին գործադրում, որ իրենց նկատմամբ վստահություն ձևավորովի, քանի որ գործելու համար այլևս քիչ ժամանակ էր մնում»։

Տեղական իշխանությունների նպատակն է դարձել հնարավորնս շատ արտաքին ռեսուրսների ներգրավումը և համայնքը համախմբելը:

«Այս նպատակները մնում են ամենակարևորը»,- ասում է Օլեքսանդրա Կույդելը՝ հավելելով, թե, միաժամանակ, «իշխանությունների համակարգող դերը զգալիորեն նվազել է, [քանի որ] շատ բան որոշվում է պարզ մարդկանց կողմից»։

«Նաև տեսնում ենք, որ 2021 թվականից ի վեր՝ հասարակության հետ համագործակցության առումով բիզնեսի դերը զգալիորեն աճել է։ Օրինակ, ապաստարանների կառուցում, զինվորականների ուսուցում, թե ինչպես կառվարել անօդաչուները և այլն: 2024 թվականին ավելի ակտիվ սկսեցին գործել ներքին տեղահանվածները՝ ավելի մեծ մասնակցություն ունենալով այն վայրերի հանրային կյանքում, ուր նրանք հայտնվել են»,- ընդգծում է հետազոտողը։

Ջորջ Մեյսոնի անվան համալսարանից Ջին Ֆիշելը առաջ քաշեց հետևայլ հարցերը՝ Ուկրաինայում տեղական իշխանությունների դերի մասին զեկույցի առնչությամբ. «Ինչպե՞ս է կենտրոնական իշխանությունը վերաբերվում տեղական իշխանությանը ռազմական դրության պայմաններում: Առկա պայմաններում ինչպե՞ս է պահպանվում կարծիքների բազամզանությունը։ Ի՞նչ է արվել ժողովրդավարությունը զարգացնելու համար՝ Ղրիմի բռնակցումից հետո ու մինչև ռուսական լայնամասշտաբ ներխուժումը»։

Արդյո՞ք Ուկրաինան կարող է զարգացնել ժողովրդավարությունը պատերազմի պայմաններում

Սան Դիեգոյի պետական համալսարանից Միխայիլ Ալեքսեևը թվարկեց Ուկրաինայում իրականացրած իր ուսումնասիրության արդյունքները, որոնք հիմնականում վերաբերում էին հանրության շրջանում ժողովրդավարության ավանդույթների ամրապնդմանը պատերազմի պայմաններում։

«Կարևոր է, որ բնակչության շրջանում ժողովրդավարության վերաբերյալ դրական գնահատականը 60%-ից հասել է 80%-ի և խոսքը վերաբերում է բոլոր մարզերին, ինչպես նաև լեզվական, սոցիալ-տնտեսական և այլ խմբերին։ Սա հուսադրող զարգացում է, հիմք՝ կայունության և ռուսական դաժան ագրեսիային ուկրաինական դիմադրության համար։ Սակայն միաժամանակ հարկ է նշել որ վերջերս Արևմուտքի աջակցության բացակայության պատճառով ուկրաինացիների մոտ մտավախություն է առաջացել, թե կարող են կորցնել արևմտյան ռազմական աջակցությունը: Այն մարդկանց թիվը, ովքեր գիտակցում են, որ պատերազմն ավելի երկար կտևի, քան նախկինում ենթադրվում էր, 40%-ից հասել է 53%-ի։ 93%-ը համոզված է, որ Ուկրաինան է հաղթելու։ Մոտ 80%-ի համար հաղթանակը Ուկրաինայի ողջ տարածքի ազատագրումն է, ինչը կարևոր է միջազգային իրավունքի պահպանման տեսանկյունից։ Բացի այդ, մարդկանց կարծիքով, Ուկրաինայի պարտությունը Ռուսաստանին կդրդի անցնել ավելի լայն ագրեսիայի։ Մարդիկ պնդում են՝ Ուկրաինան պետք է լինի ժողովրդավարական երկիր։ Մեր հարցման մասնակիցների 79%-ի կարծիքով, իրենց նախընտրած կառավարման ձևը ժողովրդավարությունն է»։

Քլերմոնթ ՄըՔենա քոլեջից Հիլարի Ափելը հարց ուղղեց, թե արևմտյան ժողովրդավարության ընկալման գործում ինչ դեր խաղացին Ուկրաինային միջազգային աջակցության ձգձգումները:

Ի՞նչ հեռանկար ունի Ուկրաինան Արևմուտք շարժվելու ճանապարհին

Քլերմոնթ ՄըՔենա քոլեջից Մեդըլին Դորնֆելդը ներկայացրել է «Եվրամիություն Ուկրաինայի անդամակցության հեռանկարները. հաղթահարելով բյուջետային և ինստիտուցիոնալ խոչընդոտները» զեկույցը՝ անդրադառնալով «Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի կոնկրետ քայլերին»։

Նրա խոսքով, նախորդ երկու տարիներին և հատկապես՝ վերջին երեք ամիսներին «շատ հուսադրող փոփոխություններ են եղել դեպի Եվրամիություն Ուկրաինայի ճանապարհին», չնայած այն հանգամանքին, որ մինչև ռուսական լայնածավալ ներխուժումը, մի տեսակ «հոգնածություն կար» Եվրամիությունում՝ ընդլայնման հերթական փուլից հետո։

Վերլուծաբանի կարծիքով, անցած ժամանակաշրջանում Ուկրաինայի անապահով սահմանները, ուկրաինական կոռուպցիայի մասին պատումը և երկրում այլ խնդիրները թուլացրել էին հավատը, թե Կիևը մի օր կդառնա Եվրամիության անդամ։

Այնուամենայնիվ, 2023 թվականին Եվրամիության ղեկավարները «հաստատեցին Միությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շրջանակը»: Եվրոպական խորհրդարանը կոչ արեց արագ համաձայնության գալ բանակցությունների շրջանակի շուրջ։

«Մի կողմ հիմնական խնդիրն է՝ Ուկրաինայում պատերազմը և անվտանգ սահմանների բացակայությունը, և այն, որ Ուկրաինան պայքարում է իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար, այդուհանդերձ՝ Ուկրաինայի ճանապարհը դեպի Եվրամիություն ամբողջովին բաց էր հենց պատերազմի ժամանակ»,- ասում է Մեդըլին Դորնֆելդը՝ միաժամանակ ընդգծելով, որ կան նաև բազմաթիվ դժվարություններ», որոնք «դեռ պետք է հաղթահարել»։

Խոսքն առաջին հերթին գյուղատնտեսական խնդիրների մասին է, որոնց ֆինանսավորումը խլում է Եվրամիության ողջ բյուջեի գրեթե մեկ երրորդը:

«Սակայն հենց հիմա՝ պատերազմի ժամանակ, տեսնում ենք, որ Եվրամիության քաղաքացիների 61%-ը կողմ է Ուկրաինային Եվրամիոսւթյան թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Այնուամենայնիվ, որոշումը կարող է արգելափակել անգամ մեկ երկիր, և այդ առումով վտանգ են ներկայացնում Սլովակիան ու Հունգարիան»,- ամփոփում է վերլուծաբանը։

Արդյո՞ք Ռուսաստանը կդառնա «բևեռ» գլոբալ հարավի երկրների համար

Ուեսլիյեն համալսարանից Փիթեր Ռաթլենդը ներկայացրեց «Ուկրաինան, Գազան և Ռուսաստանի շրջվելը դեպի հարավ» վերնագրով զեկույցը, ուր նա առաջարկում է ուկրաինական պատերազմը դիտարկել երեք հարթությամբ:

«Առաջինը, բուն պատերազմն է՝ մարտի դաշտում, հարձակումներ քաղաքների վրա: Երկրորդը՝ Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքական պայքարն է՝ ռազմական գործողությունների հետագայի հետ կապված։ Երրորդ հարթությունը՝ աշխարհի այլ երկրների վրա ազդեցություն ունենալու պայքարն է, և վերջինը կարևոր է ոչ միայն ՄԱԿ-ում քվեներ ունենալու տեսակետից, այլև առևտրային հոսքերի ու սպառազինության մատակարարումների առումով։ Երրորդ հարթությունը ամենից դինամիկն է։ Պատերազմի հետագա ընթացքը կախված կլինի նրանից, թե ով կհաղթի աշխարհի մյուս մասերում աջակցություն գտնելու պայքարում»,- ասում է Ռաթլենդը։

Փորձագետի դիտարկմամբ, հակասություն կա Ռուսաստանի ջանքերի՝ իրեն ներկայացնել որպես առանձին քաղաքակրթություն, և այն գաղափարի միջև, թե գլոբալ հարավի բոլոր երկրները հավասար են, քանի որ նման կերպ Ռուսաստանը ցանկանում է հանդես գալ որպես առաջատար երկիր՝ քաղաքակրթական կենտրոն։

Մյուս կողմից, ըստ Փիթեր Ռաթլենդի, այլևս ակնհայտ է, որ հարավի երկրները, ներառյալ՝ Չինաստանն ու Հնդկաստանը շահագրգռված չեն Արևմուտքի հետ պատերազմով և առճակատմամբ:

Փորձագետը քիչ հավանական է համարում, որ Կրեմլի շարժը դեպի հարավի երկրներ կկրի ռազմավարական բնույթ՝ հաշվի առնելով ԽՍՀՄ քաղաքականության վերլուծությունը Սառը պատերազմի տարիներին, այսպես կոչված, «չմիացած երկրների շարժման» նկատմամբ, որոնք մոտավորապես նույն պետություններն էին, ինչ այսօր մաս են կազմում գլոբալ հարավին։

«Ուշագրավ օրինակ է Կարմիր ծովում տեղի ունեցածը։ Ամենալուրջ հարվածներից մեկը հասցվել է հնդկական անձնակազմով նավթատար նավին, որը Հունաստանից ռուսական նավթ էր տեղափոխում Սինգապուր։ Սա ցույց է տալիս Ռուսաստանի մոտեցումների հակասությունները, բայց մինչ այժմ նրանց հաջողվել է հակամարտություն ու քաոս սերմանել»,- ասում է վերլուծաբանը:

Ինչու՞ է ռուսական քարոզչությունը թիրախավորում Լատինական Ամերիկան

Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնի վերլուծաբան Այվըն Կլիշը անդրադարձել է Լատինական Ամերիկայի ուղղությամբ Ռուսաստանի ակտիվացած քաղաքականությանը։

«Արդյո՞ք այժմ պետք է ուշադրություն դարձնենք Լատինական Ամերիկա այցելող Ռուսաստանի պատվիրակություններին։ Ի վերջո, տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները դատապարտեցին Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Մոսկվայի ներդրումները տարածաշրջանում երբեք զգալի չեն եղել։ Լատինական Ամերիկան երրորդ տարածաշրջանն է՝ Եվրոպայից ու Հյուսիսային Ամերիկայից հետո, ուր ամենից քիչն են հավանություն տալիս Մոսկվայի գործողություններին։ Իրականում, ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը։ Ռուսաստանի տնտեսությունն այնքան փոքր է, որ համեմատելի է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի տնտեսության հետ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը որոշ առավելություններ ունի։ Օրինակ, Լատինական Ամերիկան կտրված է պատերազմի իրական պատմություններից, ինչը կարող է օգնել տարածաշրջանում Ռուսաստանի արդյունավետ քաղաքականության իրականացմանը: Միջազգային իրավունքին հավատարիմ լինելու և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու մասին այժմ Մոսկվան շատ խոսում հատկապես Լատինական Ամերիկայում»,- ասում է Այվըն Կլիշը։

Փորձագետը հիշեցնում է` նորագույն պատմության ընթացքում Լատինական Ամերիկան խորհրդային Պետանվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ-ի գործունեության նախընտրած ուղղություններից էր, որը հիմնականում ուղղված էր ԱՄՆ դեմ և ի աջակցություն տեղի կոմունիստական խմբավորումներին։

«Այսօր ռուսական հետախուզությունը շարունակում է գործընկերներին, [ասպես ասենք], գործարքային օգնություն տրամադրել և ընդլայնել իր գործունեության շրջանակը: Նրանց թիրախը, ինչպես նախկինում, արևմտյան երկրներն են։ Ընդհանուր առմամբ, Արևմուտքը պետք է ուշադրություն դարձնի այս զարգացմանը և այն դիտարկի որպես գործող աշխարհակարգի ուղղությամբ Ռուսաստանի թշնամական մտադրությունների մաս։ Բացի այդ, Ամերիկան պետք է ամրապնդի կապերը Լատինական Ամերիկայի և Ուկրաինայի միջև՝ խթանելով իրական երկխոսությունը, որը կգործի ռուսական պատումներից դուրս: Այո, նման երկխոսությունը չի լուծի բոլոր խնդիրները, բայց այն անհրաժեշտ քայլ է՝ Լատինական Ամերիկյում նոր միջավայր ստեղծելու ուղղությամբ»,- կարծում է փորձագետը։

Ինչպե՞ս է Կենտրոնական Ասիայի երկրներում փոխվում վերաբերմունքը ԱՄՆ նկատմամբ

Ջորջ Մեյսոնի անվան համալսարանից Էրիկ ՄըքԳլինչեյը անդրադարձել է Կենտրոնական Ասիայում իր թիմի կողմից արված հարցումներին։

«Սպասումները, որ Կրեմլի ակտիվ ապատեղեկատվական պատերազմը Կենտրոնական Ասիայում (հաշվի առնելով, որ Ղազախստանի բնակչության զգալի մասը ռուսալեզու է)՝ տարածաշրջանի ժողովուրդներին կտրամադրի ԱՄՆ դեմ, չարդարացան»,- ասում է սոցիոլոգը։

«Ղազախստանի բնակիչների միայն մեկ երրորդն է ԱՄՆ-ին մեղադրում [ուկրաիանական] հակամարտության համար: Այդ մարդիկ, հիմնականում, հեռուստադիտողներ են, ովքեր պարզապես կրկնում են Կրեմլի լրատվամիջոցների թեզերը»,- ընդգծում է հետազոտողը։

Այնուամենայնիվ, ՄըքԳլինչեյը կարծում է, որ Կենտրոնական Ասիայի երկրներում անվստահություն կա տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության նկատմամբ։

«Սա հատկապես վերաբերում է ժողովրդավարության խթանման գործունեությանը, սակայն, կարծում եմ, որ նրանք սակավ կասկածամիտ են, երբ խոսքը վերաբերում է այնպիսի բաներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը: Այս ուղղություններում մեծ խանդավառություն կա ԱՄՆ գործունեության առնչությամբ։ Տարածաշրջանում շատերն են մասնակցել այդ ծրագրերին, որոնք ուղղված են փորձագիտական հանրություններին»,- եզրափակում է Էրիկ ՄըքԳլինչեյը:

XS
SM
MD
LG